Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով. Հայաստանի եւ Մոլդովայի ԱԳ նախարարների հանդիպումը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։ Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով: Կողմերը հագեցած քննարկումներ ունեցան երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկու պետությունների միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, քննարկվեցին առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորվեց գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը: Էդվարդ Նալբանդյանը և Անդրեյ Գալբուրն անդրադարձան միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իր հերթին պարոն Գալբուրը ներկայացրեց Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման օրակարգում էր նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Զրուցակիցները համակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին չորս փաստաթուղթ՝ Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների միջև մուտքի արտոնգագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. ծրագիրը, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Հայաստանի հանրային ռադիո