Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մարտահրավերներով լի եւ փորձությունների հաղթահարման տարի. 2016- ը՝ քաղաքական գործիչների աչքերով

2016-ը իրականում եղել է բարդ տարի՝ մարտահրավերներով լի, բայց Հայաստանին հաջողվել է հաղթահարել նույնիսկ ամենադաժան փորձությունը: Թեեւ տարվա ավարտին մնացել է երկու օր եւ որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ այդ ընթացքում, բայց քաղաքական գործիչներն այսօր ամփոփել են անցնող քաղաքական տարին: Միջազգային իրադարձություններից Հայաստանի համար կարեւոր է համարվում Հռոմի պապի այցը: Այն ցույց տվեց, որ Հայաստանը քաղաքակրթության կարեւոր մասն է, միջազգային բազմաթիվ այլ իրադարձություններ ազդել եւ դեռ ազդելու են Հայաստանի վրա, տարվա կեսից արդեն նաեւ երեւաց, որ ընտրական եւ նախընտրական քամիներ են թափանցել հանրապետության տարածք: Կան նաեւ մի շարք կարեւոր իրադարձություններ, որոնք առանձնացրել են քաղաքական գործիչները: Ապրիլյան քառօրյա պատերազմը քաղաքական տարվա ամփոփումների առաջին հորիզոնականում է գտնվում կարեւորության առումով: Քաղաքական գործիչներն իրադարձությունը նշում են ինչպես կորուստների, այնպես էլ ձեռքբերումների շարքում: Կորուստներն ակնհայտ են՝ մարդկային կորուստներ եւ կորցրած 800 հեկտարը թանկ գին էր Հայաստանի համար: Սա նշում են բոլորը, բայց եւ ապրիլյան քառօրյա պատերազմը բավարար էր Հայաստանին վերադարձնելու ինքնավստահությունը՝ ասում է քաղաքական գործիչ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը: Ապրիլյան պատերազմը <<լյուստրացիա>> է անվանում նաեւ <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Չնայած այս ամենին՝ 2017 մտնում ենք երկու հայկական պետությունների առկայությամբ՝ նշում է <<Հայկական վերածնունդ>> կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը: Անցնող տարում մարդկային կորուստները կապում է ոչ միայն ապրիլյան պատերազմի հետ: Կուտակված խնդիրները լուծելու առումով մեծ հույսեր է արթնացրել կառավարության փոփոխությունը: Քաղաքական գործիչները սա էլ են նշում որպես անցնող տարվա կարեւորագույն իրադարձություն: Սպասումները սակայն <<Ազատ դեմոկրատներից>> Անժելա Խաչատրյանի եւ Ազատ Արշակյանի համար արդեն ի չիք են դարձել։ Կառավարության համատարած հանրապետականացումը՝ մեկ գիշերում 7 հազար մարդու կուսակցականացումը համապատասխան հետեւություններ անելու հիմք են տվել: «Շարք կանգնած ոնց որ ատամնաբուժարան գնան՝ մտան հանրապետական կուսակցություն ատամնազերծ լինելու համար»: Հանրապետականից պատգամավոր Արտակ Դավթյանը համեմատությունը տեղին չի համարում: Կատակում է՝ իր բոլոր 32 ատամն էլ տեղում է: Ինչ վերաբերում է տարվա ամփոփմանը՝ կարեւորում է մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ նաեւ կառավարության փոփոխությունը, նաեւ այդ շրջանակներում կատարված եւս մեկ փոփոխություն:  «Շատ կարեւոր բան էլ տեղի ունեցավ: Դա պաշտպանության նախարարի փոփոխությունն է: Մենք պատերազմող երկիր ենք: Զուտ քաղաքացիական անձի նշանակելով, շատ կարեւոր, գլոբալ փոփոխություն է այն առումով, որ բանակի նկատմամբ միանշանակ քաղաքացիական վերահսկողությունը պետք է ուժեղանա: Քաղաքացիական անձի նշանակումով, ես կարծում եմ, սա նաեւ մեսիջ էր, եւ կոնկրետ քայլ՝ թե ապրիլյան պատերազմից քաղված դասերի առումով, թե առաջիկայում ՀՀ-ն ինչ ուղղությամբ պետք է զարգանա եւ ինչու չէ նաեւ քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված կարեւոր քայլ է»։ Այն, ինչ մեզ չի սպանում՝ դարձնում է ավելի ուժեղ. ահա այս ասույթով է առաջնորդվում  հանրապետական պատգամավորը՝ մյուս քաղաքական գործիչների հետ միասին մաղթելով միեւնույն ցանկությունը՝ գալիք՝ 2017-ին կազմակերպել նորմալ, ազատ եւ թափանցիկ ընտրություններ՝ խորհրդարանական լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար:

Հայաստանի հանրային ռադիո