Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Լավրովի հայտարարության տողատակերը

Արևմուտքի ապակառուցողական մոտեցումների մասին  այսօր հայտարարություն արել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, նշելով որ ղարաբաղյան խնդիրը վաղուց կարգավորված կլիներ եթե Արևմուտքն ընդուներ Ռուսաստանի առաջարկները: ԱԺ նախկինպատգամավոր Թևան Պողոսյանը Լավրովի հայտարարությունն ընդունում է իբրև Ռուսաստանի ապագա դիվանագետների առջև Ռուսաստանի շահերն առաջ տանող մոտեցում: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ խոսում է Բաքվի ապակառուցողական քաղաքականության մասին: Ղարաբաղյան խնդրի կարգավորված լինելու կորցրած հնարավորության մասին է  Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ու հայտարարել, որ  եթե Արևմուտքն ընդուներ Ռուսաստանի առաջարկները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ: ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների ու երկկողմ հռչակագրերի կյանքի կոչելու հարցին անդրադառնալով նա նշել էր՝ ցավոք այդ հռչակագրերը մնացել են թղթերի վրա: «Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են մեր արևմտյան գործընկերների կողմից: Ես վստահ եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունն իսկապես ստանար իրավաբանորեն պարտավորեցնող ձև, շատ հակամարտություններ, որոնք այժմ կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,- ասել է Լավրովը: Նա հիշատակել էր Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունները, միևնույն ժամանակ շեշտելով թե այդ դեպքում  ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի: «Հավասար անվտանգության իրավաբանորեն պարտավորեցնող նորմի պայմաններում մենք վաղուց կպայմանավորվեինք Անդրկովկասում ուժի չօգտագործման հարցում, ինչին վաղուց ենք ձգտում»,- շեշտել է ռուս նախարարը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նախ հստակեցրեց, որ ղարաբաղյան խնդիրը վաղուց լուծված կլիներ, եթե Բաքուն հակված լիներ ընդունելու միջազգային հանրության կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակասությունների հարցին, ապա Դավիթ Բաբայանը հստակեցնում է: «Միակ խնդիրն է, որտեղ հակասություն չկա ՌԴ ու Արևմուտքի միջև»: Վերլուծաբան Թևան Պողոսյանի կարծիքով էլ՝ Լավրովի հայտարարությունը պետք է ընդունել իբրև Ռուսաստանի գլխավոր դիվանագետի կողմից այդ երկրի ապագա դիվանագետների առջև Ռուսաստանի իրավացիությունն ու կարևորությունն ընդգծող հայտարարություն: Հարկ է հիշեցնել, որ այսօր ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված են ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկները, որոնք ոչ մի դեպքում չի ընդունում Բաքում, ավելին այդ երկիրը մերժում է անգամ իր իսկ ստանձնած Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանձնառությունները:

Հայաստանի հանրային ռադիո