Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայոց բանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է. Բանակի օրը ավանդական այց Եռաբլուր (լրացված)

տեղադրվել է ժամը 11։36- ին լրացվել է ժամթ 15։49- ին Հայոց բանակի կազմավորման 25-­րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հայոց բանակի 25-ամյակի առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ բարձրաստիճան այլ հյուրեր: Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:   Տոնական այս օրը նախեւառաջ միմյանց շնորհավորելու առիթ է եւ դա էին առաջին հերթին անում «Եռաբլուր» այցելած բազմաթիվ ազատամարտիկները, ԵԿՄ անդամները, ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի ներկայացուցիչները: Հայկական զինված ուժերը ստեղծվել եւ կայացել են պարտադրված պատերազմի պայմաններում եւ Հայոց բանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է՝ մեզ հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Մեր բանակը բացարձակ հաստատություն է եւ վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը՝ մեզ հետ զրույցում ասաց նախկին ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Մայիս Դավթյանը՝ Չաուշը: Նա նկատեց, որ բանակի թերությունների մասին հաճախակի են խոսում մեզանում, սակայն այդ նույն խոսողներն իրենք են ապրում թերություններով ու ավելացնում դրանք։ «Ամեն մարդ պիտի զգա, որ իր արարքներով բարձրացնում է հայրենիքը, բարձրացնում է բանակը եւ այդպես ավելի լավ կլինի, քան խոսելով ու քննադատելով, սակայն, իր արարքներով ավելի շատ թերություններ ավելացնի: Բանակը մեր երկրի միակ կառույցն է, որ ոչ մեկը չի կարող նույնիսկ վատ բառ ասել. այն մեր հպարտությունն է, մեր հզորությունը, մեր վաղվա երաշխիքը. ապագայի ավելի հզորացման երաշխիքը»: Անցած 25 տարիներին անառարկելիորեն Հայոց բանակն ունեցել է մեծ ձեռքբերումներ: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքով՝ աշխարհի ամենահզոր պետությունների բանակներում անգամ կան բացթողումներ եւ չի կարելի խոսել միայն մեր զինված ուժերում նկատվող թերությունների մասին: «Բացթողումներ կլինեն եւ կշտկվեն: Ապրիլյան օրերն էլ մեզ բոլորիս համար դաս է եղել ու միայն բանակի համար չէ, թե՛ թիկունքը, թե՛ պաշտպանության բանակը, թե՛ Հայաստանի զինված ուժերը այդ բացթողումների մասին գիտեն եւ մենք այդ բացթողումներն արդեն իսկ լրացրել ենք, դեռ մի բան էլ ավելի ու այսօր եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի զինված ուժերը պատրաստ են ցանկացած ոտնձգության դեմն առնել»: Հայաստանի եւ Ղարաբաղի բոլոր տարածքներն անվտանգ են եւ այդ անվտանգությունը պաշտպանում եւ ապահովում են հայկական զինված ուժերը՝ վստահեցրեց ԼՂՀ ԱԽՔ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Բանակն այսօր աներկբա կայացած արժեք է՝ այս ձեւակերպմամբ օրվա խորհրդին անդրադարձավ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը: Մեր լինելիության խնդիրը, ապագային միտված բոլոր քայլերը պետք է լինեն հզոր, կայացած, հասարակության կողմից ամենայն լրջությամբ արժեւորված եւ ընունված բանակը՝ ասաց նա։ «Բոլոր կարգի հաղթանակներն այսօրվա պայմանավորված են բանակի իրողությամբ եւ բանակի հիմքը հանդիսացող երկրապահական շրջանակներով՝ այն կռվող տղաներով, որոնք այստեղ պառկած են: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ մեր բանակին»: Բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելած  «Երկրապահների միության» ղեկավար Մանվել Գրիգորյանն ասում է. «Այն տղաները, ովքեր իրենց կյանքն են տվել մեր անկախությանը, պետականությանը, բանակաշինությանը եւ էսօր երկնքից են նայում՝ հպարտանում են, որ այսօր ունենք իրոք մարտունակ բանակ, մեր սահմանները պաշտպանված են, ոտնձգություններն էլ որեւէ դեր չեն կարողանում խաղալ: Մեր զինվորը, բոլորս միասնական ենք եւ ամուր պաշտպանում է մեր երկիրն ու անկախությունը: Բոլորին շնորհավորում եմ»: Հիշեցնենք, որ Հայաստանում հունվարի 28-ը որպես բանակի կազմավորման օր համարվեց այն բանից հետո, երբ 1992 թվականի այս նույն օրը կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և ինքնապաշտպանական վաշտերը։ 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կանոնավոր բանակ։

Հայաստանի հանրային ռադիո