Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կայունացման բյուջե՝ ֆինանսների նախարարը ԱԺ- ում գտավ հաջորդ տարվա բյուջեի որակումը (լրացված)

տեղադրվել է ժամը 13։31- ին լրացվել է ժամը 17։32- ին ԱԺ- ում 2017-ի բյուջեի քննարկումը սկսվեց դժգոհություններով: Վարչապետն իր թիմի հետ բացակայում էր եւ այդ քայլը պատգամավորները կրկին որակեցին իբրեւ անհարգալից վերաբերմունք օրենսդիր մարմնի նկատմամբ: Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին բացակայում էր: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր բացատրեց, որ պատճառը գործուղումն է՝ վարչապետը չի կարող լինել երկու վայրում միաժամանակ: Հիշեցնենք, որ վարչապետը Մոսկվայում է, նա մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։   Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր խորհրդարանում ներողություններով սկսեց ներկայացնել 2017-ի բյուջեի նախագիծը: Նախարարը սակայն ներողություն էր խնդրում ոչ թե չբարձրացող կենսաթոշակների եւ աշխատավարձերի, այլ պարզապես արդարանում էր իր գործընկերների համար: Կառավարության անտարբերությունից պատգամավորները խիստ վիրավորվել էին: Դեռ երեկ էր հայտնի, որ այսօր կեսօրից խորհրդարանում պետք է սկսվեն բյուջեի քննարկումները, բայց նախատեսված ժամին ոչ վարչապետն էր եկել խորհրդարան, ոչ էլ՝ նախարարները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնիսկ չփորձեց թաքցնել զայրույթը: Այսպիսով՝ հաջորդ տարվա բյուջեի հարցը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրեց  ոչ թե վարչապետը՝ նախարարների ուղեկցությամբ, ինչպես դա եղել է տարիներ շարունակ, այլ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ միայնակ: 2017-ին 3.2 տոկոսի տնտեսական աճին կնպաստի արդյունաբերությունը, սոցիալական ապահովությունն ու առողջապահությունը կրկին կլինի պետության ուշադրության կենտրոնում, կրթության ոլորտից կրճատումներ չեն նախատեսվում, բյուջեի պակասուրդը կհասնի 150 միլիարդի, բայց կառավարությունը կփորձի նվազեցնել արտաքին պարտքի աճի տեմպերը (այլ կերպ ասած՝ վարկեր կվերցնեն ոչ ավելի, քան երկու տոկոսի սահմաններում): Պատգամավոր Արամ Մանուկյանը նկատեց՝ Վարդան Արամյանն առաջին նախարարն է, որ այսօր առաջին անգամ անկեղծորեն հայտարարեց, որ արտաքին պարտքի առումով մոտենում ենք վտանգավոր շեմին՝ ՀՆԱ- արտաքին պարտք հարաբերակցության 55 տոկոսին: <<Տարիներ շարունակ լսել ենք հակառակը>>,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ տարակուսելով հրապարակված մեկ այլ թվից: 2017-ին հարկային եկամուտներն ավելանալու են 0.3 տոկոսով։ Ֆինանսների նախարարի հրապարակած այս թիվն անվստահություն առաջացրեց Արամ Մանուկյանի մոտ: Ֆինանսների նախարարի հրապարակած թվերը կասկածի տակ դրեց նաեւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Ասում է՝ 3.2 տոկոսի կանխատեսվող աճը մեր տիպի երկրի համար կրելու է գոյատեւման բնույթ: 2017-ի բյուջեի նախագիծը լսելուց հետո պատգամավորներն առանձնապես տարբերություններ չգտան եւ այդպես էլ չհասկացան՝ ինչ է անելու այս կառավարությունը, որ չեն արել նախորդները: Նմանատիպ հարցեր առաջացան, օրինակ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտ: Պատկերավոր ասած, հայտնվել ենք այնպիսի վիճակի մեջ, որ ցանկացած պահի անհրաժեշտ կլինեն անվտանգության բարձիկներ՝ նկատում է ֆինանսների նախարարը: «Դեռեւս նախադրյալներ չկան, բայց որեւէ երկիր ապահովագրված չէ, որ արտաքին շոկ չի լինի: Աստված մի արասցե, նման շոկ, եթե էլի տեղի ունենա, մենք պետք է ունենանք համապատասխան բարձիկներ՝ առանց վտանգելու մեր տնտեսական իրավիճակը, մակրոտնտեսական կայունությունը, նորից հակազդենք տնտեսական արտաքին շոկերին: Դրա համար մեզ պետք է, որ մենք պահպանողական լինեն 2017-ին: Կառավարության մշակած բյուջեում հակասություններ նկատեց նաեւ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Ինչ վերաբերում է քննարկվող փաստաթղթին, ապա դրա հիմքում ընկած է չորս սկզբունք՝ մակրոտնտեսական քաղաքականություն, տնտեսական կայունության ապահովում, երրորդ սկզբունքը՝  հարկային պարտավորություններն են: Վարդան Արամյանի խոսքով՝ չպետք է հարկային պարտավորությունները կատարելու համար տնտեսվարողների վրա լրացուցիչ էական ճնշումներ առաջացնող քայլեր արվեն:  Դե իսկ չորրորդ սկզբունքը՝ պետության կողմից ծախսային պարտավորությունների կատարումն է։  <<Չպետք է սուղ միջոցների պատճառով պետության միջոցով մատուցվող ծառայությունների որակն ընկնի>>,-  ընդգծեց ֆինանսների նախարարը:

Հայաստանի հանրային ռադիո