Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ հերթական այցի օրակարգում

Տարածաշրջանային այցով արդեն Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին,  Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ «Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր», հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ասված է հաղորդագրությունում: Մինչ այդ՝ միջնորդները Երևանում  հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Ինչ նպատակով են միջնորդները ժամանել տարածաշրջան ու որքանով կհաջողվի հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը լուծել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ: Ըստ էության՝ Արցախի նախագահն ասել է այն, ինչի մասին տեղյակ կլինեին միջնորդները, եթե հետաքննության մեխանիզմները ներդրված լինեին: Թեև նախորդ տարվա ապրիլից հետո կողմերը պայմանավորվել էին  ներդնել այդ հետաքննության մեխանիզմները, սակայն Բաքուն հրաժարվում է հանձնառությունից: Այդուհանդերձ՝ մինչ այդ՝ միջնորդները պնդում էին դեսպան Կասպրշիկի աշխատակազմը 7-ով ավելացնելու հարցի կարևորությունը: Ինչքանո՞վ են այդ նպատակին մոտեցել համանախագահները տարծաշրջանային այս այցով: Ըստ այդ՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի միջնորդների այցը փխրուն խաղաղությունը պահելն է. «Փորձում է փխրուն կայնությունը պահել»: Իրականում Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացումը ոչինչ չի տա` նախահարձակ կողմին բացահայտելու ուղղությամբ: Ոչ թե թվաքանակը պետք է ավելացնել, այլ՝ լիազորություններն ընդլայնել, ինչը հնարավորություն կտա հասցեական խոսել որևէ միջադեպից հետո՝ ասաց Լարիսա Ալավերդյանը: Սակայն մի փոքր խորը մտածելուց հետո բնականաբար հարց է առաջանում, իսկ ի՞նչ կտա միջադեպից կամ ռազմական գործողություն սկսելուց հետո նախահարձակ կողմի բացահայտումը: Այստեղ թերևս ավելի կարևոր է նախապես տեղեկանալ հակառակորդի սպասվող գործողությունների մասին ու փորձել կանխել հարձակումը մինչ այն սկսելը, հետևել զորքի ու զենքի տեղաշարժին: Այս հարցում շատ օգտակար առաջարկ է հնչեցրեց հայկական կողմը՝   ընդգծեց Հայաստանի առաջին օմբուդսմենը. «Կարելի է տիեզերքից վերահսկողություն իրականացնել, քանի որ միջազգային իրավունքը նաև տիեզերքին է վերաբերում»: Իսկ որքանո՞վ է դա իրագործելի միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց, որ այսպես թե այնպես կան պետություններ, որ վերահսկողություն են իրականացնում տիեզերքից հետախուզական նպատակներով,  բայց դա որևէ ազդեցություն չի կարող  ունենալ իրավիճակի պարզաբանման վրա: Արցախյան խնդում հարցն այլ է, կարևոր է հասկանալ, թե ինչի համար է իրականացվելու այդ վերահսկողությունը. պարզապես  հսկողությա՞ն, թե՞  իրավական հետևանքի համար՝ հստակեցրեց միջազգային իրավունքի մասնագետը: Մինչ հայկական կողմն ու միջազգային հանրությունը փորձում է հետաքննության մեխանիզմներ ներդնել,  պարզելու, թե որ կողմն է նախահարձակ լինում, Բաքվից Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում: Վկայակոչելով Սանկ Պետերբուրգում  և Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նա նշել է, որ քննարկվել են բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու մասին հարցեր: «Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ճանապարհները: Ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ժամանակը փոխելու ստատուս քվոն: Նախագահները և համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,- ասել է Մամեդյարովը։ Իսկ ահա ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի Դավիթ Բաբայանը հստակեցնում է, որ այս պահին բանակցությունների նպատակը հակամարտությանն գոտում խաղաղության եւ կայունության ապահովումն է.«Ընդհանրապես, մենք պետք է միշտ բանակցային գործընթացը դիտարկենք 2 հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորման, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում: Բուն կարգավորման համար դեռևս երկար ճանապարհ պետք է անցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն գրեթե իրարամերժ մոտեցումներ. հատկապես Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ հույս չի ներշնչում, որ շուտափույթ կամ մոտ ժամանակներում կլինի կարգավորում: Դրա համար հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա,- ասել է Դավիթ Բաբայանը:

Հայաստանի հանրային ռադիո