Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մերձավոր Արեւելքում հայերի թիվը նվազում է. որո՞նք են պատճառները

Մերձավոր Արեւելքում, այնտեղ, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը, եկեղեցիները եւ համայնքներն անհետացման եզրին են: Ինչո՞ւ. հարցի պատասխանը միանշանակ չեն մեկնաբանում արեւմտյան եւ արեւելյան փորձագիտական շրջանակները: Ըստ արեւմտյան քաղաքագիտական շրջանակների՝ Միջին Արեւելքում տեղի ունեցող պատերազմական գործողությունները տնտեսական բաղադրիչ ունեն, իսկ արեւելյան տեսակետի համաձայն՝ ներկայիս ստեղծված իրավիճակը խորը արմատներ ունի՝ հիմքում կրոնական դավանանքն է: Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության բաժնի անդամ Հրաչ Չիլիլգիրյանի «Ռադիոլուրին» ներկայացրած տվյալների համաձայն, վերջին 100 տարվա ընթացքում քրիստոնյաների թիվը կտրուկ պակասել է:   Միջին Արևելքում հայկական համայնքները սփռված են ավելի քան տասը երկրներում. հիմնականում` Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, Եգիպտոսում, Իսրայելում, Պաղեստինում, Հորդանանում, Քուվեյթում և Միացյալ Արաբական Էմիրություններում: Հայ համայնքի ընդհանուր թիվ դժվար է նշել, բայց մոտավոր հաշվարկների համաձայն՝ վերջին 40 տարում հայերի թիվն այստեղ նվազել է 65 տոկոսով։ Նշված երկրներից շատերում այսօր պատերազմական վիճակ է, ու ինչպես «Ռադիոլուրի» զրուցակից, Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության բաժնի անդամ Հրաչ Չիլիլգիրյանն է փաստում, կրոնական ծայրահեղականության վրա հիմնված հակամարտությունների լուծումը երկար տարիներ ձգձգվում է, իսկ այսօր գործող «Իսլամական պետության» պարագայում՝ անգամ անհույս դառնում: Քանի որ շարիաթի հաստատման եւ խալիֆաթի ձգտման տեսլականը կյանքի կոչելու համար մարդը, առավել եւս քրիստոնյա մարդը, դառնում է խոցելի, հայ համայնքի անդամներն արտագաղթում են առավել բարեկեցիկ երկրներ՝ ցավով արձագանքում է Չիլինգիրյանը՝ խնդիրը դիտարկելով սիրիահայերի տեսանկյունից: «Ռադիոլուրի» զրուցակից հալեպահայ գրող Սոսի Միշոյանը փաստում է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը շուրջ 6 տարիների ընթացքում ՀՀ չօգտագործեց որպես հայրենադարձության կազմակերպման տարբերակ, այլ հակառակը՝ եկածներից շատերը, հայրենիքը տարանցիկ երկիր ընտրելով, լքեցին: Սիրիահայերից շատերը մեկնում են արեւմտյան երկրներ, հիմնականում Կանադա: Գոհար և Ժան Գալստյանները, 4- ամյա Գեւորգի եւ 3- ամյա Ռիտայի հետ, Հայաստան են ժամանել 2016 թվականին։ Մտադրություն չունեն լքել Հայաստանը, մեկ դեպքում միայն, եթե խաղաղություն հաստատվի ծննդավայրում: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր է, Ժանը՝ սովորական աշխատող՝ պահակ: Պատերազմող Սիրիայում ծնված երեխաններն այսօր արդեն Հայաստանում են՝ իրենց խոսքով «լույս ունեցող Երևանում» ու, ի տարբերություն Հայաստանից հեռացածներից, չեն պատրաստվում երրորդ երկիր տեղափոխվել: «Այստեղ ապահով է, որը չկա ոչ մի ուրիշ երկրում»,-ասում է Գոհարը, եւ արցունքն աչքերին հիշում պատերազմի օրերը: Կառավարական զորքերի աջակցությամբ փրկված Գալստյանների ընտանիքը հայրենիքում, ինչպես եւ մյուսները, ունեն բնակարանի ու աշխատանքի խնդիր: Չնայած դժվարություններին` նրանց մի մասն ինքնուրույն, մյուսներն էլ  պետության կամ տարբեր ծրագրերի միջոցով աստիճանաբար փորձում են նորմալ կյանք վերադառնալ: Օրերս Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ՀՀ նախագահն իր ելույթում խոսեց հայրենադարձության մասին՝ շեշտելով, որ հայաստանյան և համահայկական կառույցներն արդեն երկար ժամանակ համակարգված աշխատանք են տանում Սփյուռքի համայնքներից դեպի հայաստանյան կյանք երիտասարդ մասնագետների, գործարարների հայրենադարձությանը օժանդակելու համար: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն առանձնացնում է գլխավորը՝ հայրենադարձությունը խթանող օրենքի բացակայությունը: Եվ ներկայացնում, թե քանիսն են կամավոր տեղափոխվել հայրենիք եւ հաստատվել, թվերի մեջ ներկայացված չեն սիրիահայերը: Երբեմնի 250 հազար համայնք ունեցող Սիրիայում այսօր բնակվում է 20 հազար հայ: Սիրիահայերը չեն բացառում, որ շատ հալեպահայեր ուղղակի քաղաքը չեն լքում, քանի որ այնտեղ ունենք ահռելի քանակության պատմամշակութային արժեքներ: Եթե սիրիահայերը դուրս եկան` դրանք կորած են՝ շեշտում են «Ռադիոլուրի» զրուցակիցները:

Հայաստանի հանրային ռադիո