Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Հրանտ Դինքը այսօր կդառնար 63 տարեկան

Ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակօս»շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 63 տարեկան: Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում՝ Սարգիս եւ Գյուլվարդ Դինքերի ընտանիքում: 7 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որից հետո ծնողները բաժանվում են, իսկ Հրանտը եւ 2 եղբայրները՝տեղափոխվում Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատուն: Սովորել է նախ Պեզճյան վարժարանում, ապա՝ Սուրբ Խաչ դպրեվանքում:  1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Կարճ ժամանակ անց ամուսնացել է Ռաքելի հետ, ով եւս մանկատան սան էր: Զինվորական ծառայությունից հետո, աշխատել է որպես լրագրող: 1996թ. ապրիլի 5-ին Ստամբուլում լույս տեսավ Հրանտ Դինքի հիմնադրած «Ակօս» երկլեզու թերթի առաջին համարը: Այն հայերեն եւ թուրքերեն լեզուներով միակ թերթն է:  Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնեց Հրանտ Դինքը: Հայոց ցեղասպանության հարցում Դինքը հակադրվում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետին, հակադրվում էր բացահայտ՝ մամուլի էջերում: 2005թ. Դինքը դատապարտվեց 6-ամսյա պայմանական բանտարկության՝ տխրահռչակ 301 հոդվածով: Սա մեկն էր նրա դեմ եղած դատական գործերից: Դինքը բողոքարկեց վճիռը՝ հասնելով մինչեւ Եվրադատարան: Վերջինս միայն նրա մահից հետո՝ 2010թ. արդարացրեց Դինքին: Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող նշանավոր հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միեւնույն է, մնում էր հանգիստ։ Նա նպատակ ուներ երկու` հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամությու հաստատել, սակայն նախապես Թուրքիային իր նյութերով ճանաչել տար սեփական պատմությունը: Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ՝ ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում եւ արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Դինքի սպանության դատավարությունը բավականին երկար ու խայտառակ մի գործընթաց է: Թեեւ եղան ցուցմունքներ, որոնք վկայում էին, որ Դինքի սպանությունը նախապես ծրագրված եւ գործողություն էր, որին տեղյակ էին պաշտոնական մակարդակով, սակայն դատական ողջ գործընթացը վերածվեց խայտառակության: Նշենք միայն, որ դատավճիռը եւս Թուրքիայում բողոքի ալիք առաջացրեց, իսկ այս տարվա գարնանը այն բեկանվեց Թուրքիայի վճռաբեկ դատարանում:

Հայաստանի հանրային ռադիո