Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կարեւորվել է ընտանիքներում կատարված հանցագործությունների վերացումը

Քննչական կոմիտեն առաջին անգամ ուսումնասիրել է ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների եւ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի առթիվ 2015 թ.-ին քննված քրեական գործերը: Ուսումնասիրությունների արդյունքներն այսօր հրապարակվել են՝ լրագրողների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի  մասնակցությամբ: Ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու մեր երկրում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը: Քննչական կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության եւ ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն: Սա կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը: Մանրակրկիտ ներկայացնելով թվերն ու ուսումնասիրության արդյունքները՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնք գործնականում առաջացել են եւ օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն ունեն: Դրանց մի մասն առնչվում է խափանման միջոցն ընտրելու: Քննչական կոմիտեում կարծում են, որ պետք է առավել խիստ լինել խափանման միջոց ընտրելիս՝ հաշվի առնելով, որ տուժողն ու բռնություն գործադրողն ապրում են նույն ընտանիքում, այսինքն՝ մեծ է բռնության կրկնվելու հավանականությունը: Նույն կերպ կանխարգելման տեսանկյունից պիտի մոտենալ նաեւ այն դեպքերին, երբ վարույթ հարուցելուց հետո լինում է հաշտություն, սակայն, այն իրական ու լիիրավ հաշտություն չէ: Ըստ էության՝ առաջարկվում է նաեւ օրենսդրորեն խստացնել այն դեպքերի վարույթների իրականացումը, երբ խոսքը ալկահոլիզմի առկայության մասին է: Այսինքն՝ երբ վտանգ կա, որ կարող է բռնությունը շարունակվել, ապա՝ պետք է վարույթը նույնպես շարունակել, եթե անգամ ընտանիքում եղել է համաձայնություն եւ տուժող կողմը չի բողոքում: Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, նշելով, որ ընտանեկան այդ հանցագործությունները հաճախ քողարկված են, այդուհանդերձ, քննիչները պիտի կարողանան ի հայտ բերել դրդապատճառները, նաեւ՝ նախկինում եղած նման դեպքերը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի ուսումնասիրության արդյունքում արված եզրահանգումներն իսկապես ուղղված են կանխարգելիչ գործողություններին, որոնք անհրաժեշտ են: Նրա կարծիքով, սակայն, անհրաժեշտություն կա դրանք քննարկելու ավելի լայն ձեւաչափով՝ ներգրավելով նաեւ քաղաքացիական հասարակությանը: Խնդրի կարեւորությանը հակիրճ անդրադարձան նաեւ մեր երկրում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը, մասնավորապես, կարծիք հայտնեց, որ Քննչական կոմիտեի անցկացրած ուսումնասիրություններում տեղ գտած թվերն ու փաստերը կարող են միանգամայն ցրել ընտանեկան բռնությունների վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերը եւ ցույց տալ, որ ընտանեկան բռնությունը չի ճանաչում տարիքային եւ սեռական պատկանելություն: Նա կարեւորեց հատկապես այն հանգամանքը, որ քննությունը շարունակվի այն դեպքերում էլ, երբ թվում է, թե վեճի կողմերը հաշտվել են: Ըստ դեսպանի՝ այդ առումով օգտակար կարող է լինել ԱՄՆ փորձը: Նշենք նաեւ, որ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր «Անբասիր ծառայության համար» մեդալներով պարգեւատրեց մի խումբ քննիչների, ովքեր ընտանեկան բռնությունների կոնկրետ գործերով քննություններ են վարել՝ մինչեւ վերջ բացահայտելով դրդապատճառներն ու հասել ավելի ծանր հանցագործությունների կանխարգելման:

Հայաստանի հանրային ռադիո