Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հայրենադարձության կոչ՝ աշխարհասփյուռ հայությանը. կայացավ «Քեզ եմ երգելու»-ի շնորհանդեսը

«Հայրենադարձության կոչ»՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը. «Քեզ եմ երգելու» վերնագրով իրենց ստեղծագործությունը հենց այսպես են ներկայացնում երգի հեղինակներն ու կատարողները: Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը: Պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի  երգի տեսահոլովակի շնորհանդեսի մանրամասները ռեպորտաժում: «Որպես հայրենադրաձության կոչ սա կարող է անել ավելին, քան պետական քարոզչամեքենան: Սա զրույց է  սրտի հետ, երբ մարդու մեջ արթնանում է իր ինքնության գիտակցությունը, երբ երակներում զգում է իր նախապապերի արյան հոսքը, և ինչպես ժամանակին ասում էր Կոմիտասը. «Պանդուխտին տուն բերելու որոշումին կբերե»,-  պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի  մասնակցությամբ նոր երգի ու տեսահոլովակի վերաբերյալ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի կարծիքն է: Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վաչության պետ Արմինե Ղազարյանը  նախագիծը բնորոշեց խենթություն, որի հզոր ուժը տեսանելի կլինի ապագայում: «Քեզ եմ երգելու»  տեղծագործության  ուժը, գուցե, տեսանելի կլինի ապագայում, իսկ «Երևան դարձած իմ Էրեբունի» երգի հզոր ուժի մասին այսօր վկայեց Անդրե Սիմոնյանը: «Առաջին անգամ  Հայաստան եկա պապիկիս տեսնելու նպատակով: Դա 1996 թվականի սեպտեմբերն էր: Հանրապետության հրապարակում բազմաթիվ երիտասարդներ երգում էին «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ պատրաստվելով  սեպտեմբերի 21-ին: Նրանց չէի տեսնում, միայն լսում էի, որովհետև շատ մութ էր: Ինձ թվում է՝ հենց այդ գիշեր սիրահարվեցի Հայաստանին: Տասը տարի շարունակ Անգլիայից Հայաստան էի գալիս որպես զբոսաշրջիկ: Պապիկիս երազանքն էր, որ նրա թոռներից մեկն ապրի Հայաստանում ու այստեղ շարունակի իր ուղին: Նրա  մահից մեկ տարի անց  ես տեղափոխվեցի ու արդեն 11 տարի ապրում եմ Հայաստանում»: Անդրեի խոսքով,  երգը կարծես իր անցած ուղու մասին է, և այն կատարելը զգացմունքներն արտահայտելու  հրաշալի հնարավորություն էր: Երգչուհի Սիպիլի զգացմունքները հասկանալու համար, ինչպես ինքն է նշում , սփյուռքահայ լինելը քիչ է, պետք է լինել հենց պոլսահայ, որի մանկությունը լի է եղել «ինչուներով»:  Ինչու՞ փողոցում հարազատների ու բարեկամների հետ չի կարող խոսել հայերեն, ինչու՞ տանը հեռուստատեսությամբ չի կարող հայերեն հաղորդումներ դիտել և այլն: «Այսպես փակ մեծացա ու ԱՄՆ-ից եկած փոքրիկ ձայներիզն առիթ դարձավ, որ սիրահարվեմ հայ  երգին»,-պատմում է Սիպիլը: «Չեք պատկերացնում մեր ուրախությունը, երբ արբանյակային կապի շնորհիվ թուրքական հեռուստատեսությամբ առաջին անգամ հայկական երգեր լսեցինք: 2001 թվականին առաջին անգամ այցելեցի Հայաստան:  Հանրապետության հրապարակում Անկախության տոնին նվիրված միջոցառմանն ականատես եղա: Զմայլված էի, աչքերս անընդհատ թաց էին: Երազում էի, որ մի օր այդ բեմում եյուլթ կունենամ: Ուղիղ տասը տարի անց երազանքս իրականացավ: Մի օր էլ մտածեցի՝ ինչը՞ կարող է ինձ երջանկացնել: Հասկացա, որ  երգելը, այն էլ՝ հայերեն լեզվով երգելը»: «Ես հետևեցի սրտիս ձայնին և դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր»,-ասում է  Սիպիլը: Ինչպես նա, այնպես էլ Անդրեն, հավատում  են, որ  իրենց երգն էլ շատերի համար տունդարձի որոշման առիթ կդառնա:

Հայաստանի հանրային ռադիո