Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ի՞նչ սպասել Էրդողան-Պուտին հանդիպումից՝ ղարաբաղյան խնդրի համար

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության երկրների առաջնորդներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոն վերջին այցի ժամանակ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: «Մենք մտքեր ենք փոխանակել, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել գործընթացի առաջմղման համար: ԱՄՆ նոր վարչակազմը որոշումներ է ընդունել, թե ինչպես է հարկավոր շարունակել տվյալ գործընթացը»,- ասել է նա: Թուրքական լրատվամիջոցներն էլ  հաղորդում են, որ նոյեմբերի 13-ին Էրդողան-Պուտին հանդիպման օրակարգում ղարաբաղյան խնդիրն է:   Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան նշում  է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումը դրական քայլ է, բայց անհրաժեշտ է շարունակել այդ քայլերը։ Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ վերջերս մինսկյան գործընթացի վերակենդանացում տեղի ունեցավ, ինչը կշարունակվի, քանի որ ձեռնտու է և ՀՀ-ին, և Ադրբեջանին: Քաղաքագետը ցավով  նշում է, որ հնարավոր չի լինի խուսափել ժամանակ առա ժամանակ լարվածությունից շփման գծում: Բանակցային գործընթաց ասվածն  այսօր խնդրի կարգավորմամբ չի զբաղվում, ըստ նրա, այլ հակամարտության մենեջմենտով է զբաղվում ՝ վստահության մեխանիզմներ, հետաքննության մեխանիզմներ, մոնիտորինգային խմբի և  աշխատակազմի թվաքանակի ավելացում։ Դա մենեջմենտ է, ոչ թե կարգավորում՝ ասում է։ «Որևէ հիմք չկա մտածելու,  որ տեղի կունենան բեկումներ, կամ կտրուկ փոփոխություններ: Դրա համար կարծում եմ կշարունակվի այնպես ինչպես որ կա»:  Այսօր ակտիվ քննարկումների տեղիք է տվել նաեւ ԱլԳ բրյուսելյան գագաթաժողովի վերջնական հռչակագրի հնարավոր ձևակերպումների հարցը: Որքանով է հավանական, որ նոյեմբերի 24-ի վերջնական հռչակագրում տեղ գտնի տարածքային ամբողջականությունը սատարող դրույթ, ինչն ի դեպ բխում է ԱԳԾ- ում ընդգրկված երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի շահերից: Նման սցենարը  Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական է համարում, սակայն այդ դեպքում ՀՀ-ն պետք է հրաժարվի ստորագրել նման փաստաթղթի տակ՝ ասում է. «Նման խնդիր կարող է գույություն ունենալ, բայց ես չեմ կարծում, որ շատ լուրջ վտանգ կա, քանի որ  այն փաստաթուղթը, որ կարող է Հայաստանին դուր չգալ, Հայաստանը կարող է կամովին չստորագրել»: ԼՂՀ հարցով փորձագետ Արթուր Ղազարյանը նույնպես  հավանական է համարում եզրափակիչ փաստաթղթում տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը գերակա համարող ձեւակերպումը. Սակայն այսօր անհիմն է մտավախությունը, թե ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը կարող է չստորագրվել, կարծում է քաղաքագետը: Մինչ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, մի քանի օրից՝ նոյեմբերի 13  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կմեկնի Ռուսաստան հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանն արդեն հայտարարել է, որ մեջբերեմ. «Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ Ղարաբաղի  մասին խոսելու, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի քննարկումը Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում չի կարող առանցքային լինել։ Ռուսաստանն ու Թուրքիան շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու,  քան ղարաբաղյան խնդիրն է՝ ասում է:

Հայաստանի հանրային ռադիո