Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Կրկնակի տոն.Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը

1869 թվականի փետրվարի 19-ին Տեր Թադևոսի ու գեղջկուհի Սոնայի ընտանիքում ծնվեց Մեծ Լոռեցին, ով հետո պիտի դառնար Անհաս Արարատը մեր քերթության: 2008 թվականից ի վեր Հովհաննես Թումանյանի ծննդյյան օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Վաղը գրքեր կնվիրենք միմյանց ու կհիշենք մեր մեծ բանաստեղծին, որի  ամբողջ ստեղծագործության, նրա չափածոյի, արձակի, հոդվածների ու նամակների վրա, ինչպես գրում էր Մահարին, սավառնում է մի լավատես, կենսահաստատ, օլիմպիական վսեմ շունչ։ Այս է, որ կոչվում է Թումանյանի աշխարհը։ Այստեղ կա և դառնություն, և ցավ, և հայոց վշտի ծովում լողացող մի տառապող հոգի, նախապաշարումներից խելագարված Սաքո ու սիրուց խելագարված Անուշ, մեծ քաղաքի հիվանդանոցում մոմի նման մարող Գիքոր, և Գառնիկ ախպեր, և Առյուծ Մհեր, հարսանիք ու մենամարտ, եղեռն ու հոգեհանգիստ։     «Երիտասարդներն այսօր այլ հետաքրքրություններ ունեն: Նրանք չեն կարդում Թումանյան»: Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի տիկին Լարիսայի կարծիքը գուցե կիսեինք ու տխրեինք, եթե չշարունակեինք զրույցը նաև երիտասարդների ու ոչ այնքան երիտասարդների հետ: Սիրում ու կարդում են արդյոք Թումանյան: Վերջին շրջանում գրախանութներում տիրող աշխուժությունը հույս է ներշնչում, որ գիրքը կրկին վերադառնում է մեր առօրյա: «Դա Թումանյանի կենսակերպն էր, և բազմաթիվ են հուշերը այն մասին, որ գրպանի մինչև վերջին կոպեկը պատրաստ էր տրամադրել նախընտրելի գիրքը գրախանութից ձեռք բերելու համար: Որպես բարձր ճաշակի տեր անձնավորություն Թումանյանն ուներ իր համար խիստ կարևոր սկզբունք. գիրքը պետք է լիներ գեղեցիկ կազմով: Իր գրքերը հրատարակելիս ևս այդ սկզբունքը սրբորեն պահպանում էր»,- պատմում է Թումանյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը։ Գրողի  կրտսեր դստեր՝ Թամար Թումանյանի շնորհիվ 1985  թվականից թանգարանի  առանձին հատվածում ներկայացված է հայտնի Վերնատունը, որը ոչ միայն վերնականների խոսք ու զրույցի, աղմկոտ հավաքույթների վայրն էր, այլև գաղտնի ժողովների կենտրոնը: Ազգային բազմաթիվ խնդիր Վերնատանն են քննարկվել՝ հաճախ  Զորավար Անդրանիկի մասնակցությամբ, ով ևս բառ ու բանի մեծ սիրահար էր։ «Թումանյանը հավաքույթները շատ կարևորում էր և ասում՝ իմ ճաշն էլ է գործ… Ամենակարևոր հարցերը հաճախ ճաշի սեղանի շուրջ էին լուծվում: Ի դեպ՝ ժամանակին հենց  Թումանյանն  է հուշել, որ երեխային որևէ բան փոխանցելու  լավագույն մեթոդը խաղն է: 1915 թվականի  ջարդերից հետո, երբ երկրում ողբ, ցավ, համաճարակ ու կսկիծ էր, Թումանյանը  Էջմիածնում ապաստանած հայ հազարավոր որբերի համար խաղեր էր մտածում։ «Հրաշալի հումորով էր օժտված նաև Թումանյանը, ինչպես և Կոմիտասը, այդ հարցում նրանք շատ են նման: Թումանյանի ծոցատետրերում գրառված անեկդոտներն ու հոմորներն անսպառ են»,-ասում է թանգարանի աշխատակիցը: «Որն է Թումանյանի մեծության նախանշանը։ Երևի այն, որ այս հմուտ , հանճարեղ լոռեցին մտնում է հայի հոգու, սրտի և մտքի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև ծերություն և մահ։ «Չախչախ թագավոր»-ից, «Մի կաթիլ մեղր»-ից մինչև իմաստության «Քառյակները», մինչև «Դեպի անհունը»։ Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ թումանյանով են զգացել»,-գրում էր Գուրգեն Մահարին Հովհաննես Թումանյանի մասին։

Հայաստանի հանրային ռադիո