Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Իրանն իր ծրագրերում Հայաստանի տեղը նախատեսել է

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Իրանը շատ արագընթաց պատրաստվում է տարածաշրջանում կտրուկ փոփոխությունների եւ դա պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից նոր հակաիրանյան սանկցիաների փաթեթի հետ: Քաղաքագետը կարծում է, որ այդպիսով միջազգային բարձր ատյաններում ձեւավորվում է կտրուկ ու կոշտ առճակատում: Դրան զուգահեռ շատ արագ զարգանում է Չինաստան-Իրան-Ռուսաստան եռանկյունու համագործակցության նոր ձեւաչափը, ինչը, քաղաքագետի գնահատմամբ, բխում է Հայաստանի շահերից: Սակայն, այս պայմաններում Հայաստանը, նրա ձեւակերպմամբ, չի կարող ամեն  մեկին ժպտալ: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մինչդեռ, կարծում է, որ շահերի համադրումը միշտ էլ հաջողություն կարող է բերել:   ԵՄ-ն ԱՄՆ-ին զգուշացնում է, որ դուրս չգա Իրանի հետ ատոմային գործարքից՝ նկատում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Իրանն արդեն հայտարարել է, որ ատոմային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը շատ արագ առաջ կանցնի, ինչն, ըստ Սերգեյ Շաքարյանցի, նշանակում է, որ Իրանը ատոմային հետազոտությունները կեզրափակի՝ դառնալով միջուկային երկիր: Նման սցենարի դեպքում, քաղաքագետի ձեւակերպմամբ, շատ բան կփոխվի Հայաստանի համար: «Իրանը լուրջ ակնարկել է, որ 24 ժամվա ընթացքում դառնալու է նման երկիր: Այլեւս չես կարող ասել՝ ես բոլորի հետ պետք է ժպտամ: Երկրորդը, դա փոխում է Հարավային Կովկասի իրավիճակը: Մեր շուրջ ձեւավորվում է ամբողջովին նոր որակի մթնոլորտ»: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մինչդեռ, համոզված է, որ մի շարք խոշոր ծրագրերի առումով կողմերի շահերը համադրելու միջոցով հնարավոր է հասնել հաջողության: Ըստ իրանագետի՝ հայ-իրանական հարաբերություններում բավականին ռիսկեր կան, որոնք, պայմանավորված են Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների դաշտով: Նրա կարծիքով, սակայն, այդ առումով կան նաեւ ավելորդ մտավախություններ. «Ասեմ այսպես՝ երրորդ ուժերի՝ տարբեր գործընթացների խառնվելու վերաբերյալ եւ այդ գործընթացները արգելակելու վերաբերյալ»: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նկատեց, որ արագ զարգանում է Չինաստան-Իրան-Ռուսաստան համագործակցության նոր ձեւաչափը, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Ըստ քաղաքագետի՝ խմորման գործընթացները չափազանց եւ անպատկերացնելի մեծ են: Նա կարծում է, որ այդ ամենում Հայաստանը, բնականաբար, ունի իր կենսական շահերը: «Նույնիսկ, եթե, կոպիտ ասած, առեւտրային տեսակետից նայենք, ունե՞ս ուժ՝ ինչ-որ մի բան առաջարկելու, իրացնելու իրենց տարածքում. քո առաջ բացվում է անսպառ շուկա. մշտական պատվերներ քո ձեռնարկությունների, քո բիզնես ոլորտի համար»: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ իրանցիներն, օրինակ, փորձեցին ճշգրտել հնարավոր այն ուղիները, որոնք կարող են օգտագործվել իրանական գազը Եվրամիության երկրներ հասցնելու համար: Հայաստանի պատասխանն էլ հստակ էր. «Նախագահի մակարդակով հայտարարվեց, որ երբ հարցը գա գործնական փուլ, ապա Հայաստանը, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, անշուշտ կմասնակցի նման ծրագրերին: Այսինքն, իրանցիները մեզ ուղղեցին ազդակ եւ ստացան պատասխան դրական ազդակը»: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նույնպես կարծում է, որ Իրանից մենք ստացել ենք յուրահատուկ ակնարկ եւ դրա կիրառական մասն արդեն երեւում է: Նա վստահ է, որ ծրագրերում Իրանը Հայաստանի տեղը նախատեսել է: Ավելին. «Մենք հասկացանք՝ Ադրբեջանը խաղից դուրս է հանվում եւ դա Չինաստանի ցանկությունն է, բացի նրանից, որ Իրանի նախագահն է հնչեցնում»: Թե ինչո՞ւ՝ պատճառները չափազանց շատ են – ասում է քաղաքագետը՝ հակիրճ հստակեցնելով, որ Չինաստանին ձեռնտու չէ, քանի որ Ադրբեջանի տարածքը վերահսկվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից: Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանը նաեւ զգուշացվել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը կբարդացնի հայ-ադրբեջանական հակամարտության իրավիճակը: Այսպիսով, ըստ Սերգեյ Շաքարյանցի, Չինաստան-Իրան-Ռուսաստան եռանկյունու համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ նման համագործակցությունը բացառում է այս տարածաշրջանում պատերազմ սկսելու հավանականությունը: Չնայած՝ այս համագործակցությունը որոշակիորեն կհանգեցնի Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի բարդությունների՝ ասաց քաղաքագետը: Այս հարցին վերջերս անդրադարձավ նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Արձագանքելով հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման դեպքում, հնարավո՞ր է, որ Հայաստանն ստիպված լինի ընտրություն կատարել՝ նա շեշտեց, որ Հայաստանը միշտ էլ առաջնորդվում է իր շահերով, ապա հավելեց. «Հիշեցնեմ, որ այն իրավիճակը, որ երբ առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ն, նույնիսկ այդպիսի պատկերացում կար, որ կարող է ռազմական գործողություն սկսվել, Հայաստանն այդ ժամանակ էլ որևէ ընտրություն չի կատարել: Մենք ազնիվ ենք եղել մեր տեղում և ունեցել ենք հարաբերություններ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ»: Փոխարտգործնախարարի խոսքով՝ սև ու սպիտակով չի կառուցվում աշխարհն այսօր. առաջնայինը սեփական շահերի գիտակցումն է քո երկրի շահերով առաջնորդվելը, մյուս կողմից էլ միջազգային խաղի կանոնները պահպանելը: «Ամեն մի երկիր ունի իր պատկերացումները, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք շահագրգիռ ենք մեր հարաբերությունները խորացնել Իրանի հետ և մենք երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը»:  

Հայաստանի հանրային ռադիո