Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 11 տարեկան է

Հունվարի 25-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար տոնական օր է: 2006 թ.-ի այդ օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ճապոնացի ջութակահար Յուկա Ցուբոյի մասնակցությամբ՝ տեղի ունեցավ նվագախմբի առաջին համերգը։ Նվագախմբի հիմնադիրը դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, ով միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների։ Երիտասարդների աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակում կոլեկտիվն արժանացել է երաժշտասեր հասարակության ջերմ ընդունելության և միջազգային ճանաչման։ Բարձր վարպետության համար 2008թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ կոլեկտիվին շնորհվեց պետական կարգավիճակ: Երիտասարդականը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Երաժիշտները ներկայացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի, Իտալիայի, Լիբանանի և շատ այլ երկրների հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն: Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, բազմիցս հանդես է եկել որպես հեղինակավոր միջազգային միջոցառումների պաշտոնական նվագախումբ՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթ (2007թ-ից մինչ օրս), Musica Riva փառատոն (2013թ., Ռիվա դել Գարդա/Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների 9-րդ մրցույթ (2014թ., Ֆոշան/Չինաստան), Al Bustan փառատոն (2014թ., 2015թ., 2016թ., Բեյրութ/Լիբանան) և այլն: Նվագախումբը հանդես է գալիս մի շարք նոր ծրագրերով, բարեգործական համերգներով: 2010թ.-ից Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, իսկ 2013թ.-ից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի է կոչվում Խաչատրյանի միջազգային ամենամյա փառատոնը: Երիտասարդական նվագախումբը տարեկան ունենում է մոտ 60 համերգ և ծրագրային ոչ մի կրկնություն։ Նվագախումբը մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով՝ հայաստանյան հանդիսատեսին ներկայացնելով հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, համերգներ է ունենում մարզերում, աշխատանքներ տանում մարզերի երաժշտական դպրոցների սաների հետ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում ստեղծվել և ակտիվ գործունեություն են ծավալում մի շարք անսամբլներ՝ «Օտրի Տրիո», փայտափողային կվինտետը, Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը, Աբգար Մուրադյանի անվան դուետը, Սարյանի անվան լարային քառյակը և այլն։ Այս ամենին զուգահեռ նվագախմբի նվաճումներից է Հայաստանում պատանիների և երիտասարդների շրջանում դասական երաժշտության տարածումը։ Նվագախմբի մի շարք նախագծերի շնորհիվ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսել հաճախել դասական երաժշտության համերգներին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 2015թ.-ին ստեղծվեց և ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ելույթ ունեցավ «24/04» համաշխարհային նվագախումբը, իսկ 2016-ի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին, ՀՀ-ից և Արցախից շուրջ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտների համախմբող «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախումբը։ [b]HayNews.am[/b]

HayNews.am