Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ամստերդամում

Նոյեմբերի 13-ին Ամստերդամի համալսարանի Հատուկ ժողովածուների թանգարանի սրահում տեղի ունեցավ հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյա հոբելյանին նվիրված խորհրդաժողով, որն էլ տվեց երկշաբաթյա ցուցահանդեսի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների քաղաքական, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ, երկրի տարբեր եկեղեցական կառույցների առաջնորդներ: Ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Վահան Ավագյանը՝ Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու վարչության անունից, Ամստերդամի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Խերտ տեն Դամը, Հատուկ հավաքածուների թանգարանի տնօրեն Ստեֆ Սխոլտենը և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Հայ տպագրության պատմության շրջադարձային էջերից մեկին նվիրված հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ ուղերձն ընթերցեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որում, մասնավորապես, ասված էր.«Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը խորհրդանշական է նաև նրանով, որ այն իրագործվեց հայ ժողովրդի լուսավորման գործին լծված մի խումբ նվիրյալների անշեղ ջանքերի շնորհիվ: Սուրբ թարգմանիչ վարդապետների պատգամին հավատարիմ՝ նրանք հայ ժողովրդի բարօրությունն ու առաջընթացը տեսնում էին կրթության և գիտության մեջ: Եվ այդ արժեքները երբեք չեն կորցնելու իրենց արդիականությունը մեզ համար»: Դեսպան Աղաջանյանն, իր հերթին, ընդգծեց հոբելյանի խորհրդանշական իմաստը, մասնավորապես, հայ ինքնության պահանման տեսանկյունից: Նիդերլանդներում Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական փոխանորդ պատվիրակ Հայր Արեն վարդապետ Շահինյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հոբելյանի առիթով հղած կոնդակը: Ելույթով հանդես եկավ նաև Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցությունը ներկայացնող Յոել Ֆորդեվինդը: Աստվածաշնչի տպագրության պատմության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Աննա Մաթարը: Խորհրդաժողովի ավարտին հիմնական բանախոսները, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի առաջնորդությամբ, մարեցին «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» նամականիշը: Տեղեկանք. Միջոցառումը կազմակերպել էր Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Ա ռաքելական եկեղեցու վարչությունը, Սուրբ Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրինությունը՝ Ամստերդամի համալսարանի հատուկ ժողովածուների թանգարանի հետ համատեղ՝ ՀՀ մշակույթի նախարարության և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Հայաստանի հանրային ռադիո