Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ինչու է թուրքական լոլիկը մաքսավճարից էժան. ջերմոցատերերը պատասխան չունեն

Հայ-թուրքական <<լոլիկի պատերազմ>>, որը տեւում է գրեթե 10 տարի: Այսօր հայ ֆերմերներն այլեւս չեն ցանկանում լռել, որոշել են բացել որոշ փակագծեր: Պնդում են՝ թուրքական լոլիկի բիզնեսը փակել է հայկական լոլիկի ճանապարհները թե Հայաստանում, թե Ռուսաստանում: Խնդրի լուծմանն առայժմ չի օգնել գյուղնախարարի միջամտությունը:   <<Ջերմատնային ասոցիացիա>>-ի անդամներն ու ֆերմերները 10 տարվա անարդյունավետ պայքարից հետո այսօր որոշել են բացել աղմկահարույց որոշ փակագծեր՝ կապված Հայաստան-Թուրքիա պաշտոնապես գոյություն չունեցող ապրանքաշրջանառության հետ: <<Թուրքիայից ապրիլի 24-ին ներկրվում է մեխակ, որպեսզի մենք տանենք Եղեռնի զոհերի հուշահամալիր>>,- ասում է։ Սա խնդրի ընդամենը բարոյական կողմն է, բայց այն, ինչի մասին բարձրաձայնում է <<Ջերմատնային ասոցիացիա>> ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը, կապված է լոլիկի եւ վարունգի ապօրինի ներկրման հետ: Տարիներ տեւող այս խնդրից դեռեւս երկու շաբաթ առաջ անտեղյակ էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այն, որ հայկական լոլիկի ծավալների կտրուկ աճ հնարավոր չէ՝ պնդում է <<Ջերմատնային ասոցիացիա>>-ի ղեկավար Պողոս Գեւորգյանը: Ասում է՝ թուրքական լոլիկը ոչ միայն Հայաստանի շուկայում է փակել հայկական լոլիկի ճանապարհը, այլեւ՝ խոչընդոտներ է ստեղծում արդեն նաեւ Ռուսաստանում: Գյուղնախարարն այժմ փորձում է զբաղվել խնդրով, զանգել է Մաքսային ծառայություն, որտեղից տեղեկացրել են, որ ոչ մի կիլո լոլիկ Հայաստան չի ներկրվել: <<Չորս օր է՝ ամենօրյա կապի մեջ ենք>>,- ասում է  Պողոս Գեւորգյանը: Նախարարն ամեն օր առավոտը առաջինը զանգում է <<Ջերմատնային ասոցիացիա>>-ի ղեկավարին՝ իմանալու, թե ինչ նորություններ կան: Բայց իրականությունն այն է, որ սայլը տեղից դեռ չի շարժվել: Պողոս Գեւորգյանը պատմում է, որ երեկ է եղել Հայաստանի մեծածախ շուկաներից մեկում եւ արձանագրել է հետեւյալը: <<Գնացիք շուկա, նկարահանեցինք: Հարձակվում էին, ասում՝ կարող է նկարում եք հեռուստացույցով ցույց տաք, ասացինք՝ ոչ: Թուրքական վարունգները արկղներով, բոլորի վրա գրված <<թուրքիշ, թուրքիշ, թուրքիշ>>: Կա եւ շատ էժան: Նոր նախարարի միջամտությունից հետո խիստ կրճատվեց բերելը, վախեցան Մալաթիայի շուկա բերել, որովհետեւ մտածում էին, թե ստուգումներ կլինեն: Այդ ամբողջը գնացել է Հովտաշատի շուկա>>: Հայաստանում այսօր գործում է շուրջ 950 փոքր եւ միջին ջերմատնային տնտեսություն, որտեղ աշխատում է շուրջ 18 հազար մարդ: Շատերն արդեն անիմաստ են համարում զբաղվել  այս գործով։ Ջերմային տնտեսություն ունեցող Գագիկ Բաբախանյանը պատմում է՝ շատ ծանոթներ արդեն փակել են իրենց ջերմոցներն ու գնացել արտագնա աշխատանքի: Հայ-թուրքական լոլիկի <<պատերազմներում>> կա նաեւ սովորական թվաբանություն: Հայ ֆերմերները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել ոչ սովորական հանելուկը: Հասկանալի է, որ մթերքը օրինական ճանապարհով չի ներկվում, քանզի պետք է սահմանին վճարվեր սահմանված 32 տոկոս հարկը: Հայ ֆերմերների մոտավոր հաշվարկով ստացվում է, որ թուրքական լոլիկի դեպքում դա կկազմեր 507 դրամ: Հայկական շուկայում այդ լոլիկը վաճառվում է 500 դրամով: Իսկ թե ո՞ւր մնաց  Թուրքիայում տվյալ ապրանքի գնման, բանվորների միջոցով բարձելու եւ ճանապարհածախսի գումարները՝ ֆերմերներն այդպես էլ չեն կարողանում գտնել հարցի պատասխանը՝ ընթացքում ստիպված լինելով հայկական լոլիկը ինքնարժեքից ցածր վաճառել՝ ստացած վնասներն էլ ավելի չխորացնելու համար:

Հայաստանի հանրային ռադիո