Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչ կփոխի ՀՀ-Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու-Յորքում սպասվող հանդիպումն, ըստ էության, որեւէ բան չի փոխելու այսօրվա դրությամբ  Ղարաբաղյան հակամարտության իրադրության մեջ: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նույն թեմային անդրադառնալով՝ ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ արտգործնախարարների սպասվող հանդիպումը, ըստ էության, հերթական փորձն է, եւս մեկ անգամ ճշտելու կողմերի մոտ առկա մոտեցումները, որոնք, նրա ձեւակերպմամբ, էականորեն չեն ենթարկվել փոփոխության: Հետեւաբար, Ալեքսանդր Մարկարովը նույնպես կարծում է, որ նման պարագայում, որեւէ լուրջ առաջընթաց ակնկալել կարգավորման գործընթացում հնարավոր չէ: Այն, ինչ սպասվում է Նյու-Յորքում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, նույնն է, ինչ նախորդ նմանօրինակ հանդիպումներից է եղել ակնկալիքը՝ կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Կողմերը եւս մեկ անգամ հաստատում են կամ պիտի հաստատեն իրենց պատրաստակամությունը՝ կարգավորել խնդիրը խաղաղ եղանակով, եւ ակնկալել, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդես գալ որպես դրական դերակատարողներ այս կարգավորման համար: Ակնկալել լուրջ առաջընթաց կարգավորման տեսանկյունից՝ դժվար թե կարելի է: Մենք չենք տեսնում նախադրյալներ»: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւս կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու-Յորքում սպասվող հանդիպումը որեւէ էական բան չի տալու կարգավորման գործընթացին. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ հանդիպումով՝ ցանկացած տեսակի, որքան էլ լուրջ լինի, այսօր կարելի է փոխել ղարաբաղյան կոնֆլիկտի զարգացման ձեւաչափը: Արդեն մի քանի տարի է, որ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում բանակցությունների ձեւաչափում հակամարտության կարգավորման մասին խոսք չի ընթանում: Նման հանդիպումներ են լինում, սակայն կոնֆլիկտի դադարեցման կամ լուծման մասին խոսք չկա, փորձում են ուղղակի հանդարտեցնել լարվածությունը, ինչը ևս այդքան էլ չի հաջողվում: Այս հանդիպումը ևս նման կերպ կլինի»: Ես չեմ կարծում, որ կհաջողվի հասնել ինչ-որ շատ լուրջ արդյունքների եւ այդ հանդիպումից ինչ-որ բեկում ես չեմ սպասում, հավելեց Իսկանդարյանը նաեւ հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են, որ առաջիկայում նախագահների մակարդակով հանդիպում եւս տեղի ունենա: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտնի հայտարարություններին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքին՝ քաղաքագետները նկատեցին, որ այդ հայտարարություններում, ըստ էության, որեւէ բան չի ասվել ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներից դուրս: Ալեքսանդր Մարկարով. «Խոսքը գնում է այն, ըստ էության, հին կամ հայտնի սկզբունքների մասին, որոնք եղել են սեղանի վրա նաեւ նախկինում»: Առաջիկայում սպասվում է նաեւ երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ի՞նչ կհաջորդի դրան. Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ հոգևոր առաջնորդները ևս ժամանակ առ ժամանակ հանդիպում են ու փորձում են Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրությունը հանդարտեցնել: Այդպես լինում է ցանկացած հակամարտության ժամանակ, սակայն հակամարտությունը քաղաքական է եւ ես չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կարող են լինել՝ ասաց քաղաքագետը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով, թեպետ նման հանդիպումներից հակամարտության կարգավորման տեսանկյունից լուրջ բան ակնկալել պետք չէ, այդուհանդերձ, հանդիպումներն ավելի լավ են, քան իրավիճակի սրումը:

Հայաստանի հանրային ռադիո