Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ՀՀ վարչապետն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին: Վարչապետը ողջունել է տիկին Դըֆրենյի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր  խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ և ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարևորում է նաև «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության և հայ-բելգիական առևտրային պալատի գործունեությունը: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքա­բա­նության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպա­սար­կի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի բնակչությանը։ Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի և իր երկրի  միջև առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի: Քրիստին Դըֆրենյն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական միություն կապերի ընդլայնման գործում և ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են ՀՀ-ի հետ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար: Զրուցակիցները կարևորել են «Brussels Airlines» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը: Կարեն Կարապետյանը և Քրիստին Դըֆրենյն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Վարչապետը կարևորել է ԼՂ հարցի վերաբերյալ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ համահունչ ԵՄ ընդհանուր մոտեցումներին, ինչպես նաև ողջունել Բելգիայի խորհրդարանականների այցերը Արցախ: Կարեն Կարապետյանը բարձր է գնա­հատել այն փաստը, որ դեռևս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճա­նաչման բանաձևը և ավելացրել, որ 2015-ին Ներկայա­ցուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Տիկին Դըֆրենյն ընդգծել է, որ Բելգիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովումը:  

Հայաստանի հանրային ռադիո