Համահայկական սիմֆոնիկ նվագախումբն արդեն իրականաություն է
Համահայկական նվագախմբի ( All Armenian Orchestra ) գաղափարն արդեն իրականություն է դառնում: Նվագախմբի ստեղծման նպատակը Հայաստանի սահմաններից դուրս ապրող և ստեղծագործող հայ երաժիշտներին համախմբելն է: Առաջին համերգը նախատեսվում է 2017թվականի ապրիլի 24-ին։ Համահայկական նվագախումբը համերգներ կունենա նաև արտերկրում: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն այսօր խոսել են նվագախմբի ստեղծման ուղղությամբ իրականցված քայլերի մասին: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ձևակերպմամբ` համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում մեր միասնականության խնդիրն է դրված։ «Որպեսզի կարողանանք մեկ նվագախմբի, մեկ երաժշտության շուրջ համախմբել աշխարհով մեկ սփռված հայերին»,- ասաց Արմեն Ամիրյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքով՝ շուրջ երկու տասնյակ երկրներից հայազգի արվեստագետների անուններն արդեն նվագախմբի երաժիշտների ցանկում են: «Նման կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում ապրող հայ երաժիշտներին համախմբելը դժվար է, որովհետև յուրաքանչյուրն ունի իր ծրագրերը, սակայն երբ լսում են գաղափարի մասին, անպայման արձագանքում են: Նվագախմբի երաժիշտների հարցը շուրջ 70 տոկոսով լուծված է, այս պահին փորձում ենք լուծել մենակատարների հետ կապված խնդիրները»: Ինչպես վերը նշվեց համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում դրված միասնության խնդիրը: Համահայկական միասնության գաղափարից է ծնվել նաև որոշումը՝ նվագախումբը կղեկավարեն երեք դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը և Կարեն Դուրգարյանը: «Համերգային ծրագրում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատուրյան, Ավետ Տերտերյան, Էդուարդ Միրզոյան և այլն: Մենք նաև պատվեր ենք ձևավորել, որը կիրականացնի մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Ստեղծագործությունը նվիրված կլինի ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Ես կարծում եմ, որ հենց այդ հերոսականությամբ պետք է եզրափակել ապրիլ քսանչորսյան համերգը»,- ասում է մշակույթի նախարարը։ Ի դեպ՝ դեկտեմբերի 24- ին մշակույթի նախարարությունը հայտարարում է Շնորհակալության շաբաթ։ Մշակույթի նախարարությունը հայտարարում է նաև վիրտուալ տարածքում հայատառ գրելու շաբաթ: Նախարարության ֆեյսբուքյան էջի համապատասխան հատվածում մրցույթի մասնակիցները կարող են թողնել իրենց շնորհակալության հայատառ գրառումները: Լավագույն գրառման հեղինակը կստանա հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոս, որը, ըստ նախարարի, հայատառ գրելուն հարմարեցված թերևս լավագույն հեռախոսն է:
Հայաստանի հանրային ռադիո