Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչի՞ մասին են ահազանգում վերջին օրերի սպանությունները

Վերջին օրերի  լրահոսը նկատելիորեն  քրեական էր : Հաշված օրերի ընթացքում գրանցվեց մեկը մյուսին դաժանությամբ չզիջող 3 դեպք՝ սահմռկեցուցիչ սպանություն մարզպետի խորհրդարկանի ընտանիքում, հաշվեհարդար հանգստյան  գոտում  ու ոչ պակաս սահմռկեցուցիչ ոճրագործություն Շամիրամ գյուղի սգո սրահում: Այս միջադեպերը միմյանց հետ կապ չունեն, տարբեր դեպքեր են, տարբեր հանգամանքեր,  բայց նաև որոշ ընդհանրություններ ունեն, նման են առնվազն այն հանգամանքով, որ բոլորում հաշվեհարադարի կամ զենքի ուժով արդարադատություն իրականացվելու փորձ  կա : Ի՞նչ է ասում վիճակագրությունը և ի՞նչ են կարծում մասնագետները՝   ինչի մասին են ահազանգում այս դեպքերը կամ ահազանգո՞ւմ են, թե՞ ոչ: Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրվել է  մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպք, բոլորը  բացահայտվել են: Իսկ հուլիսի 28-ից 31-ը նման  38 դեպք է գրանցվել,    բացահայտվել է 34-ը: Վերջին օրերի սպանությունների վիճակագրությունը թվային ամփոփում դեռ չունի, բայց  ոստիկանության կայքէջի քրեական լրահոսում  ներկայանում է   իրար անմիջապես հաջորդող այս վերնագրերով՝  հուլիսի 28,   «Արմավիրի մարզպետի սպանության հետքերով », հուլիսի 31՝ «Երկու զոհ՝ Սևանա լճի լողափերից մեկում ծագած վիճաբանության հետևանքով», օգոստոսի 1 «Կրակոցներ Շամիրամ գյուղի գերեզմանատանը. 4 զոհ, 4 վիրավոր»: Այս դեպքերը փոխում են արդյո՞ք ընթացիկ տարվա վիճակագրական պատկերը, դեռ պարզ չէ, ամփոփումները կարվեն ավելի ուշ : Բայց  մինչ այժմ ձևավորված վիճակագրությունը այլ բանի մասին է խոսում.  կանխամտածված սպանության և մահափորձի ցուցանիշները վերջին 5 տարիներին Հայաստանում  համարյա  չեն փոխվել: Այսպես ՝ըստ ոստիկանության տվյալների,  2011-ին գրանցվել է կանխամտածված սպանության 89, իսկ 2015-ին 87 դեպք: Ծանր մարմնական վնասվածքների վիճակագրությունը նույնպես համարյա նույնն է ՝ 5 տարի առաջ 170, նախորդ տարի՝ 173: Վերջերս խորհրդարանում նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս գլխավոր դատախազը,  բերելով այս թվերը,   նաև համեմատական վիճակագրություն էր ներկայացնում:  Նշում էր, որ  100 հազար բնակչին Հայաստանում բաժին է ընկնում  հանցագործության 627 դեպք, այն դեպքում, երբ  օրինակ Ղազախստանում այդ ցուցանիշը 2032 է, ՌԴ-ում՝ 1473, Ուկրաինայում՝ 1397 և այլն: Սա ցածր ցուցանիշ է՝ ասում է գլխավոր դատախազը:  Անդրադառնալով միտումներին ՝ իրավապահները չեն ժխտում, որ  գրանցված հանցագործությունների թիվն  աճել է, օրինակ 2007-ին գրանցվել է մոտ 8000, իսկ նախորդ տարի ՝մոտ 18000 հանցագործություն, բայց  սա բացատրում են հաշվառման գործընթացի բարելավմամբ: Ըստ գլխավոր դատախազի՝ հաշվառման գործընթացի բարելավումը  վերաբերվում է լատենտային կամ թաքնված հանցագործություններին: Սպանությունները կամ  օրինակ ավտոճանապարհային պատահարները այդ շարքում չեն  և  այդ պատճառով դրանց  թիվը գրեթե կայուն է: Թեև սպանությունների մասով իրավական վիճակագրությունը աճ չի արձանագրում, բայց հանրային ընկալման մեջ նման հանցագործություններն աճել են կամ փոխել են իրենց բնույթը: Թեման  հատկապես բուռն քննարկումների առիթ էր  դարձել  սոցիալական ցանցերում: Թողնելով մի կողմ՝ անձնական ողբերգությունների թեման սենսացիոն լուրերի նյութ դարձնելու մոտեցման էթիկական կողմը,  առնվազն քննարկման թեմա է հարցը՝  ինչ մասին են ահազանգում այս դեպքերը կամ ահազանգում են թե ոչ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն օրինակ կարծում է, որ որևէ արտառոց բան չկա: «Միջազգային վիճակագրության մեջ սպանությունների, ինքնասպանությունների ցուցանիշերով Հայաստանը համեստ դիրքերում է: Նաև այդ պատճառով է, որ նման դեպքերը, այն էլ երբ զուգադիպում են, հանրային նման արձագանքի առիթ են դառնում»: Ադիբեկյանը կարծում է, որ դեպքերից յուրաքանչյուրի հիմքում անձնական հանգամանքներ են, որոնք ընդհանրացման  հիմք չունեն: «Խնդիրը հետևյալն է՝ ժողովուրդը կյանքից զրկելը որքանով է ընդունում որպես պաշտպանության միջոց կամ որպես վրեժ լուծելու միջոց: Այս առումներով  մենք խաղաղասեր ժողովուրդ ենք»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի  կարծիքով, մինչդեռ, այս դեպքերը լուրջ ահազանգեր են: Դրանց մեջ   ընդհանուրը զենքով հարց լուծելու, «սեփական հաշվեհարդարը տեսնելու» մոտեցումն է՝ ասում է Իշխանյանը: «Ահազանգ է, որ մարդիկ նախընտրում են արդարադատության հասնել զենքի միջոցով: Սրա արմատներն ավելի խորն են ու գալիս են մեր մշակույթից, այն ավանդույթից, որ ազգի մեծերը քյոխվաները անպատիժ ձևով կարողացել են անել ամեն ինչ: Եվ այս հասել է ամեն տեղ, պատահական չէ, որ կռվի մեջ մեկը մյուսին կարող է ասել՝ գիտես ես ով եմ»: Այսինքն ով լինելն արդարացրել է բռնություն գործադրելը՝ ասում է Իշխանյանը և հավելում՝  հետևանքը իրավական համակարգի նկատմամբ անվստահությունն է, դրա հետևանքն էլ  ոչ իրավական եղանակներով հարցեր լուծելու մոտեցումը :

Հայաստանի հանրային ռադիո