Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Լավրովի այցի շեշտադրումները՝ ըստ քաղաքագետների

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին այցն ընդգծված հավասար հեռավորության վրա էր Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Քաղաքագետ Խաչիկ Գալստյանի գնահատականն է: Դա քաղաքական առումով գուցե արդարացված էր, սակայն, հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները, քաղաքագետը կարծում է, որ այդ դաշնակցային հարաբերությունների որակը պետք է շեշտվեր: Քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանի գնահատմամբ՝ Լավրովի այցը սովորական այցերից էր, առանձնապես ոչ մի նորություն այն իր մեջ չէր պարունակում: Նման այցերի ժամանակ քննարկվում է  ԼՂ խնդիրը, սակայն, հասկանալի էր, որ որեւէ առաջընթաց, լուրջ փոփոխություն անհնար է ակնկալել. հենց այն պատճառով, որ ղարաբաղյան հարցը այն փուլում չէ, երբ կարելի է սպասել լուրջ փոփոխություններ՝ շեշտել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենը: Խոսելով ԼՂ կարգավորման սպասելիքների մասին՝ քաղաքագետ Խաչիկ Գալստյանը նկատեց, որ Լավրովն ինքը քար գցեց հակամարտության շուտափույթ կարգավորման լավատեսության վրա՝ նշելով, որ խնդիրն իսկապես ցավոտ է, դժվարին եւ առնվազն երկարատեւ ու ծանր բանակցություններ են սպասվում: «Այսօր կարգավորման սեղանին դրված են բոլոր փաստաթղթերը, որոնք փաթեթային բովանդակություն ունեն և միջնորդները որևէ կողմին թույլ չեն տալու փաթեթից դուրս հանել ինչ-որ բաղադրիչ: Դա որոշակի ուղերձ էր Ադրբեջանին, որը միշտ փորձել է առանձնացնել կարգավորման առանձին բաղադրիչ: Մինսկի խմբի ֆորմատի փոփոխման վերաբերյալ ևս հստակ հնչեց պատասխան, ըստ որի՝ ով կարող է ներդրում ունենալ կարգավորման գործում, արդեն Մինսկի խմբում է»: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ՝ առանձնապես ոչ մի նորություն Լավրովի այցը իր մեջ չէր պարունակում և ֆորմալ առումով այն նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ ամյակին: «Հասկանալի է, որ երբ այց է լինում Բաքու և Երևան, ենթադրվում է, որ եթե ոչ հիմնականում, ապա պետք է լինի ԼՂ կարգավորման հարցի քննարկում: Այդ քննարկումը եղել է: Լավրովն ինքն ասաց, եւ հասկանալի էլ էր, որ ներկայիս փուլում ոչ մի առաջընթաց, ոչ մի լուրջ փոփոխություն անհնար է ակնկալել Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում»: Այցը ուներ այն նշանակությունը, ինչ ուներ: Հանդիպումները, տարբեր այցերը ուղղված են իրավիճակը պահելու այնպիսին, ինչպիսին կա՝ ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ նման այցերից սպասումներն էլ արդարացված չեն: Միաժամանակ, վերլուծաբանը նկատեց, որ ուժի մակարդակի գործոնը նվազել է եւ դա, քաղաքական ու ռազմական առումներով, երկարատեւ աշխատանքի արդյունք է, այդ թվում՝ նման այցերի: «Այդ թվում նաեւ միջազգային տերությունների աշխատանքներն ուղղված են նրան, որ գործընթացը դուրս չգա վերահսկողությունից, որ  չվերածվի  այնպիսի չափերի էսկալացիայի, ինչպիսին տեղի ունեցավ ապրիլին»: Քաղաքագետ Խաչիկ Գալստյանն ասաց, թե  ինքը հաճելիորեն զարմացած է,  որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բավականին խրոխտ ու համարձակ կեցվածքով հանդես եկավ՝ Ադրբեջանի ղեկավարության հասցեին հնչեցնելով կոշտ քննադատություն: Չնայած դրան, Խաչիկ Գալստյանը կարծում է, որ մի շարք հարցերի մասին չխոսվեց: Օրինակ՝ անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի հստակ պահանջի, խաղաղապահների ու տարածքների հնարավոր հանձնման հարցերի մասին: «Ցավոք սրտի եմ ասում, այս օրերին ընդհանրապես չհնչեց Արցախի ձայնը, ինչը ինձ համար մի քիչ մտահոգիչ է: Քանի որ մենք երբեմն մոռանում ենք, որ Արցախը հակամարտության լիիրավ կողմ է, արցախի ժողովուրդն է ընտրել իր սեփական ճակատագիրը տնօրինելու անխախտ իրավունքը, ինքն է որոշումներ կայացնում եւ այս հակամարտության հիմնական սուբյեկտն, առնվազն, դա Արցախի ժողովուրդն է»: Քաղաքագետի խոսքով՝ մեր իշխանությունները բանակցում են այն սկզբունքով, որ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ ճշտված չէ: Ադրբեջանն ասում է, թե այն հարցերում, որոնցում ունենք համաձայնություն, եկեք դրանք կյանքի կոչենք: Նման պայմաններում, Խաչիկ Գալստյանի համոզմամբ նույնպես, կարգավորման գործընթացում այս պահին որեւէ էական առաջընթաց ապահովելն անհնար է, քանի որ նման բարդ կարգավորման հարցում պետք է վստահություն լինի, իսկ վստահության մեխանիզմների ուղղությամբ ոչինչ չի արվել՝ եզրափակեց վերլուծաբանը: Ալեքսանդր Իսկանդարյանն էլ նկատեց, որ հանձին Ադրբեջանի Հայաստանը վստահելի գործընկեր չունի եւ այդ պատճառով էլ Մինսկի խումբն զբաղվում է  հակամարտության մենեջմենթով, ոչ թե հենց բուն կոնֆլիկտով:

Հայաստանի հանրային ռադիո