Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայաստանում ելույթ ունենալն ինձ համար միշտ տոն է. Մաքսիմ Վենգերով

Հուլիսի 12-ին կամփոփվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել էր հուլիսի 4-ից: Միջազգային առաջին մրցույթ-փառատոնի շրջանակներում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Լրագրողների հետ զրույցում ջութակահարը նշել է, որ «Արմենիա» փառատոնն իր տեսակով եզակի է, քանի որ այն ճանապարհ է հարթում երիտասարդների համար։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն էլ համոզված է, որ կգա ժամանակ, երբ երիտասարդ կատարողները կհպարտանան, որ մասնակցել են այս մրցույթին։     Մաքսիմ Վենգերովի այցը Հայաստան երեւույթ է եւ իրադարձություն, գնահատականը Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին  է:  Նույն պահին էլ աշխարհահռչակ ջութակահարը հավելում  է,  իր համար մեծ պատիվ է հանդես գալ արեւոտ ու  մշակութային Հայաստանում, քանի որ հայ ունկնդիրն ուրիշ է՝ անչափ զգացմունքային:  Երաժիշտն արդեն  երրորդ անգամ  է այցելում մեր երկիր: «Նախորդ անգամ Հայաստանում կայացած մեր համերգին այնպես էին ծափահարում, ասես ռոք համերգ լիներ: Այնպես որ, ինձ համար միշտ տոն է Հայաստանում ելույթ ունենալը»: Աշխարհահռչակ երաժշտին երիտասարդները շատ  են  ոգևորում, ասում է, որ նրանց մեջ այնքան  էնտուզիազմ ու Էներգիա  կա, որ քեզ այլ բան չի մնում, քան վարակվել նույն այդ էներգիայով: Վաղը կայանալիք համերգին Վենգերովը կկատարի Բրամսի «Ջութակի կոնցերտը»։ Նա այս գործը տարբեր բեմերում կատարել է ավելի քան 30 անգամ, բայց, նրա հավաստմամբ, սա այնպիսի ստեղծագործություն է, որ յուրաքանչյուր անգամ նոր շերտեր ես բացահայտում: Հարցին, թե ինչու երբևէ չի կատարել Արամ Խաչատրյանի հանրահայ ջութակի կոնցերտը, պատասխանում է հումորով. «Ամեն ինչ առջևում է, քանի որ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» ջութակի համար նախատեսված աշխարհի լավագույն 10 ստեղծագործությունների շարքում է»: Հայաստանը  Վենգերովն ասոցացնում է նաև անվանի հայ դաշնակահար Վահագն Պապյանի հետ, քանի որ երկար ժամանակ  ուսանել է  նրա մոտ: Ասում է, որ  Պապյանն ավելին է, քան երաժիշտ, ընկեր  էր  ու եղբայր: Անկեղծանում է՝ Պապյանի շնորհիվ  եմ կանգնել  դիրիժորական վահանակի առջև, քանի որ, նրա համոզմամբ,  դիրիժոր լինելը հնարավորություն է տալիս երաժշտությունը մեկ այլ կողմից տեսնել ու ընկալել: Երաժշտությունը Վենգերովի համար քաղաքականությունից վեր է։ Երաժշտության լեզուն էսպերանտո է, ասում է նա։ Երաժշտության լեզվով կարելի է փոխանցել յուրաքանչյուր զգացմունք։ Աշխարհահռչակ երաժիշտը պատմեց, թե ինչպես է մի քանի անգամ կորցրել Ստրադիվարիուսի իր ջութակը.  մեկ անգամ մոռացել է գնացքում, երկրորդ անգամ՝ մինչեւ գնացք նստելը, հետո իջել, 20 րոպե հետ է վազել ու վերցրել այն։ Իսկ երրորդ անգամ ջութակը մոռացել է ռեստորանում։ Բարեբախտաբար, այս անգամ եւս այն գինվել է։

Հայաստանի հանրային ռադիո