Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչ է հայտնի ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագհի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ արդեն նշանակել է նոր մշտական համանախագահ: Օգոստոսի 28-ից՝ երկուշաբթի օրվանից, այդ պաշտոնում ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդին կփոխարինի Էնդրյու Շոֆերը։ Այսօր «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ՝ ով է նոր համանախագահը:   Ընդամենը 8 ամիս առաջ էր, որ Ռիչարդ Հոգլանդը ԵԱՀԿ ՄԽ-ում փոխարինեց այլ աշխատանքի անցնող ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Սակայն պաշտոնը Հոգլանդին ժամանակավոր վստահվեց։ Երկուշաբթի օրվանից արդեն ՄԽ-ում ամերիկացի նոր համանախագահ է աշխատելու մշտական հիմունքներով՝  երիտասարդ դիվանագետ  Էնդրյու Շոֆերը։ Ասում են՝ նա տիրապետում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ հենց երկուշաբթի օրվանից էլ պատրաստ է ստանձնել պարտականությունները: Երիտասարդ է ու բանիմաց՝ Ռիչարդ Հոգլանդը թեթեւ սրտով է պաշտոնը փոխանցում իր կրտսեր գործընկերոջը: «Շատ փորձառու դիվանագետ է: Ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում: Կարծում եմ, պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են ԱՄՆ-ի փայլուն համանախագահ:  Մենք բազմիցս ենք հանդիպել, քննարկումներ ունեցել։ Այնպես որ՝ նա ունի ամբողջական տեղեկատվությունը, որն ինձ մոտ հավաքվել է վերջին 8 ամիսների ընթացքում: Երկուշաբթի առավոտյան նա կարող է անխափան սկսել աշխատանքը»: Իսկ ինչ է ընդհանրապես հայտնի Էնդրյու Շոֆերի մասին:  Արդեն դրական է այն, որ նախկին համանախագահներից մեկի՝ Մեթյու Բրայզայի պես շահերի բախում չկա: Հիշեցնենք, որ Բրայզայի կինը ծագումով թուրք վերլուծաբան Զեյնո Բարանն էր: Դեռեւս 2010-ին ԱՄՆ մի շարք սենատորների հարցերին ի պատասխան՝ Բրայզան ստիպված էր արդարանալ, որ դեսպան նշանակվելու դեպքում պահպանելու է էթիկայի կանոնները, եւ շահերի բախում չի լինի: Էնդրյու Շոֆերի դեպքում հայտնի է, որ նրա կինը՝ Քարեն Լին Էնսթրոմն աշխատում է ԱՄՆ պետքարտուղարությունում: Ամերիկացի նոր համանախագահի մասնագիտական ձեռքբերումներից ներկայացվում է, որ Էնդրյու Շոֆերն ունի հակամարտությունների կարգավորման գործնական փորձ: 2011-ից 2014-ը Կիպրոսում՝ Նիկոսիայում, ԱՄՆ-ի փոխդեսպան էր, իսկ 2015-ից Վիեննայում միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Դիվանագիտական աշխատանքի տասնամյակների փորձ ունի: 1991-ից պետքարտուղարությունում աշխատանքի անցնելուց հետո գործուղվել է Քուվեյթ, Բահրեյն, իսկ 2000-ականներին Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններ՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա: Ասում են՝ աշխատանքի ամբողջ ընթացքում ամերիկացի դիվանագիտն ակտիվորեն պաշտպանել է մարդու իրավունքները, հատկապես կենտրոնանալով կանանց, ազգային եւ այլ փոքրամասնությունների հետ կապված հարցերի վրա: Նրա խոսքով, հավասարությունն իրական պետք է լինի, այլ ոչ թե ձեւական: Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցերի ժամանակ պարտադիր հանդիպում են նաեւ Արցախի ղեկավարության հետ, «Ռադիոլուրը» փորձեց պարզել, թե ինչպես է այնտեղ ընկալվում ՄԽ-ում ամերիկացի համանախագահին փոխելու փաստը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը գնահատականի համար դեռ սպասում է: Արցախում գործող «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական եւ ազգային անվտանգության խնդիրների արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը որեւէ քողարկված նպատակներ չի տեսնում, որ այս պահին Միացյալ Նահանգները ՄԽ-ում փոխում է համանախագահին: Նոր համանախագահի անձնական եւ դիվանագիտական կերպարից էլ որեւէ առանձնակի սպասելիքներ չունի: Էնդրյու Շոֆերի նշանակմանն արդեն արձագանքել է նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի «գաղտնազերծումից» հետո  կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կասկածում է, որ նոր համանախագահին ճիշտ տեղեկություններ են փոխանցվել: Համբարյանը ցավով նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին վարչակազմը սկզբից նրան ծանր վիճակի մեջ է դրել՝ ներկայացնելով խեղաթյուրված եւ կեղծ շրջանակներ։

Հայաստանի հանրային ռադիո