Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հաջորդ տարի 10 տոկոսով ավելի վատ ենք ապրելու

Աժ-ի մշտական հանձնաժողովներում պատգամավորները շարունակում են ուսումնասիրել եւ քննարկել հաջորդ տարվա բյուջեի նախագիծն՝ ըստ ճյուղերի: Սոցիալական ապահովության իմաստով որեւէ շոշափելի ակնկալիքներ հանրությունը 2018-ից չունի: Փաստաթղթով փորձ է արվել կիրառել ապագայի համար հիմքեր ստեղծող գործիքներ, ինչը նշանակում է, որ գումարները ծախսվելու են այլ ուղղությամբ: 2018-ի բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվում է 4±1,5 տոկոսի միջակայքում գնաճ, սակայն, «կան ապրանատեսակներ, որոնք այլ վարքագիծ կարող են ունենալ» այսօր Աժ-ում հայտարարեց հանրապետության գլխավոր գանձապահ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ այս պահին հրաժարվելով այս կամ այն փորձագետի գնահատականներին եւ դրանց հիմնավորումներին անդրադառնալ: Նոր թանկացումների կանխատեսումը բխում է ոչ թե փորձագետների համոզմունքներից, այլ՝ կոնկրետ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքից, պնդում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Գլխավոր գանձապահը զերծ մնաց հստակ պատասխանից, փոխարենը շեշտեց, որ հաշվարկների համար ընտրել են լավագույն փորձը եւ կիրառել ելակետային տվյալները, ներկայացնելով բյուջեի օրենքի շրջանակներում: Այսքանով հանդերձ հաջորդ տարվա բյուջեի սոցիալական ուղղվածությունը որեւէ դրական փոփոխություններ չի խոստանում Հայաստանի շարքային քաղաքացիներին: Աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում, ավելին՝ սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտի ֆինանսավորումը նվազելու է: Արտակ Զեյնալյանը «Ելք»-ից միանգամից հիշեց արդյունավետ կառավարման բանաձեւը, համաձայն որի բյուջեի 12 տոկոսից պակաս առողջապահությանը տրամադրելը  բերելու է անարդյունավետության: Այստեղ Ջաջուղազյանին օգնության հասավ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Արդյունքում ստացվեց հետեւյալ բանավեճը: Հաջորդ տարվա համար սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտի հատկացումներին ծանոթանալուց հետո «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բյուջեի հեղինակներին հիշեցրեց Սահմանադրության սկզբունքը, թե Հայաստանը սոցիալական պետություն է եւ ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է: Պատգամավորը պնդում է, որ 2018-ի բյուջեի նախագծով եւ օրեցօր վատթարացող վիճակով ոտնահարվում է երկրի գլխավոր փաստաթուղթը: Գլխավոր գանձապահը, սակայն, չհամաձայնեց պնդումներին՝ դիմելով ազգային վիճակագրական ծառայության թվերին: Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, ով ի դեպ, ժամանակին զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը՝ այս բացատրությունը բավարար չէր: Հատկացումներին ծանոթանալուց հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաեւ հաշվարկներ արեց եւ եզրակացրեց այն, ինչը հանրությանը չի ասվում՝ իրականում հաջորդ տարի 10 տոկոսով ավելի վատ ենք ապրելու: Կառավարության անդամները հակադարձում են, որ ավելի հեռուն գնացող ծրագրեր են իրականացնում, բայց փաստացի ստացվել է այնպես, որ կենսաթոշակները Հայաստանում վերջին անգամ բարձրացել են 2015 թվականին: Բյուջետային քննարկումների ողջ օրերի ընթացքում պարզ է նաեւ, որ նոր բարձրացում առաջիկա 3 տարվա համար նույնպես նախատեսված չէ:

Հայաստանի հանրային ռադիո