Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը՝ Արցախում

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր  այցելել է Արցախ: Գործնական հանդիպումների շարքը սկսվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի  հետ հանդիպումից: Ինչպես ԼՂՀ նախագահի աշխատակազմն է տեղեկացնում, հանդիպմանը քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետեւողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ եւ ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը: Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան, որով նա պարգեւատրվել էր ս.թ. օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: Հանդիպմանը մասնակցել են  ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այսօր գործնական մեկ այլ հանդիպում կայացել է ԼՂՀ արտգործնախարարությունում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալԿարեն Նազարյանին, ով, ըստ պաշտոնական տեղեկատվության,  Ստեփանակերտ է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  քաղաքական խորհրդակցություն անցկացնելու նպատակով։ Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքական բնագավառում երկու նախարարությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող խնդիրները, մտքեր փոխանակել ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։ Վաղը քննարկումներ են նախատեսվում նաեւ գործադիր մարմինների մակարդակով , իսկ հետկեսօրին  ՀՀ եւ ԼՂՀ վարչապետները հանդիպելու են նաեւ լրագրողների հետ: Այսօր  Արցախում է գտնվում նաեւ ՀՀ Աժ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները:Պատգամավորները իրենց հանդիպումներն Արցախում սկսել են առաջնադիրքից, այսօր նրանք այցելել են զորամասեր, եղել են Մարտակերտի շրջանում, զրուցել ապրիլյան ռազմագործողությունների արդյունքում տուժած համայնքների ղեկավարների հետ:  պաշտոնական հանդիպումները նախատեսված են վաղը եւ կիրակի օրը:

Հայաստանի հանրային ռադիո