Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչպես ընտրեց ժողովուրդը՝ ստամոքսո՞վ, թե՞ սրտով

Նախընտրական ծրագրային խոստումներն ապրիլի 2-ին դարձան թվեր, որոնք էլ ապահովեցին քաղաքական 4 ուժերի մուտքը 6-րդ գումարման խորհրդարան: Տարիների լավ աշխատանքի գնահատակա՞ն էր իշխանական ուժին՝ Հանրապետական կուսակցությանը 49,15% քվե տալու ժողովրդի որոշումը, թե՞ ձայները բաշխվեցին տարբեր տեսակի խոստումների իրականացման սպասումով: Ըստ սոցիոլոգիական հարցումների, ժողովուրդն ընտրեց ընտրության կարճաժամկետ տրամաբանական ելքը, իսկ քաղաքագիտական տեսանակյունից՝  ստամոքսով քվեարկելու տրենդը հաղթեց սրտով քվեարկելու տրենդին:   Խորհրդարանական ընտրությունները հանկարծակիություն չապահովեցին, այն կանխատեսելի ավարտով քաղաքական գործընթաց էր. իշխող ուժը պետք  է խորհրդարանում լիներ գրեթե մեծամասնություն, վերջինիս հաջորդեր «Ծառուկյան» դաշինքը, ինչպես նաեւ պատգամավորական մանդատներ ստանային դաշնակցության անդամները: Իսկ «Ելքը» խորհրդարան մուտք գործեց՝ քանի որ մի ստվար հատված կարիք ուներ նոր մարդկանցով նոր խոսք լսելուն: Սրա մասին փաստում են քաղաքագետների մեծ մասն եւ հիմնավորում՝ անգամ հետընտրական զարգացումներ խոստացող քաղաքական միավորների պնդումները մնացին օդում, քանի որ պարզ հասկանալի ու կանխատեսելի էր այս սցենարը։ Նաեւ մարդկանց դժվար է այսօր հրապարակ բերել: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի տպավորությամբ՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ կարծես հասարակության ու իշխանության միջեւ փոխհամաձայնության կա, ասել է՝ թե գործել է հետեւյալ մեթոդաբանությունը. «Հետընտրական զարգացումներ չեղան, որովհետեւ եթե նախորդ անգամները քաղաքական ուժերի ձայները գողանում էին, այժմ տպավորությունն այնպիսին է, որ դրանք գնվել են, այսինքն՝   փոխադարձ համաձայնություն կա.  հիմա ի՞նչ անեին, հասարակության դեմ պիտի դժգոհեին: Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, եւ ընտրությունները նրա համար են, որ մարդիկ ընտրեն այն քաղաքական ուժին, որը լուծում կտա այդ խնդիրներին, սակայն քաղաքական ուժերը եւ հասարակությունը փոխհամաձայնության եկան, կարծես պայմանավորվեցին, որ աչք են փակում բոլոր մյուս խնդիրների վրա  եւ կենտրոնանալու են սոցիալականի վրա»: Այստեղից պարզ հարց: Եթե անգամ քաղաքական որոշմամբ աչք փակվեց հիմնական խնդրի առջեւ, եւ առանցքային ու առաջնային պլան մղվեց սոցիալականը, միեւնույն է՝ ապրիլի 2-ից հետո, ովքեր մշտապես դժգոհում էին երկիրը կառավարողներից, բայց նրանց կողմ քվեարկեցին, այսօր նույն կերպ շարունակում են բողոքել: Ինչո՞ւ տեղի ունեցավ նման ընտրություն՝ հիմանվորում է ընտրողը: Ի՞նչ են մտածում մարդիկ վերնախավի մասին՝ հարցը սոցիոլոգ Սամվել Մանուկյանը վերլուծել ու հետազոտել է, ու վերջնիս  համաձայն՝ մարդկանց մոտավորապես 80 %-ը մտածում է, որ պետությունն առաջին հերթին մտածում է իր շահերի և ոչ թե ժողովրդի մասին, նույն 80 %-ը մտածում է, որ քաղաքական գործիչները մտածում են առաջին հերթին իրենց կուսակցությունների առաջնորդների եւ կուսակցության դերի մասին, նույն 80 տոկոսը կարծում է, որ պետությունն ավելի շատ մտածում է հարուստների մասին, քան ժողովրդի։ Սա ցույց է տալիս, ըստ սոցիոլոգի, որ ժողովրդի նույն 80 %-ի գերակշիռ մասը մեկուսացված է իրեն զգում վերնախավից: «Հայաստանում 4 գործոն կա, որոնք շատ կարեւոր են: Առաջինը.  ինչ է խոսք տալիս այս սուբյեկտը, երկրորդը՝ կառավարման ի՞նչ փորձառություն ունի տվյալ ուժը, երրորդը՝ որքա՞ն փող ունի եւ չորրորդ՝ արդյո՞ք իր շրջանից է, թե՝ ոչ: Իսկ ի՞նչ է նշանակում, ինչ են խոստանում քաղաքական սուբյեկտները: Խոսոտումները լինում են բանավոր, որը համարում են ընտրակաշառք, եւ գրավոր՝ ընտրական ծրագիր: Հայ հասարակության համար, որը շատ խորն է եւ խելոք, եւ ժողովրդի ընտրությունը ռացիոնալ է»: Ի դեպ, մեկ այլ հարցման համաձայն, մարդկանց նույն 80 տոկոսը տարիներ շարունակ ասում է, որ կուսակցությունների տրված նախընտրական խոստումները «խոսքից  գործի» չեն վերածվում, որն էլ նշանակում է, որ խոսքերին հավատալն արդեն տրամաբանական չէ, եւ պետք է հավատալ՝  այսօր եւ հիմա իրականացվող գործերին: Այ սա տրամաբանական է՝ ասում է սոցիոլոգը: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նաեւ ուռճացված է համարում այս ընտրություններում վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարումը` հօգուտ ՀՀԿ-ի: Նա համոզված է, եթե որեւէ ընտրատարածքում Կարեն Կարապետյանը վարկանիշային կարգով առաջադրվեր, եթե փող չբաժաներ 42 հազար ձայն չէր հավաքի, ինչպես Սամվել Ալեքսանյանը: Եվ հակառակը` եթե Սամվել Ալեքսանյանը լիներ վարչապետ ու փող չբաժաներ, դարձյալ այդքան ձայն չէր հավաքի: Ընտրությունների մասնակցության աննախադեպ ցուցանիշը նա բացատրում է հենց փող բաժանելով: Եվ վերջում ընտրական գլխավոր դասը՝ ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի։ «Ստամոքսով քվեարկելու տրենդը հաղթել է սրտով քվեարկելու տրենդին»: Ասել է թե մեզ մոտ վաղուց ոչ գաղափարական մեթոդները հաղթում են գաղափարական կուսակցություններին եւ մեթոդներին:

Հայաստանի հանրային ռադիո