Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայաստանի ԱԻՆ-ն այսօր տարածաշրջանի ազդեցիկ համակարգերից է

Այսօր արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է: Օրվա առթիվ ԱԻՆ-ում անցկացվել է տոնական շքերթ, որին ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, արտերկրից ժամանած հյուրեր, դիվանագետներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տոնական միջոցառման շրջանակում նախագահի հրամանագրերով պետական բարձր պարգեւներ են հանձնվել բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ԱԻՆ մի խումբ աշխատակիցների: Տեղի է ունեցել նախարարության տարածքում տեղադրված նոր խաչքար-հուշարձանի օծման արարողությունը, այնուհետեւ հանդիսավորությամբ բացվել է նախարարության 3-րդ հիմնանորոգված մասնաշենքը: Այնտեղ տեղակայված են նախարարության մի շարք ծառայություններ, որոնք մինչ այդ սփռված են եղել մայրաքաղաքի այլ վայրերում: Այսպիսով, ամբողջացվել է «Արտակարգ քաղաքը», որի նպատակը արտակարգ իրավիճակների կառավարման ժամանակակից ու արդյունավետ կառույց ստեղծելն է: «Արտակարգ քաղաքի» տոնական օրվա անցուդարձին հետեւել է «Ռադիոլուր»-ը: Տարեդարձը հարմար առիթ է, եւ ԱԻՆ աշխատակիցները զեկուցում են երկրի քաղաքացիներին ու ղեկավարությանը կատարած աշխատանքների եւ ձեռքբերումների մասին: 1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվեց արագ արձագանքման փրկարար ջոկատը: Այդպես դրվեց համակարգի զարգացման հիմքը: Հայաստանի ԱԻՆ-ն այսօր արդեն տարածաշրջանի ազդեցիկ համակարգերից է: Հենց այդ մասին է «911» խմբի երգը, որով խումբն այսօր ողջունեց արտակարգ իրավիճակների աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ: Աստվածատուր Պետրոսյանը չի ափսոսում, որ երկար տարիներ նվիրվել է փրկարար ծառայության գործին: Ստեղծման օրից ԱԻՆ-ը մեծ առաջընթաց է ապրել՝ ասաց: Կարծում է՝ ամեն մարդ մի քիչ փրկարար պետք է լինի: Հենց դրա համար էլ կարեւորում է բնակչության շրջանում իրականացվող ուսուցողական աշխատանքները.  «Փրկարարի գործը քիչ կլինի, ինչքան իրազեկված է յուրաքանչյուր մարդ: Հայաստանում գրեթե 37-62 տեսակի աղետներ կան՝ տարերային եւ այլ, դրա համար պետք է խելացի գործել»:Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակից, յուրաքանչյուր դեպքից դասեր են քաղում նաեւ փրկարարները՝ մեզ հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանը: Վերջին գործողությունը, որին մասնակցել են իր ղեկավարած կառույցի փրկարարները Արտավանի հրդեհն է եղել: «5 օր տեւել են հրդեհաշիջման աշխատանքները: 6-րդ օրվա առավոտյան կարողացել ենք մարում տալ: բավականին դժվար էր, բայց բոլոր ուժերի ու միջոցների ներգրավմամբ կարողացել ենք, ի վերջո, հրդեհը մարել: Ամեն ինչ արվել է փրկարար ծառայության կողմից»: Կատարված բարեխիղճ աշխատանքի համար այսօր Տիգրան Պետրոսյանը նախագահի կողմից պարգեւատրվածների թվում էր: Ուղղաթիռի օդաչու Արա Խաչատրյանը Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման գործողություններում է աչքի ընկել:Պարգեւատրվածներ կային նաեւ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարար աշխատանքների ջոկատից: Վարդան Վարդանյանն այդ ջոկատին է միացել երեք տարի առաջ: Փրկարարն ասաց, որ սիրում է իր աշխատանքը՝ պարզ մի պատճառով: «Շատ գովելի աշխատանք է, որովհետեւ կարողանում ենք մարդկային կյանքեր փրկել»: Ի դեպ, Վարդանի ջոկատը միջազգային թիմի անդամ է: Այն մասնակցում է նաեւ միջազգային փրկարարական գործողությունների: Որակավորումը շնորհվել է ՄԱԿ-ի կողմից: Նման իրավունքի համար ջոկատի ողջ անձնակազմը հանձնել է համապատասխան քննություն եւ չի զիջում այլ երկրների համանման կառույցներին:«Մենք միջազգային քննություն ենք հանձնել: Եթե զիջեինք, ապա՝ միջազգային թիմի անդամ չէինք դառնա»: Գեւորգ Խաչատրյանն էր՝ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մարտական պատրաստության գծով պետի տեղակալը: Ասաց, որ իր կարծիքով՝ կարեւոր նշանակություն ունի եւ անհրաժեշտ է, որ փրկարարը լինի լավ մարդ, պատրաստակամ եւ բարոյական բարձր հատկանիշներով օժտված: «Մարդասիրական աշխատանք է սա, ամեն դեպքում»: ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատն օրվա առթիվ արժանացել էր ԱԻ նախարարի պարգեւատրմանը: Ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի խոսքով՝ իրենց աշխատանքում դժվարությունները հեշտ հաղթահարելի են, երբ կա մշտական պատրաստվածություն ու պատրաստակամություն. «Անձնակազմը մշտապես ուսուցանվում է եւ պարբերաբար սովորածն ամրապնդում տարբեր բարդության մարտական գործնական պարապմունքներով: Աստված չանի, որ անհրաժեշտ լինի՝ մենք միշտ պատրաստ ենք ժամանակին եւ արագ արձագանքելու»: Տոնական շքերթն ընդունեց եւ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր ամբողջացվեց «Արտակարգ քաղաքը». բացվեց նախարարության 3-րդ հիմնանորոգված մասնաշենքը: Բոլոր ծառայություններն ու գործակալություններն արդեն մեկ վայրում են: Նաեւ սրանով նշանավորվեց արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց նախարարության տարածքում տեղադրված մարտական գործողությունների եւ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված փրկարարներին նվիրված հուշարձանը: «Որն ինքնըստինքյան փրկավետ խորհուրդն ունի իր մեջ՝ արտահայտված խաչի նշանով: Այս մյուռոնաբույր խաչքարը կլինի ձեր անձնազոհ ծառայության, ձեր ամուր կամքի եւ հայրենասիրության հավաստագիրը»:

Հայաստանի հանրային ռադիո