Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կայունության, թե՞ հանուն աղքատության. Բյուջե-2018-ը քննարկվեց խորհրդարանում

Հաջորդ տարվա բյուջեի նախագիծն այսօր ԱԺ է բերվել վերջին անգամ եւ վերջնական տեսքով: Ուրբաթ օրն արդեն կունենանք նոր ֆինանսական փաստաթուղթ: Այն, սակայն, խորհրդարան էին բերել ոչ վարչապետը, ոչ էլ փոխվարչապետը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայությունը որոշ պատգամավորների մոտ կասկածներ հարուցեց, որ կառավարության ղեկավար կազմը անտարբեր է փաստաթղթի հանդեպ: Գործադիր իշխանության կողմից պատգամավորները անտարբերություն են տեսնում նաեւ համատարած թանկացումների նկատմամբ: Քննարկումն Աժ-ում շատ սուր ստացվեց:     Ընթերցում են նույն փաստաթուղթը, բայց տեսնում են տարբեր իրողություններ՝ այսպիսին են հաջորդ տարվա բյուջեի հանդեպ պատգամավորների մոտեցումները: Մի դեպքում ասում են, որ կայունացնող բյուջե է ներկայացվել, մյուս դեպքում կանխատեսում՝ 2018-ը թանկացումների տարի է լինելու: «Ծառուկյան» խմբակցությունն այլեւս չի հավատում գործադիր իշխանությանը: «Բարձր նոտաներով եկած կառավարությունը տվեց զրո արդյունք»,- «Ծառուկյան» խմբակցությունից հայտարարում է Նաիրա Զոհրաբյանը: Դաշնակցության վստահությունը դեռ պահպանվում է, կառավարությունից բարեփոխումների շարունակություն են սպասելու՝ ասում է Աղվան Վարդանյանը: Նախորդ քննարկումից հետո կառավարությունը պատգամավորներից եւ խմբակցություններից ստացել է 111 առաջարկ: Դրանք ունեն իրենց հստակ գինը եւ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբ, կառավարության մտադրությունների հետ համընկել է հատկապես առողջապահության ոլորտի հետ կապված առաջարկը: Պատկերավոր համեմատություններն ու զուգահեռներն այսօր խորհրդարանում շատ էին: Ասենք՝ գիտության ֆինանսավորման առումով զուգահեռներ անցկացվեցին Մոզամբիկի պետական բյուջեի հետ: Այնտեղ բյուջեի 1.8 տոկոսն է հատկացվում գիտությանը, մեզ մոտ՝ 1.6 տոկոսը: Մեկ այլ պատկերավոր ներկայացմամբ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ նաեւ հենց այս պահին ծնվածը՝ արդեն 2200 դոլար պարտք ունի։ Սա էլ՝ արտաքին պարտքի համատեքստում է: Ֆինանսների նախարարն այսօր ստիպված էր պատասխան տալ ոչ միայն ներկայացված թվերի, այլեւ թույլ տված արտահայտությունների համար: Բյուջեից կրկին թվեր. գնաճը կանխատեսվել է 4 տոկոս: Սա վերջին տարիների ամենաբարձր կանխատեսումն է՝ հիշեցնում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրան հակադարձում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները պատրաստվում են դեմ քվեարկել հաջորդ տարվա բյուջեի նախագծին: Կոալիցիոն գործընկերներ հանրապետականն ու դաշնակցությունը, սակայն, իրենց կողմնորոշմամբ ապահովելու են փաստաթղթի ընդունումը: Քվեարկությունը կկազմակերպվի ուրբաթ օրը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է՝ կա դեռեւս օրինագիծ, որը պետք է քննարկվի եւ քվեարկվի, առանց որի պետական բյուջեի նախագիծը չի կարող քվեարկվել:

Հայաստանի հանրային ռադիո