Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ի՞նչ եղավ Ազգային բրենդի ստեղծման համար ուղղված 400 հազար դոլարը

2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն այն ժամկետն էր, երբ նախատեսվում էր աշխարհով մեկ կիրառել Հայաստանի ազգային բրենդի տարբերանշանը: Այդպես էր մեկնարկելու Հայաստանի բերդավորման ծրագիրը՝ երկրի բացառիկությունը եւ գրավչությունը պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին ներկայացնելու համար։   Իրականում ստացվեց այնպես, որ ներդրումներ արեց պետությունը՝ առանց շոշափելի արդյունք ստանալու, քան որ ազգային բերդի տարբերանշանն առ այսօր չի կիրառվում: «Պատմությունը դեռ նոր է սկսվում». այսպիսի կարգախոսով Հայաստանը ազգային բերդի լոգոտիպի, այլ կերպ ասած՝ տարբերանշանի ներքո պետք է ներկայանար աշխարհին: Դա պետք է լիներ դեռ 2015-ին: Ժամկետներն անցան, տարբերանշանը դեռեւս չկա, կարգախոսն էլ տվյալ դեպքում կարելի է դիտարկել մեկ այլ տեսանկյունից՝ ինչ եղան հատկացված գումարները: Զրուցակիցս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս փոխնախարար Արման Խաչատրյանն է: Հենց նա է ժամանակին գլխավորել արդեն լուծարված Ազգային մրցունակության հիմնադրամը, որն էլ տարբերանշանի համար 2014-ին կնքված պայմանագրի կողմերից մեկն էր: Լուծարված հիմնադրամի ներկայիս իրավահաջորդը Հայաստանի զարգացման հիմնադրամն է: Կողմերից մյուսը՝ էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ գործարքի նախաձեռնողը՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս գործով կողմերը, կամ նրանց իրավահաջորդները, ի դեպ, փորձում են շրջանցել հարցը, հետեւաբար՝ պարզաբանումներ ստանալը շատ դժվար է: Ամենասկզբունքային հարցը՝ ով է պատասխանատու արդեն ծախսված գումարների համար այդպես էլ մնում է անպատասխան: Կանխազգալով պատմության ավարտը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռ վաղուց պնդում էր, որ այս պահին Հայաստանը տարբերանշանի ստեղծման անհրաժեշտություն չունի: Որոշ տվյալների համաձայն՝ տարբերանշանի ստեղծումը պետք է արժենար 400 հազար դոլար, որից 150 000- ը հատկացվել էր պետական բյուջեից, մնացած գումարները պետք է հայթայթվեին այլ աղբյուրներից: Նախատեսված գումարից որ մասն է հատկացվել եւ ծախսվել. անգամ սա պարզ չէ: Բայց ակնհայտ է մի իրողություն: Ամերիկյան «GK Brand» ընկերությունը, որի հետ պայմանագիր էր կնքել այսօր արդեն գոյություն չունեցող Ազգային մրցունակության հիմնադրամը, հենց այնպես չէր աշխատի եւ լոգո չէր ստեղծի։ Արդեն 2016-ին «GK Brand» ընկերության հիմնադիր եւ ղեկավար Վազգեն Քալաջյանը Linkedin- ի իր էջում ներկայացրել էր հեղինակած  լոգոյի պատրաստի տարբերակը։ Այն ձեւավորված էր  ծաղկող ծաղկի տեսքով, որը, ըստ հեղինակների, խորհրդանշում է «հավերժ արեւը», եւ գրված էր՝ The story is just beginning՝ «Պատմությունը դեռ նոր է սկսվում»: Հենց այդտեղից էլ պատմությունը սկսվեց եւ տարբերանշանը լուրջ քննադատության արժանացավ Հայաստանում։ Որեւէ նմանություն ստեղծված տարբերանշանի եւ Հայաստանի միջեւ հայաստանցիները չգտան: Դժգոհողներից մեկն էլ ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն էր: Ազգային բրենդի տարբերանշանի շուրջ ստեղծված այսօրվա իրավիճակը հետեւյալն է։ Ըստ Հայաստանի զարգացման հիմնադրամի՝ «ծրագրի համար պետական միջոցներից ծախսվել է 62 միլիոն դրամ, մնացած ծախսը նախատեսվել է դրամաշնորհային միջոցների հաշվին։ Պայմանագրային ամբողջ գումարը ծախսված չէ եւ լրացուցիչ միջոցների հատկացում չի նախատեսվում, պետք է խումբ ձեւավորվի, որը կորոշի «GK Brand» ընկերության հետ հետագա գործակցության հարցը»: Քանի որ պայմանագրում կողմերից մեկը նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն էր, «Ռադիոլուրը» դիմեց նաեւ այդ կառույցին: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ հարցի պատասխանատուն իրենք չեն: Պայմանագրի տակ ստորագրած Ազգային մրցունակության հիմնադրամի նախկին ղեկավար, այժմ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանին «Ռադիոլուրը» հանդիպեց խորհրդարանի միջանցքներում: Թեեւ մասին գերադասում էր չխոսել, մեր համառությանն ի պատասխան նշեց, որ երեք տարի է, ինչ չի հետեւում գործընթացին, պարզապես տեղյակ է, որ աշխատանքները շարունակվում են եւ վերջնական տարբերանշան դեռ գոյություն չունի: Հիշեցնենք, որ սկզբում, մեզ հետ զրույցում նա հաստատեց, որ տարբերանշանի ստեղծման համար պայմանագրում նշված հստակ ժամկետներ եղել են:

Հայաստանի հանրային ռադիո