Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը հանդիպել են հայ- վրացական սահմանագծին

Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու և հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ողջունելով վարչապետ Կվիրիկաշվիլիին՝ ՀՀ նախագահը կարևորել է բարձր մակարդակի կանոնավոր շփումները, որոնք, նրա համոզմամբ, նպաստում են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանն ու հնարավորություն ընձեռում կառուցողական և ջերմ մթնոլորտում քննարկել երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Նախագահ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին ու Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և «Վրացական երազանք» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի նոր խորհրդարանն ու կառավարությունը հետևողականորեն կշարունակեն բարեփոխումների քաղաքականությունը՝ ի նպաստ Վրաստանի հետագա զարգացման և բարգավաճման, ինչպես նաև հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդման: Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ երկու բարեկամ և հարևան պետությունները հետևողական զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ այդպիսով ամուր հիմք ստեղծելով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետն անդրադարձել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում: Վրաստանի վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին նորակառույց սահմանային անցման կետի բացման կապակցությամբ: Նշելով, որ զգալի աշխատանք է կատարվել, Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նրա համոզմամբ, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև հայ-վրացական առևտրատնտեսական փոխգործակցության խորացմանը: Սերժ Սարգսյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ:   Կարեն Ղազարյանի ռեպորտաժը Բագրատաշենի նոր մաքսակետի բացման եւ «Բարեկամության» կամրջի հիմնարկեքի մասին

Հայաստանի հանրային ռադիո