Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Լուսանկարն արվել է 2007-ին. «Ռադիոլուրը»՝ Սպիտակ անգղի որսի հետքերով

Երեկ երեկոյան համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ 3 տղամարդ պատկերված էին երկու անկենդան սպիտակագլուխ անգղերի նկարներով: Այդ գիշատիչ թռչունը գրանցված է Կարմիր գրքում և դրանց որսն արգելվում է: Հատկապես այս հանգամանքը վրդովմունքի մեծ ալիք է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում:  Երեկվանից համացանցում բուռն քննարկման առարկա են դարձել Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղների հետ արված լուսանկարները:   Մարդ կա որսորդ է , մարդ կա ճիճու Մարդ կա ապրում է չգիտես ինչու… Գրել է ՖԲ օգտատեր Տիգրան Քոչարյանը, հռետորական հարցադրում հնչեցնելով՝ «Ինչքա՞ն մտքի համբալ պետք ա լինես, որ հանցագործություն անես ու ավտոյիդ բաց համարներով նկարվես…»: Սպիտակագլուխ անգղը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է տարբեր Կարմիր գրքերում, հետեւաբար՝ որսն արգելվում է: Այս պարզ ճշմարտությունն իրական որսորդների համար սրբազան սկզբունք պետք է լինի՝ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային որսորդական միության» անդամներից, մեր լրագրող գործընկեր Հովհաննես Գրիգորյանը: Որսորդ միություններն էլ նման դեպքերը պետք է քննարկման առարկա դարձնեն՝ հավելեց «Ազգային որսորդական միության» անդամը՝ վստահեցնելով, որ իրենց միությունում ինքը խնդիրը կբարձրաձայնի: Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:  Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:  Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: ՖԲ օգտատերերն էլ երեկվանից փորձում էին հստակեցնել լուսանկարներում պատկերվածների ով լինելը: Ասում են նկարի վրայիններց մեկն  Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետն է՝ հայտնել էր նրանցից մեկը։ Ավելի ուշ հաստատվեց, որ քննարկվող լուսանկարի տղամարդկանցից մեկն Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է: Ֆեյսբուքյան օգտատերերն էլ նաեւ նրան ուղղված քննադատական խոսքեր են հնչեցնում: Օգտատերերից Լենա Նազարյանն, օրինակ, գրել է. Շենավան համայնքի որսագող գյուղապետը մտածում է, որ ծնվել է աշխարհում իր հրացանի հասանելիության շառավիղում գտնվող ամեն ինչ սպառելու, յուրացնելու, ուտելու, խրտվիլակ սարքելու ու նկարվելու համար: Օրենքի կատարման մասով հետամուտ կլինեմ, բայց ուզում եմ ասել, որ էս տեսակ մարդիկ ամեն ինչ սպառելու ռեժիմով են ապրում, որ մեռնելու պահին ամեն ինչ տեսած ու կուլ տված լինեն, չափի զգացողություն չունեն: Իրենք չեն զգում, որ կա այլ աշխարհի սահման, ուր մտնել չի կարելի: Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանի հետ այսօր կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն, որոշ լրատվամիջոցների հետ զրույցում նա պարզաբանել է համացանցում քննարկվող անգղների որսով հայտնի լուսանկարի պատմությունը: Ըստ նրա՝ այդ լուսանկարը 2007-ին է արվել ու արդեն մի քանի տարի է՝ ինչ իր facebook-ի էջում տեղադրված է. «Տասը տարվա լուսանկար է, դրանք մենք չենք որսացել, Թուրքիային կից տարածքում՝ Բագարան-Երվանդաշատ տանող ճանապարհին ենք տեսել, ճանապարհին անցնելուց տեսանք՝ անցորդներ էին կանգնել ու նայում, մենք էլ կանգնել ենք, նայել, հետաքրքրության համար նկարվել ենք: Մեզ էլ նկարել է անցորդներից մեկը, թողել ենք նույն տեղը, գնացել ենք: Հիմա նկարը տարածում են ու այնպես է ստացվում, որ դա եղել է երեկ կամ երեկ չէ առաջին օրը»: Ըստ գյուղապետի` լուսանկարում պատկերված անձանցից մեկն էլ պատահական անցորդ է: Գյուղապետի խոսքով, ինչ-որ մեկը միտումնավոր թարմացրել է այդ նկարը՝ տարածելով համացանցում գուցե իրեն վնասելու նպատակով: Գյուղապետը նաեւ ասել է, թե երեկվանից իրեն բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են զանգել՝ պարզաբանում ստանալու, այսօր էլ կանչել են մարզպետարան՝ բացատրություններ տալու: Այս պատմությանն այսօր արձագանքել է նաեւ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Բնականաբար, ոչ միայն դատապարտելի է, այլ նաեւ պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն անձինք, ովքեր որ կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում: «Սա իսկապես վայրագություն է: Ոստիկանությունը հրապարակել է գործողությունների վերաբերալ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը։ Լուսանկարների հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են գործողություններ, ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռևս 2013 թվականից, իսկ դա նշանակում է, որ դեպքն առնվազն դրանից հետո չի եղել։ Ինչևէ, սա հանցագործություն է բոլոր հատկանիշներով, և նյութերի հավաքագրումից հետո վստահ եմ՝ արժանի պատիժ կլինի»: Բնապահպան Ինգա Զարաֆյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, թե կոնկրետ այս դեպքն իրենք չեն ուսումնասիրել, ապա կարծիք հայտնեց, որ նման հնչեղության դեպքում այն թույլ տվողն, իհարկե, կպատժվի, բայց նրա ձեւակերպմամբ, դա եղանակ չի փոխի: Ինգա Զարաֆյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես մեզանում անօրինական որսը շատ ստվերային գործունեություն է. Ինգա Զարաֆյանը նշեց նաեւ, որ բնապահպանական կազմակերպությունները չունեն այդ ոլորտի անցուդարձի մասին նորմալ տեղեկություններ, եթե ինչ-որ պաշտոնական տեղեկություններ էլ կան, ապա, նրա խոսքով, դրանք իրենց համար արժանահավատ չեն, քանի որ նման դեպքերում, պարզապես, արդեն գործ ենք ունենում հետեւանքների հետ՝ ասաց: Բնապահպանը հավելեց նաեւ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք տարված քաղաքականության արդյունքում Բնապահպանական տեսչությունը, որը կոչված է նման դեպքերը կանխելու, այսօր նորմալ չի գործում: Խոսքը տեսչության պլանային ստուգումներն արգելելու մասին է: Այնինչ, ըստ բնապահպանի, ոլորտում խստացումներ պետք է լինեն: Խստացումների անհրաժեշտություն տեսնում է նաեւ մեր զրուցակիցներից «Ազգային որսորդական միության» անդամ Հովհաննես Գրիգորյանը: Այդ ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունը քայլեր պատրաստվում է կատարել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հայտնեց, որ նախարարությունը մտադիր է ավելի խստացնել նման դեպքերով քրեական պատասխանատվության համակարգը. «Որովհետև այսօրվա գործող օրենսդրությունն, իմ գնահատմամբ, բավականին մեղմ է նման հանցատեսակների համար, և առհասարակ որսի կանոնների փոփոխություններ ենք մտադիր իրականացնել որսորդական տնտեսությունների համար։ Այնպիսի կանոններ, որ ինչպես քաղաքակիրթ երկրներում է՝ ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»:

Հայաստանի հանրային ռադիո