Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Հողային օրենսգրքի» տողատակերն ընթեռնելի կդառնան հաջորդ տարի

Նոր առաջարկ կառավարության կողմից . բարեփոխել «Հողային օրենսգիրքը»: Ինչո՞ւ: Քանի որ, ըստ փոփոխության հիմանվորման,  դա պայմանավորված է Սահտմանադրությամբ։ Այն է, 2015 թվականին սահմանադրական փոփոխություններով հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի: Ի՞նչ տողատակեր կան թաքնված նոր առաջարկում, արդյո՞ք չի ոտնահարվում հենց նույն Սահմանադրությամբ ամրագրված մարդու սեփականության իրավունքը, եւ արդյո՞ք անուղղակի չի արգելափակվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց ազգությամբ հայ քաղաքացիների տունդարձի ճանապարհը, եւ ի վերջո, ի՞նչ նոր խնդրի առջեւ կարող է կանգնել հողի սեփականատերը՝ հարցերի պատասխանները փնտրել է «Ռադիոլուր»-ը: Շուտով նորընտիր խորհրդարանականները կքննարկեն  կառավարության առաջարկած «Հողային օրենսգրքի» եւ կից փաթեթների օրենսդրական փոփոխություների նախագիծը: Ըստ դրա՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Խնդիրն ունի երկու կողմ: Իրավապաշտպան, փաստաբան Տիգրան Սարգսյանը կառավարության առաջարկը դիտարկում է իրավական տեսանկյունից՝ արձանագրելով, որ, ըստ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող Հայաստանում օգտվել հողի սեփականությունից։ Իհարկե, կան նաեւ բացառություններ: «Սահմանադրությունը հնարավորություն է տալիս հողի սեփականությունից օգտվել որոշակի կատեգորիայի անձանց, օրինակ՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին: Իսկ գյուղատնտեսական հողերի հետ կապված որեւէ օրենդրական նորմ չկա»: «Եթե մարդը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում է, հետեւաբար ՀՀ քաղաքացի չէ, իսկ եթե քաղաքացի չէ, այո, հողի սեփականության իրավունք չի կարող ունենալ: -Իսկ սա մարդու իրավունքի ոտնահարում չէ: Մարդն ունի սեփականություն: Օտարերկրացիներին հնարավորություն է տրվում ունենալ սեփականություն, բայց անձը որը հրաժարվում է քաղաքացիությունից, բայց ազգությամբ հայ է, չունենա սեփականություն: Ես որպես հայ կցանկանամ, որ հայերն ունենան սեփականություն, բայց որպես իրավաբան, ՍԴ գրված է, որ եթե մարդը քաղաքացի չէ եւ բացառությունների տակ չի մտնում, ինքը հողի սեփականություն չի կարող ունենալ»: Խնդրի դիտարկման երկրորդ կողմը վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, որից դրդված են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում եւ աշխատանքի փնտրտուքի, հաց վաստակելու նպատակով մեկնում արտերկիր եւ դառնում այլ երկրի քաղաքացի: Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանը ցավով է նշում, որ գյուղացիները դռները կողպում են, հողը թողնում անմշակ եւ արտագաղթում: Հետեւանքները տնտեսական առումով են վատ անդարադառնում համայնքի վրա՝ ասում է: Տեղեկացնենք, որ օրենքի նախագծի համաձայն, կարող է նաեւ այդ գույքը դառնա համայնքային սեփականության եւ նախկին սեփականատիրոջը հատուցվի դրա գինը: Այժմ, պաշտոնական տվյալների համաձայն, գյուղատնտեսական հողերի մոտ 30- 40 տոկոսը դեգրադացվել է։ Միգուցե, տոկոսն ավելին է, ու փաստ է նաեւ, որ մշակահողերի կեսից ավելին այժմ պիտանի չէ գյուղատնտեսական նպատակների համար տարիներ շարունակ վարվող ագրարային սխալ քաղաքականության պատճառով։ Իսկ արդյո՞ք օրենսդրական այս փոփոխությունը օտար ափերում աշխատանք գտած մեր հայրենակիցներին չի զրկի հայրենիք վերադառնալու հնարավորությունից։ Այս հարցին հնարավոր կլինի պատասխանել ավելի ուշ, քանի որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անմշակ հողակտորների տերերը դեռ տեղյակ չեն նախագծից։ Ավելին՝  մեր փոքրիկ հարցումները ցույց տվեցին, որ օրինագծին անտեղյակ են հարցված 10 գյուղացուց կեսը, մյուսն էլ՝ լսել էր, բայց սխալ ընկալել: Իսկ թե ովքեր կլինեն սեփականազրկված հողերի նոր սեփականատերերը՝ պարզ կլինի հաջորդ տարի։

Հայաստանի հանրային ռադիո