Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչպես բացել պատգամավորների առջեւ ՔԿՀ-ում փակված դռները

Ինչպես բացել պատգամավորի առջեւ փակվող ՔԿՀ դռները: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ելք» խմբակցությունից 4 պատգամավոր առաջարկում են փոփոխել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը: Հարցն արդեն քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ բացասական եզրակացություն ստացել: Պատգամավորները դժգոհում են, որ վերջերս շատացել են դեպքերը, երբ ՔԿՀ ղեկավարները որոշ դեպքերում դռները փակում են պատգամավորների առջեւ՝ չթույլատրելով տեսակցել որոշ կալանավորների հետ։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այս խոչընդոտները հարուցվում են սովորաբար քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի շրջանակներում: «Մենք ուզում ենք իրականացնել մեր իրավունքը՝ գտնվել այնտեղ, որտեղ մատով ցույց ենք տալիս: Պրակտիկայում այլ բան է ստացվում եւ որպես կանոն քաղաքական գործերի դեպքում»: Օրեր առաջ, օրինակ, Արմավիր ՔԿՀ-ի ղեկավարությունը պատգամավորին թույլ չի տվել մտնել մասնաշենքերից մեկը։ Մեկ այլ դեպք տեղի է ունեցել, երբ պատգամավորն այցելել է Անդիաս Ղուկասյանին: Այս բոլոր դեպքերի եւ մտավախությունների մասին պատգամավորը խոսել է ինչպես ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում, այնպես էլ՝ հարցում է ուղարկել կառավարություն: Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի թույլ տված սխալը արձանագրում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Թովմասյանը: Բացատրում է՝ եթե գոյություն ունի քննիչի կողմից սահմանված տեսակցությունների արգելք, ապա քննվող գործի շրջանակներում տվյալ կալանավորին չի կարող տեսակցել որեւէ մեկը: Այդպես եղել է անձամբ Հրայր Թովմասյանի հետ արդարադատության նախարար եղած ժամանակ։ Կալանավորին տեղափոխել են այլ խուց, նոր ինքը ծանոթացել է տվյալ խցի պայմաններին։ Նույն պաշտոնում տեսակցության արգելքին բախվել է նաեւ մեկ այլ նախարար՝ Արփինե Հովհաննիսյանը: Հիշում է՝ գործն առնչվում էր «Սասնա ծռեր» խմբին: Իրավիճակն ամեն դեպքում չի գոհացնում պատգամավորներին: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձում է օրենսդրական նախաձեռնությամբ բացել պատգամավորների առջեւ ՔԿՀ-ում փակված դռները: Կառավարությանն ուղղված գրությանն ի պատասխան ստացել է բացատրություն, որը «աբսուրդ» է որակում: Կառավարությունից հիմնավորել են, որ պատգամավորը կարող է շահագրգիռ լինել տվյալ քրեական գործի ելքի մեջ: «ՔԿՀ-ում գտնվող անձի համար արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու լավագույն միջնորդը հսկիչն է: Պրակտիկ օրինակ: Դուք արդարադատության նախար եք եղել, ես էլ՝ կալանավոր»: Վերջին ակնարկին ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանը միանգամից արդարացավ.  Փաշինյանն իր ղեկավարման ժամանակ չէր կալանավորվել: Արփինե Հովհաննիսյանից առաջ պաշտոնավարած Հրայր Թովմասյանը ակնարկին չարձագանքեց: Փոխարենը՝ հստակեցրեց՝ քննիչները տեսակցության արգելքը կիրառում են ընդհանուր կալանավորվածների 20 տոկոսի դեպքում: Հետեւաբար, պատգամավորի մտահոգությունները ուռճացված է համարում: Այս հիմնավորումներով էլ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց պատգամավորի նախաձեռնությանը։

Հայաստանի հանրային ռադիո