Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչպիսին է լինելու Արցախի կառավարման նոր համակարգը

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Արցախի քաղաքական դաշտում նախագահական ընտրություններից հետո, որ տեղի ունեցան Ազգային ժողովում հուլիսի 19- ին,  հարաբերական անդորր է։ Խորհրդարանն արձակուրդում է, կառավարությունը շարունակում է գործել 2006 թվականի Սահմանադրությանը համապատասխան։  Սեպտեմբերին տեղի կունենա հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը, որից հետո կսկսվի նոր կառավարության ձեւավորումը։ Այն էականորեն տարբերվում է  գործող կարգից՝ հանրապետության նախագահը դա կատարելու է միանձնյա։   Դեռ Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ շատ խոսվեց նրա մասին, որ նոր Սահմանադրությամբ Արցախը կվերածվի սուպեր նախագահական պետության․ այսպիսի բնորոշման հետ արդարադատության նախարար, Սահմանադրության մշակման մասնագիտական հանձնաժողովի անդամ Արարատ Դանիելյանը համաձայն չէ։ Այո, նոր մոդելը հնից տարբերվում է նախագահի լիազորությունների շրջանակի ընդլայնմամբ, իշխանությունը կկենտրոնանա, բայց դա սուպերնախագահական  կառավարման չի բերի, այլ ընդամենը  նախագահի պատասխանատվության մեծացման՝ կարծում է նա։ Այն որ հանրապետության նախագահն առանց Ազգային ժողովի կարծիքի է ձեւավորելու կառավարությունը, գործող արդարադատության նախարարը խորհրդարանի լիազորությունների կրճատում չի համարում։ Սահմանադրությունում ամրագրված են նախագահի կողմից ղեկավարվող գործադիր իշխանության եւ օրենսդիր մարմնի հարաբերությունները։ Գործադիրն  իր գործունեության ծրագիրը եւ բյուջեն ներկայացնելու է խորհրդարան։ Փոխըմբռնման բացակայության դեպքում երկու կառույցներն էլ պետք է ինքնարձարկվեն։ Արցախի նոր կառավարությունում, որը նախագահի գործունեության ծրագրի իրականացմանը նպաստող մարմինն է,  վարչապետ չի լինի․ չի լինի նաեւ փոխվարչապետի պաշտոն, փոխարենը ստեղծվելու է նոր՝ պետնախարարի   ինստիտուտը։ Սեպտեմբերին  Բակո Սահակյանի՝ երրորդ անգամ նախագահի  պաշտոնը ստանձնելու օրը, գործող կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, նրա անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը,  ինչը տեղի է ունենալու երդմնակալության արարողությունից հետո քսանօրյա ժամկետում։ Հանրապետության նախագահը կառավարության անդամներին նշանակելու է  առանց խորհրդարանի տեսակետը հաշվի առնելու ։ Նախկինում կառավարության ղեկավար վարչապետը քաղաքական խորհրդատվությունների արդյունքում էր նշանակվում ՝ Ազգային ժողովի համաձայնության պարագայում, ապա եւ իր գործունեության ծրագիրը ներկայացնում խորհրդարանի հավանությանը։ Նոր Սահմանադրության համաձայն՝  նախագահն ընդամենը հրապարակելու է իր ծրագիրը եւ կառավարության կազմը։ Ինչպես եւ որտեղ՝ դեռեւս  սահմանված չէ։

Հայաստանի հանրային ռադիո