Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են. քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են: Այս դիտարկումը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ արել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Խոսելով սահմանային լարվածության մասին՝ քաղաքագետը նկատել է, որ  ադրբեջանական ագրեսիայի պատճառը միշտ մեկն է, բայց առիթները տարբեր: Դրանք մեկը չեն, երկուսը չեն, տասնյակ առիթներ կան, որոնք հրահրում են Ադրբեջանի իշխանություններին լարել իրավիճակը՝ հայտարարել է քաղաքագետը: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, մինչդեռ, ո՛չ սահմանին, ո՛չ էլ ԼՂ հակամարտության շուրջ որեւէ նոր բան տեղի չի ունենում: Լարվածության ընդհանուր մակարդակը սահմանին այնքան է, ինչքան եղել է վերջին շրջանում:   Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի գնահատմամբ՝ վերջին շրջանի զարգացումների ֆոնին բավականին հետաքրքիր շեշտադրումներ եղան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթում՝ ԱԺ-ի 6-րդ գումարման մեկնարկի ժամանակ: Քաղաքագետի դիտարկմամբ՝ նախագահի կատարած շեշտադրումները նոր տեմպ են հաղորդում հակամարտության կարգավորման քննարկումներին: «Երբ Սերժ Սարգսյանը խոսում էր փոխզիջումային տրամաբանության մասին, նա ասաց, որ փոխզիջում ասելով հասկանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում: Ըստ էության, փոխզիջումային հասկացողությանը որոշակի նոր գնահատական է տրվել: Եթե մինչ ապրիլ հայկական կողմը «փոխզիջում» ասելով նաեւ ենթադրում էր տարածքների զիջում Ադրբեջանին, ապա հիմա տեսնում է միայն Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչը որոշակի չափով նյարդայնացնում է Ադրբեջանական կողմին»: Հայկական կողմը տարածքային զիջումներ անել չի կարող, որքան էլ մենք հայտարարենք, իրենք էլ հայտարարեն, որ դրան պատրաստ են: Չկան մեխանիզմներ, որոնք կյանքի կկոչեն փոխզիջումները՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝  այսպիսով հայկական կողմում հստակ բանակցային դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել, ինչին էլ ագրեսիվ է արձագանքում Ադրբեջանը: Քաղաքագետը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթում Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ գնահատականին: «Դա մադրիդյան սկզբունքների քննադատություն էր նախագահ Սարգսյանի կողմից: Նա ասաց, որ Մադրիդյան սկզբունքները բավական շատ հարցեր են առաջացնում եւ լավ է, որ դրանք կյանքի չեն կոչվել: Պաշտոնական Երևանն առաջին անգամ է, որ քննադատում է այս փաստաթուղթը, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են: Բոլոր այն փաստաթղթերը, որոնք նախկինում լուրջ  քննարկվում էին, այլեւս առնվազն հարցեր են առաջացնում պաշտոնական Երևանում»: Այսպիսով, ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, հայկական կողմը ուղերձ է հղել, որ Մադրիդյան սկզբունքների վրա հենվել այլևս հնարավոր չի լինի, եթե Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները վերսկսվեն: Ակնարկվում է այլ փաստաթուղթ, որի մասին դեռեւս որեւէ մեկը ոչինչ չի ասել:  Քաղաքագետը սպասելի է համարում, որ ապրիլյան իրադարձություններից հետո պետք է նման փոփոխություններ լինեին: Նրա խոսքով՝ հստակ է, որ բանակցային տրամաբանություն է փոխվել, սակայն, ապրիլից հետո փոխվեց, թե առաջ՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ ունենք այլ իրավիճակ՝ եզրահանգեց քաղաքագետը: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, կարծում է, որ նոր բան չի ասվել եւ ինքը չի տեսնում նոր ասված բան: Հասկանալի է, որ սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները: Այլ փաստաթուղթ, քաղաքագետի խոսքով, չկա: «Այն, ինչի շուրջ ընդհանրապես ընթանում է Մինսկի գործընթացը, դա հենց ինքնին այդ սկզբունքներն են: Դրանք ունեն տարբերակներ՝ կազանյան եւ այլն եւ այլն, բայց սկզբունքը, մոտեցումն այնտեղ ամենուր միեւնույնն է եւ ոչ մի նոր բան ոչ մի նախագահ չի ասել: Ադրբեջանի նախագահը դա ուղղակի ասել չի կարող՝ այնտեղ ուրիշ իրավիճակ է, Հայաստանի նախագահը դա ասում է եւ՝ ոչ առաջին անգամ»: Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում բավականին ժամանակ ոչ թե կարգավորմանն ուղղված գործընթացներ են, այլ՝ հակամարտության մենեջմենթ:  Այսինքն, դրանք ոչ թե հակամարտությունը լուծելու փորձեր են, այլ հակամարտության մեջ  ապրելու ռազմավարություն, իսկ Մադրիդյան սկզբունքներն էլ, ընդամենը, գործիքներից մեկն է: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաեւ ուշագրավ է համարում, որ այդ ամենին զուգահեռ զարգացում կա Ադրբեջանում. խոսքն այդ երկրում սկիզբ առած լրտեսական սկանդալի մասին է: Վերջին օրերին 5 լուր ստացանք, որ Ադրբեջանում հայկական կողմի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալված զինվորականները սպանվում են այդ երկրի իրավապահ մարմինների կողմից, փակ դագաղներով հողին են հանձնվում՝ առանց բացատրությունների: «Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում լուրջ խնդիրներ կան, դա խոսում է բարոյահոգեբանական իրավիճակի եւ պատրաստվածության  մասին: Նաեւ առիթ է տալիս ենթադրելու, որ նման վիճակով Ադրբեջանը այս պահին չի կարող պատերազմ վերսկսել, որքան էլ նրանց դա պետք լինի ապրիլյան ձախողումները վերականգնելու համար»: Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, ներքին կլանների պայքարի արդյունք է, իսկ թե ինչպես այդ ամենը կավարտվի՝ դժվար է ասելը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ ԼՂ հարցում Ադրբեջանի համար դիվանագիտական ճանապարհով փոփոխության հասնելն անհնար է, բայց ռազմական ճանապարհով հնարավոր, սակայն, Ադրբեջանը չունի ռեսուրսներ: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, մինչդեռ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ո՛չ մի հնարավորություն ներկայումս գոյություն չունի: Մենք այնպիսի փուլում չենգ գտնվում, երբ այդ մասին կարելի է խոսել լրջորեն: Հակամարտության լուծման իրական հնարավորություններ չկան, քանի որ չկա գործընկեր՝ Ադրբեջանի պահվածքը կարգավորման որեւէ հեռանկարի հնարավորության մասին մտածելու տեղ չի թողնում՝ եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայաստանի հանրային ռադիո