Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Լյուդվիգ անունով ոզնին». Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը՝ այլ ժանրում

«Լյուդվիգ անունով ոզնին». պայմանական հենց այսպիսի վերնագիր ունի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր աշխատանքը, որն այս անգամ ռոմանտիկ կատակերգության ժանրում է: Ֆիլմի նկարահանման ընթացքին ականատես է եղել նաև «Ռադիոլուր»-ը: Նկարահանման հրապարակում ռեժիսոր Մհեր Մկրտչյանն է, ում հանդիսատեսը  ճանաչեց «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո։ Այս անգամ ռեժիսորը նկարահանում է  գեղարվեստական  ֆիլմ, բայց արդեն կատակերգական  ժանրում: Ասում  է, որ հետաքրքիր չէ  անընդհատ նկարահանել նույն ժանրի ֆիլմեր, պետք է պրպտել ու փորձել ամեն ժանր՝ գեղարվեստականից մինչև սերիալ: «Լյուդվիգ անունով ոզնին». սա ֆիլմի աշխատանքային վերնագիրն է: «Ռադիոլուրի» հետ զրույցում ռեժիսորը  չի բացառում, որ ֆիլմը պատրաստ լինելուց հետո վերնագիրը փոխվի։ Ֆիլմում  նկարահանվում են Սամվել Թոփալյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Անի Ամիրյանը, Քրիստինա Հովակիմյանի… «Կյանք ու կռիվը» դրամատիկ ֆիլմ էր՝ համեմված հումորով, իսկ «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգություն է, որը կարող է նաև հուզել հանդիսատեսին։ Գլխավոր դերակատարներից   Անի Ղազարյանը, բացահայտելով իր կերպարը, ասում է, որ այն տարբերվում է  նախորդներից: Անի Ղազարյանը, ի դեպ, առաջին անգամ չէ, որ նկարահանվում է ամուսնու ֆիլմերում, սակայն դերասանուհին  ասում է, որ  նկարահանման հրապարակում նա  այլևս Մհեր Մկրտչյանի կինը չէ, ու պատասխանատվությունն այս առումով ավելի մեծ է: Մեր զրույցը Անիի հետ ընդհատվում է, նկարահանումն արդեն սկսված է: Կադրում Մալյան թատրոնի դերասանուհի Քրիստիան Հովակիմյանն ու դերասան Ժան Նշանյանն են: Նշանյանը կերտում է ինքնասիրահարված ռեժիսորի կերպար, ով իր «ես»-ից բացի ոչ մեկին չի տեսնում: Իսկ  դերասանուհի  Քրիստինա Հովակիմյանը, ի տարբերություն այլ արտիստների, առաջին անգամ է նկարահանվում Մհեր Մկրտչյանի ֆիլմում: Նկարահանման հրապարակում Մհեր Մկրտչյանը պահանջկոտ է, մի տեսարանը կարող  է նկարահանել  մի քանի անգամ, ինչին  մենք ականատես եղանք:  Մենք այն պահին էինք  նկարահանման հրապարակում, երբ կադրում Անի Ղազարյան  էր ու լսում էր ռեժիսորի ցուցումները։ Դերասանական կազմի ընտրությունը Մհեր Մկրտչյանը մանրակրկիտ է անում։  Նա աշխատում է երիտասարդ դերասանների հետ, որոնք նոր են սկսում իրենց քայլերը, հանրությանը մի շարք անուններ հայտնի դարձան հենց իր ֆիլմերով: Սամվել Թադևոսյանը «Կյանք  ու կռիվ» ֆիլմից, Արծրուն Չոբանյանը «Կյանք ու կռիվ 2»- ից։ Այս կատակերգությունում էլ ռեժիսորն արդեն կանխազգում է, թե ով կարող է լինել նոր անունը, Ասում  է՝ իր առջև  միշտ խնդիր է դնում, որ իր ֆիլմերում նկարահանվող դերասաններն ամեն անգամ նոր մակարդակ  ցույց  տան, նոր դեմքով հանդես գան: Թե ինչ նոր ասելիք  կբերի այս ֆիլմը կատակերգական ժանրում՝ արդեն պարզ կլինի հանդիսատեսի արձագանքից։ Իսկ հանդիսատեսին դատին այն կհանձնվի արդեն 2018 թ գարնանը:

Հայաստանի հանրային ռադիո