Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ է հանդիպել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրասուա Շարպանտիեն: Հանդիպման թեման՝ Ֆրանսիայի ազգային տոնն էր, բայց ինչպես եւ սպասվում էր, հիմնական շեշտը դրվեց քաղաքական խնդիրների, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ֆրանսիա փոխհարաբերությունների վրա: Չորս տարի առաջ Հայաստանն անավարտ թողեց ԵՄ հետ տարվող բանակցությունները եւ շրջվեց դեպի ԵԱՏՄ: Հայաստան-ԵՄ համագործակցության էջը, սակայն, չփակվեց: Այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովի  ժամանակ նախատեսված է ստորագրել Հայաստան-ԵՄ նոր իրավական համաձայնագիրը: 2013-ի պատմությունն այլեւս չի կարող կրկնվել՝ սա փաստում են Հայաստանի արտգործնախարարության ղեկավարները: Ճիշտ է, այս հարցում որոշակի զգուշավորություն դեռ փորձում է պահպանել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Տվյալ փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է, կապրենք՝ կտեսնենք»: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հարցի առնչությամբ խոսում է ավելի բաց՝ նաեւ բացելով որոշ «փակագծեր»: «Պայմանավորվածություն ԵԱՏՄ-ի հետ՝ այլ ինտերգրացիոն»: Հայաստան-ԵՄ համաձայնագրում հստակ նշված են համագործակցության եզրերը՝ դա բարեփոխումներն են եւ որոշ հեռանկարային ուղղությունները, որոնց մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրասուա Շարպանտիեն: «Սա այնպիսի Համաձայնագիր է, որի կենսագործումների մեջ շեշտը դրվում է զուտ տնտեսական բնույթի համագործակցությանը: Ուշադրության կենտրոնում են մի շարք ոլորտներ, դա կարող է լինել գյուղատնտեսությունը, տրանսպորտը, դա կարող է լինել առողջապահությունը: Նախաստորագրված այդ Համաձայնագրի մեջ կան նաեւ դրույթներ, որոնք վերաբերում են ծառայությունների մատուցմանը: Այ, սա է կարեւորը:  Կան բազմաթիվ տնտեսական կանոնադրային դրույթներ, որոնք միտված են բարելավելու գործարար մթնոլորտը ԵՄ եւ Հայաստանի միջեւ»: ԵՄ-ը Հայաստանի համար շարունակում է մնալ կարեւորագույն գործընկերը՝ օրեր առաջ Աժ-ում նախորդ տարվա հաշվետվության ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Կոնկրետ Ֆրանսիայի դեպքում Հայաստանի հետ խորը քաղաքական համագործակցությունը դեռեւս իր արտացոլումը չի ստանում առեւտրատնտեսական մակարդակում: Երկու երկրների միջեւ տարեկան երկկողմանի ապրանքաշրջանառությունը կազմում է 50 միլիոն եվրո: Այս թիվը փոխվելու միտում ունի, քանի որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերություններն սկսել են հետաքրքրվել Հայաստանով: Ֆրանսիական կապիտալով 100-ից ավելի ընկերություն արդեն աշխատում է Հայաստանում: Դեսպանը խոստովանում է, որ ֆրանսիական ընկերություններին մինչ այս պահը այդքան չէր հետաքրքրում հայկական շուկան, բայց փոփոխություններ նկատվում են, ասում է. «դրանք լինելու են»: Նոր ընկերությունների հետաքրքրությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի միջոցով դեպի Իրանի եւ ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հեռանկարով, այնպես էլ նոր կառավարության ձեռնարկած բարեփոխումների ծրագրերով: Սրանից, սակայն, ֆրանսիացիները դեռ չեն շտապում ոգեւորվել: «Հիմա պետք է պարզապես մի փոքր սպասենք, թե ինչ պտուղներ կտան ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության մեթոդները եւ, բնականաբար, ինչ արձագանք նրանք կստանան, ինչ տեսանկյունից դրան կմոտենան այն ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են: Գիտեք ինչ, որպեսզի ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում լինի ավելի առարկայական, շոշափելի ու ավելի ընդգծված, պարզ ասած՝ Հայաստան գալ ցանկացողների համար շատ կարեւոր է այստեղ գործունեություն հաստատած ֆրանսիական ձեռնարկությունների արձագանքը՝ իրենք այստեղ լա՞վ են իրենց զգում, աշխատանքները, գործունեությունը հաջողությա՞մբ է ընթանում, այսպես ասենք, Հայաստանում գործող ձեռնարկությունների առողջական վիճակն արդեն լա՞վ է»: ԵՄ հետ լիարժեք համագործակցության առավելությունները, թերեւս, չեն սահմանափակվում տնտեսական ոլորտով: Վերջերս ականատես էինք, թե ինչպես Վրաստանի համար ազատականացվեց մուտքի արտոնագրերի կարգը, որը այդ երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց վիզաների Շենգենի տարածքի երկրներ այցելել։ Այս դեպքում՝ պարզապես նշենք համագործակցության ժամկետները: Եթե 2013-ին Հայաստանը հրաժարվեց կնքել Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը, Վրաստանն այն ստորագրեց մեկ տարի անց՝ 2014-ին: Երկու հարեւան երկրների միջեւ կա եւս մեկ տարբերություն ԵՄ հետ համագործակցության հարցում՝ Հայաստանի դեպքում անընդհատ նշվում է, որ ԵՄ հետ նոր պայմանագրի կնքման ենք գնում որոշակի սահմանափակումներով՝ չվնասելու համար այլ ինտերգրացիոն կառույցների շահերը: Նկարը՝ Մեդիա կենտրոնի

Հայաստանի հանրային ռադիո