Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան բանակցությունները դուրս բերել ճգնաժամից, հետեւաբար՝ այս փուլում քննարկվող առանցքային թեման աշնանը նախատեսվող հանդիպումն է: Ոմանց գնահատմամբ՝ եթե բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով, այսինքն՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների՝ վստահության մեխանիզմների եւ մոնիթորինգի ամրապնդման երաշխիքներից հետո: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, սակայն, այս երկու պայմանավորվածություններում կան չերեւացող հակասություններ՝ առաջնահերթությունների առումով, եւ Հայաստանը պետք է ետքայլ չանի Վիեննայի պայմանավորվածություններից: Ըստ նրա՝ այդ հարցը Պուտին-Սարգսյան այսօրվա հանդիպման նուրբ կոնտեքստն է: «Ռադիոլուրը» թեմայի շուրջ զրուցել է նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Ակնահայտ է, որ Պուտին-Սարգսյան այսօրվա հանդիպման կարեւորագույն մասը կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումը: Քաղաքագետը Ստեփան Գրիգորյանը դժվարանում է ասել, արդյո՞ք Ռուսաստանին կհաջողվի բանակցությունները «վերբեռնել»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ վերջերս բավականին ակտիվ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, մինչդեռ, հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանա որեւէ մեկին այս հարցով զիջել նախաձեռնողականությունը: «ԼՂ հարցը առանցքայինը կլինի, քանի որ Ռուսաստանը նորից ցույց կտա, որ ԼՂ հարցը իր ուշադրության կենտրոնում է: Ես չեմ կարծում, որ ինչ-որ որոշումներ կլինեն, կամ ճնշումներ մեզ վրա, բայց Ռուսաստանը կշոշափի մեր տրամադրությունները՝ Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումից առաջ, որը կլինի սեպտեմբերին Նյու-Յորքում»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չերեւացող հակասություններ ունեն առաջնահերթությունների մասով եւ այդ առումով՝ առաջինը ներկայացնում է ամերիկյան շահագրգռությունները, իսկ երկրորդը՝ ռուսական: Հետեւաբար, ըստ վերլուծաբանի.«Բնականաբար,  ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ազդել Նյու-Յորքում տեղի ունենալիք հանդիպման օրակարգի վրա՝ երկու կողմերին առավել հակելով դեպի սանկտ-պետերբուրգյան հանդիպման օրակարգը»: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Մինսկի խմբում  այսօր կա միասնական մոտեցում՝ առաջնագծում վստահության մթնոլորտի ձեւավորման հարցով: Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանը չի հրաժարվում նոր եւ հարձակվողական զենքեր գնելու նկրտումներից, իսկ Ռուսաստանն էլ վաճառում է նման զենքեր Ադրբեջանին: Քաղաքագետի ձեւակերպմամբ՝ դա ամենաէական հակասությունն է հայ-ռուսական հարաբերություններում: Նրա կարծիքով՝ դա նույնպես կշոշափվի Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: «Ես կարծում եմ, որ պետք է շոշափվի: Չեմ ասում՝ կոնֆլիկտային ձեւով, բայց պետք է ասվի, որ մենք մտահոգված ենք: Դա մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության ամենահակասող մասն է: Ես կարծում եմ, որ դա կշոշափվի: Բայց չեմ կարծում, որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը, քանի որ Ադրբեջանին զենքի վաճառքը Ռուսաստանի համար կարեւոր է, քանի այլ ոլորտներում այդ երկրները գրեթե չեն համագործակցում եւ Ռուսաստանը չի ցանկանա կորցնել այդ ազդեցության լծակը»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ, սակայն, ԼՂ հարցով կա մի կարեւորագույն  կոնտեքստ այսօրվա հանդիպման համար. «Եթե Ռուսաստանը, ինչպես Ադրբեջանը, շահագրգռված են առանց հետաքննության մեխանիզմների եւ ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնման, այպես ասած, առարկայական բանակցությունների վերսկսումով, ապա ճիշտ հակառակը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու նաեւ Հայաստանը շահարգգռված են ու նախապայման ունեն, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ, եթե խաղաղության միջազգային երաշխիքներ ստեղծվեն»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հանդիպման քննարկվող հարցերի թվում կլինի նաեւ Հայաստանի ակտիվությունը Եվրոպական հարթակում: Խոսքը, մասնավորապես, նոյեմբերին նախատեսված Հայաստան-ԵՄ նոր պայմանագրի ստորագրման մասին է: Ստեփան Սաֆարյանը նույնպես այս հարցն առանձնացրեց: Ըստ վերլուծաբանի, Հայաստանը պետք է Նյու-Յորքում ներկայանա նախեւառաջ Վիեննայի օրակարգի գլխավոր շահառուներից մեկի դիրքորոշմամբ: Նա նաեւ նկատեց, որ ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով տարակարծություն վերջերս հայտնել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով անդամ երկրներից մեկի՝ Հայաստանի հետ փակ սահմանը: Քաղաքագետը կարծում է, որ այս դիրքորոշումից Հայաստանը չպետք է հրաժարվի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ անցանկալի զարգացում կանխելու համար:

Հայաստանի հանրային ռադիո