Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հնարավոր է տարբեր շահերի համադրմամբ խոշոր ծրագրերում հասնել հաջողության

Հայաստանը միշտ էլ առաջնորդվում է իր շահերով եւ ազնիվ է եղել ե՛ւ Իրանի, ե՛ւ ԱՄՆ-ի հետ: Այս մասին այսօր հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման դեպքում, հնարավո՞ր է, որ Հայաստանն ստիպված լինի ընտրություն կատարել: Ամեն մի երկիր ունի իր պատկերացումները, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք շահագրգիռ ենք մեր հարաբերությունները խորացնել Իրանի հետ և մենք երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը՝ շեշտել է փոխարտգործնախարարը: Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական մակարդակում հարաբերություններն իրենց պատմության մեջ  թերեւս գտնվում են բարձրակետում ու թեպետ հայ-իրանական հարաբերություններում կան նաեւ ռիսկեր, այդուհանդերձ, ժամանակն է վերաթարմացնելու Հայաստանի համար արդիական այնպիսի ծրագրեր, ինչպիսին օրինակ, Իրան-Հայաստան երկաթգիծն է: Նրա համոզմամբ՝ Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների դաշտով պայմանավորված ռիսկերի առկայությամբ էլ հնարավոր է տարբեր կողմերի շահերի համադրմամբ խոշոր ծրագրերում հասնել հաջողության: Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարների մասին խոսելիս՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը լրացուցիչ հնարավորություններ է ստացել՝ Հայաստանի համար արդիական որոշ խոշոր ծրագրերի վրա շեշտադրում կատարելու: «Հատկապես շեշտադրում կատարելու Հայաստանի համար այնպիսի արդիական ծրագրերի վերաարդիականացմանը եւ, ի վերջո, ֆինանսավորման աղբյուրների գտնելուն, ինչպիսին Հայաստան-Իրան երկաթուղին է: Մենք երբեւիցե այս խնդիրը դուրս չպետք է թողենք, առնվազն, մեր քաղաքական օրակարգից, որովհետեւ այս խնդրի միջոցով մենք կարողանում ենք որոշակի ճնշում գործադրել նաեւ տարածաշրջանում մեր հանդեպ, մեղմ ասած, ոչ բարեկամական դիրքորոշումներ ունեցող պետությունների եւ խաղացողների վրա»: Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ կարեւոր մի փաստ էլ պետք է արձանագրել իրանական գազի տրանզիտի խնդրի հետ կապված, որը շատ է չարչրկվել եւ, ինչ-որ իմաստով էլ, նաեւ շահարկվել է: Խնդրին անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի նախագահի՝ վերջին իրանյան այցի ժամանակ: «Իրանցիները փորձում են ճշգրտել հնարավոր այն ուղիները, որոնք կարող են օգտագործվել իրանական գազը Եվրամիության երկրներ հասցնելու համար: Հայաստանի պատասխանն էլ հստակ էր՝ նախագահի մակարդակով հայտարարվեց, որ երբ հարցը գա գործնական փուլ, ապա Հայաստանը, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, անշուշտ կմասնակցի նման ծրագրերին: Այսինքն, իրանցիները մեզ ուղղեցին ազդակ եւ ստացան պատասխան դրական ազդակը»: Իրանից Հայաստանով եւ Վրաստանով ԵՄ երկրներ գազի արտահանման հարցին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաեւ փոխարտգործնախախար Շավարշ Քոչարյանը: Ինչ վերաբերում է խնդրի գործնական դաշտ տեղափոխելուն, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ առայժմ վաղ է դրա մասին խոսելը, քանի որ, իրանցիները նախ սեփական գազային ենթակառուցվածքները արդիականացնելու լուրջ խնդիր ունեն, ինչի համար որոշակի ժամանակահատված է պահանջվում: Դրանից հետո միայն Իրանը կկարողանա գազի արտահանում իրականացնել՝ նկատեց իրանագետը: Նրա դիտարկմամբ՝ հեռանկարային է նաեւ Կատար-Իրան-Հայաստան համագործակցությունը խոշոր Էներգետիկ ծրագրերում: Այս երկրների երկկողմանի հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս ակնկալելու եւ աշխատանքներ սկսելու նաեւ այդ ուղղությամբ, որպեսզի կատարը նույնպես մասնակցի այդ ծրագրերին, քանի որ դրանք կարող են ձեռնտու լինել նաեւ այդ երկրին: Ֆինանսական առումով էլ հսկայական ավելցուկ ունի հենց Կատարի Հանրապետությունը՝ նկատեց վերլուծաբանը՝ կարծիք հայտնելով, որ առկա հնարավորություններն ու գաղափարը առնվազն պետք է քննարկել: «Հայաստան-Իրան հարաբերություններում հեռանկարային են երրորդ կամ երրորդ-չորրորդ կողմերի ներառմամբ ծրագրերը»: Իրանագետի ձեւակերպմամբ՝ հնարավոր ռիսկերն էլ  Հայաստանի տեսանկյունից պայմանավորված են Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների դաշտով: Նրա կարծիքով, սակայն, ընդհանրապես Հայաստանում այդ առումով կան ավելորդ մտավախություններ. «Ասեմ այսպես՝ երրորդ ուժերի՝ տարբեր գործընթացների խառնվելու վերաբերյալ եւ այդ գործընթացները արգելակելու վերաբերյալ»: Հայաստանը միշտ էլ առաջնորդվում է իր շահերով՝ այսօր հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման դեպքում, հնարավո՞ր է, որ Հայաստանն ստիպված լինի ընտրություն կատարել: «Հիշեցնեմ, որ այն իրավիճակը, որ երբ առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ն, նույնիսկ այդպիսի պատկերացում կար, որ կարող է ռազմական գործողություն սկսվել, Հայաստանն այդ ժամանակ էլ որևէ ընտրություն չի կատարել: Մենք ազնիվ ենք եղել մեր տեղում և ունեցել ենք հարաբերություններ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ»: Փոխարտգործնախարարի խոսքով՝ սև ու սպիտակով չի կառուցվում աշխարհն այսօր, առաջնայինն այն է, որ հստակ գիտակցես քո շահերը. «Առաջնայինը սեփական շահերի գիտակցումն է քո երկրի շահերով առաջնորդվելը, մյուս կողմից էլ պահպանելով միջազգային խաղի կանոնները»: Հարցին, թե Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որի ժամանակ ելույթով հանդես եկող Ռոհանին հակաամերիկյան ելույթ է ունեցել: Արդյոք դա չի՞ վնասում հայ-ամերիկյան հարաբերություններին, Շավարշ Քոչարյանն այսպես է պատասխանել. «Ամեն մի երկիր ունի իր պատկերացումները, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք շահագրգիռ ենք մեր հարաբերությունները խորացնել Իրանի հետ և մենք երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը»: Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ գազային ոլորտում խոշոր ծրագրերն իհարկե չեն կարող դուրս մնալ որեւէ կողմի հետաքրքրությունից, բայց, իրանագետը համոզված է, որ կողմերի շահերը համադրելու միջոցով հնարավոր է հասնել հաջողության:

Հայաստանի հանրային ռադիո