Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ՀՀ խորհրդարանը կքննարկի եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը

Երկարատեւ քննարկումներից, բանավեճերից հետո Աժ լիագումար նիստի օրակարգ մտավ եզդիների ցեղասպանությանը դատապարտող հայտարարության նախագիծը։ Այսօր այն քննարկման առարկա էր դարձել խորհրդարանական հանձնաժողովներում: Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախաձեռնած վայրագությունների արդյունքում սպանվեցին եւ գերեվարվեցին հազարավոր եզդիներ: Անգամ այսօր հայտնի չէ զոհերի իրական թիվը: Հայաստանի խորհրդարանում փորձում են խնդրին մոտենալ այնպես, որպեսզի այն չվնասի ոչ հայ, ոչ եզդի ժողովուրդներին: Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանն այսօր Աժ-ում հանձնաժողովից հանձնաժողով էր գնում իր համար կարեւորագույն հարց ներկայացնելու համար: Նախորդ գումարման Աժ-ից դեռեւս խմորվում էր Հյուսիսային Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների ցեղասպանության դատապարտման բանաձեւի ընդունման հարցը: Այն հասունացավ միայն այս գումարման խորհրդարանում եւ այսօր արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովներում համապատասխան հայտարարության տեքստը դրական եզրակացության արժանացավ եւ մտավ լիագումար նիստի օրակարգ: Հենց այս հարցը ներկայացնելու համար գլխավոր զեկուցող է ընտրվել Ռուստամ Մախմուդյանը: Եզդիների ցեղասպանության բանաձեւեր եւ հայտարարություններ ընդունել են ԵԽԽՎ-ն, ԱՄՆ Կոնգրեսը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի Համայնքների պալատները, Ֆրանսիայի Սենատը եւ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Մեզ մոտ նախորդ խորհրդարանում հարցի ջատագովն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Նոր տեքստի հեղինակն արդեն  հանրապետական խմբակցության պատգամավորներն են: Փաստը, թերեւս, ի ցույց է դնում խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը քննարկվելիք հարցի վերաբերյալ: Եզդիների ցեղասպանությանն առնչվող հայտարարությունը, սակայն, կուսակցական պատկանելիության խնդիր չունի:  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան  եւ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան: Հարցի քննարկումը Հայաստանի խորհրդարանում արդեն հստակեցված է, մնում են խմբագրական շտկումները՝ հետագայում ոչ հայ համայնքի, ոչ էլ ընդհանրապես եզդի ժողովրդի իրավունքներն Իրաքում չվնասելու համար: Այս հարցերին հատկապես ուշադրություն հրավիրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Իրաքի Հանրապետության ղեկավարությունը տեղյակ է Հայաստանի խորհրդարանում մեկնարկած գործընթացից: Իրաքի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի պատվիրակությանը հայաստանյան այցի ժամանակ ներկայացվել է խնդիրը։ Վերաբերմունքը դրական է: Իսկ Հայաստանի արտգործնախարարության վերաբերմունքը գործընթացի առնչությամբ խորհրդարանին փոխանցեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Արտգործնախարարության համար նաեւ կարեւոր է նրբանկատ ձեւակերպումը՝ մեղադրանքներում Իրաք պետությանը չներքաշելու համար: Հայտարարության տեսքի հեղինակները խոստացան մինչեւ լիագումար նիստ փոփոխել նախնական տեքստը եւ հաշվի առնել երկու հանձնաժողովներում հնչած բոլոր առաջարկությունները:

Հայաստանի հանրային ռադիո