Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Համահայկական նվագախումբն արդեն իրողություն է

Հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնցից շուրջ 70-ը՝ աշխարհի 20 այլ երկրներից։ Նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Համահայկական նվագախումբը ( All Armenian Orchestra ) դարձավ իրողություն: Երաժիշտները Երևանում են, միմյանց հետ ծանոթացել ու անցկացրել են առաջին փորձերը: Համահայկականի առաջին համերգը կկայանա ապրիլի 24-ին, Օպերային թատրոնի դահլիճում։ Աշխարհի տարբեր անկյուններից հայրենիքում համախմբված երաժիշտները կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:   Համահայկական նվագախումբը, որը, մաեստրո Թոփչյանի բնորոշմամբ, սկզբում թվում էր դժվար իրագործելի գաղափար, այսօր արդեն փորձեր է անում, իսկ երկու օր անց հանդես կգա Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և հայության վերապրումին նվիրված համերգով: Աշխարհի 45 քաղաքներից Երևան ժամանած հայազգի պրոֆեսիոնալ երաժիշտներին միացել են հայաստանցի գործընկերները, և առաջիկա համերգին մոտ 90 հոգանոց նվագախմբով հանդես կգան բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Այդ օրը կհնչի նաև Տիգրան Մանսուրյանի՝ մշակույթի նախարարության պատվերով հատուկ Համահայկական նվագախմբի համար ստեղծած «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: <<Սիմֆոնիկ նվագախումբը սովորաբար տևական աշխատանք է պահանջում:  Այդուամենայնիվ, երկու-երեք օրվա փորձերի արդյունքում այսօր մենք լուրջ ձեռքբերումներ ունենք>>,- ասում է  Էդուարդ Թոփչյանը, որը Համահայկականի հինգ դիրիժորներից մեկն է: Նրանց թվում է նաև Կարեն Դուրգարյանը, որի համոզմամբ, Երևանում Համահայկական նվագախմբի ծնունդը շնորհավորելու իրական առիթ է։ «Նվագախումբը հավաքվեց Հայաստանում, և սա չափազանց կարևոր է: Դրսից եկած մեր բոլոր գործընկերները շատ ոգևորված են: Ոմանք առաջին անգամ են Հայաստանում: Նրանք ասում են, որ իրենց բախտ է վիճակվել գալ հայրենիք և միաժամանակ վայելել հայ գործընկերների հետ աշխատելու հաճույքը: Ես վստահ եմ՝ եթե այս նվագախումբը տարվա մեջ մի քանի անգամ համախմբվի, մենք կունենանք աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը, որը կծառայի «հայ» գաղափարին՝ ասելով, որ հայն ապրում է արվեստով, նա արվեստի մարդ է և դարեր շարունակ գոյատևել է շնորհիվ այն բանի, որ ունի հզոր մշակույթ»: «Սա ֆանտաստիկ նախագիծ է, որովհետև հավաքել է մեզ տարբեր երկրներից: Հանդիպել են մարդիկ, որոնք երկար տարիներ չեն շփվել: Բոլորս շատ հուզված ենք, շոյված »,- սա էլ նվագախմբի կոնցերտմայստեր Արմեն Մովսիսյանի կարծիքն է: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր խոսքում նշեց, որ  նախագծում համախմբվել են աշխարհահռչակ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրն իր ապրած երկրում ունի մեծ համբավ ու ճանաչում, և այսօր նրանք հավաքվել են Երևանում գենետիկ արյան կանչով: «Առաջին իսկ փորձի ժամանակ ես լսեցի փառահեղ մի նվագախմբի հնչողություն, այնպիսի մի հնչողություն, ինչպիսին երկար տարիներ չէի լսել և ոչ մի տեղ: Չեմ կարող բացատրել, թե ինչով էր դա պայմանավորված։ Թերևս նրանով, որ երաժիշտները հավաքվել են արյան կանչով կամ միասնականության գաղափարով… Մենք ծրագրում ենք նվագախմբի հետագա համերգները հայաշատ տարբեր գաղօջախներում: Իսկ այսօր  համոզված եմ, որ մեր հայրենակիցներն այստեղից կհեռանան իրենց վերականգնված ու վերագտնված գենով, այն գենով, որը մշտարթուն է պահելու արտասահմանում ապրող ցանկացած հայի»,- ասաց Արմեն Ամիրյանը: Մենք գնում ենք դեպի վերածնունդ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանի խոսքով՝ Համահայկական նվագախմբի գոյությունն արդեն ապացույց է, որ դժվարագույն պատմական ուղի անցած հայ ժողովուրդն ի զորու է ոտքի կանգնելու և առաջ նայելու:

Հայաստանի հանրային ռադիո