Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ի սկզբանե էր խոսքը, եւ ռադիոն խոսք է. Հանրային ռադիո- 90

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, գրող- հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանի մանկություն, պատանեկություն   լավագույն հուշերը կապված են  ռադիոյի հետ: 90-ամյա Հանրային ռադիոն շատերի  հուշերում  մնացել է որպես պատի կամ լարային ռադիո: Բայց ռադիոն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը ու մարդկանց ընկեր լինելու սովորությունը։ Այն, որ ռադիոն տարիներ շարունակ եղել է շատերի կյանքի ուղեկիցը, գաղտնիք չէ ոչ մեկի համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկեղծանում է ու շեշտում, որ սա այն հոբելյաններից է, երբ շնորհավորանքները վերաբերում են բոլորիս: «Անշուշտ, երկար տարիներ որպես երկրորդ ներքին ձայն, ամեն առավոտ պետական ռադիոն մեզ արթնացնում էր, լիցքավորում, լավ տրամադրություն հաղորդում, ուղարկում կա՛մ աշխատանքի, կա՛մ ուսումնական հաստատություն, այնուհետև՝ տեղեկացնում մեզ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կրթում, մատուցում հայկական և համաշխարհային գրականության և երգարվեստի գոհարներ: Այսօր էլ այս համատարած լրատվական աղմուկի և շիլաշփոթի մեջ հաճելիորեն տարբերվում է Հանրային ռադիոյի ձայնը: Եվ ես՝ որպես ռադիոլսող, շատ ուրախացա տեղեկանալով, որ Հանրային ռադիոն վերադառնում է մարդկանց տներ, որ Հանրային ռադիոն հասանելի է լինելու ունկնդիրներին այս անգամ թվային ձայնով՝ շատ ավելի մաքուր: Գիտեք՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա առնվազն երկու մեծ դարբնոց գոյություն ունի՝ մեկը Երևանի պետական համալսարանը՝ գիտության և կրթության համար, և երկրորդը՝ Հանրային ռադիոն՝ ժուռնալիստիկայի համար: Եվ շատ հաճելի էր «Մասս Մեդիա» կենտրոնում տեսնել, որ արդեն նոր, լավ պայմաններում հնարավորություն է ստեղծվել պատրաստելու նոր կադրեր, և շատ գեղեցիկ է ու խորհրդանշական, որ ամեն առավոտ մեր ուսանողները, անցնելով «Նվիրյալների արահետով», կներշնչվեն նրանց օրինակով և կապահովեն մեր ժուռնալիստիկայի շարունակականությունը»։ Իսկ   Նվիրյալների արահետում այն մարդկանց անուններն են,  ովքեր մեծ ներդրում են ունեցել ռադիոյի  կայացման գործում, մարդիկ, որոնց ձայնը մտել է յուրաքանչյուրիս տուն. Սարգիս Նաջարյան, Ռուբեն Մաթեւոսյան… Հանրային ռադիոյի 90- ամյա հոբելյանն այս տարի նշանավորվեց  երկու նշանակալի ձեռքբերումներով՝ սեպտեմբերի 1- ից մեկնարկեց նոր երթերաշրջանը՝ երկու տասնյակ նոր ծրագրերով: Արդեն ծանոթ ու սիրված ձայների հետ մեկտեղ մեր եթերում լսվելու են նոր անուններ: Պահպանելով բարի ավանդույթները՝ Հանրայինը  ներկայանում է ունկնդրին նորովի՝ որպես տեղեկատվական ու վերլուծական հասարակական  հարթակ: «Հանրային կարծիքի ուսումնասիրության» կենտրոնի աջակցությամբ իրականացրել ենք երկու հետազոտություն՝ որոշակիորեն վերանայելու եթերային քաղաքականությունը՝ նախ հասկանալու, թե այսօր հանրությունն ինչ է ակնկալում Հանրային ռադիոյից որպես լրատվամիջոցից:Այստեղ ի հայտ եկան մի շարք բացահայտումներ: Հանրությունը մեծ կարիք ունի սոցիալական տեղեկատվության, կենսագործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության, խորհրդատվության, պարզաբանումների: Դա վերաբերում է տարբեր ոլորտներին՝ սոցիալական, առողջապահական, ֆինանսական, գյուղատնտեսություն, խնդիր ունենք սպառողական իրավունքի, ընդհանրապես իրավունքի ոլորտում»,- ասում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը՝ հավելելով, որ նոր ծրագրացանկը  կոչված է լրացնելու այդ բացը: Նախագահ Սերժ Սարգսյանը 90-ամյակի կապակցությամբ  Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ: Եվ վերջում՝ Հանրային ռադիոյի նվիրյալների արահետում ամբողջացավ խորհրդանշական մի արձան, որտեղից  24 ժամ լսվելու են  երևանյան երգեր: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է։ Ի  մի բերելով  մեր այս երկու օրվա հույզերն ու շնորհավորանքները՝ ասում ենք՝ Հանրայինը կվերադառնա ամեն տուն, ինչպես դա եղել  է  լարային ռադիոյի տարիներին, բայց արդեն նոր՝ թվային  տեխնոլոգիաների միջոցով:

Հայաստանի հանրային ռադիո