Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչ ելք է առաջարկում «Ելքը»

«Իշխանությունները  համոզել  են ժողովրդին, որ ընտրությունները սուտ են ու իրենց ձայնը չի կարող վճռորոշ լինել»,-  ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: Այսօր տրվեց «Ելք» դաշինքի համագումարի մեկնարկը՝  կառավարության նիստերի դահլիճից։ Երեք քաղաքական ուժերի առաջնորդները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ժողովրդին ելք առաջարկեցին։ Արամ Սարգսյանը շեշտեց, որ  1999-ի հոկտեմբերի 27-ից հետո վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն և հույս կարող են պարգևել ժողովրդին, հիշեցրեց, որ երկու անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել, մի անգամ  էլ հրաժարվել մանդատից՝ հետևաբար  իր նպատակը ոչ թե պատգամավոր ընտրվելն է, այլ փոփոխություններ իրականացնելը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը, թվարկելով երկրում առկա խնդիրները՝ գործազրկություն, աղքատություն, ասաց որ դրանք անարժանապատիվ բարքեր են առաջացնում։ Դրանց էլ բխում է այն քաղաքացիների անտարբերություն ընտրությունների ու քաղաքական գործընթացների նկատմամբ: «Մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ էլ չունենք»: Իսկ մինչ ամբիոնին կմոտենար դաշինքի կազմում գործող երրորդ ուժի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Ելքի»  ծրագրերից ու ընտրությունների ելքից խոսեց նույն կուսակցության անդամ Հայկ Կոջոյանը։ Վերջինս թերեւս օրիգինալ երեւալու համար՝ ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփով: Հիշեց եւ մի փոքր վերափոխեց Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 139 տարի առաջ ասած հայտնի խոսքերը՝ հայկական շերեփը դեռ երկաթից չէ ու այս ընտրությունների արդյունքներով մեր երկաթե շերեփով աշխարհի մեծ կաթսայից վերցնելու ենք մեր հարիսան, այն է՝  ազատությունն ու երջանկությունը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան էլ պատմեց, թե ինչպես է  հասել կառավարության շենք, ճանապարհին էլ ժողովրդի զարկերակը զգալու համար հարց ու փորձ  է  արել ընտրություններից ու հատկապես իրենց դաշինքից, լսել նման պատասխան. «Բոլորը մուտք են փնտրում, իսկ դուք Ելք»: Ու արդեն անցնելով բուն ելույթին՝ նշեց, որ ՀՀ-ում հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել հաջողության: Որպես օրինակ նշեց Վանաձորի ավագանու ընտրությունները,  ասելով՝ ՀՀԿ-ին Վանաձորում դարձրել են  չամչի գրավ: Վերջինս խորհուրդ տվեց բոլորին մասնակցել ընտրություններին: Ամբիոնին մոտենալու հերթը Նիկոլ Փաշինյանին էր, չթաքցրեց, որ ի հեճուկս տարաձայնությունների՝ այսօր կանգնել իրար կողքի՝ հանուն ՀՀ-ի: Ասաց, որ եկել է կոռումպացված Հայաստանի էջը փակելու ժամանակը:

Հայաստանի հանրային ռադիո