Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Միասնական վիզա կենտրոնը. ինչու են դժգոհում քաղաքացիները

Մի քանի տարի առաջ շատերը շտապեցին հայտարարել, որ ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի  տրամադրումը դյուրացնելու համաձայնագիր կնքվեց եւ այսուհետ ՀՀ քաղաքացիներն ավելի հեշտությամբ կստանան բաղձալի վիզաները: Տարիների փորձը, իրականում, ապացուցեց հակառակը՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են մուտքի արտոնագիր տրամադրող միասնական կենտրոնի աշխատանքից:   Հայաստանի արտգործնախարարությունը տեղյակ է, որ արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիների մի մասը խիստ դժգոհ է 2015-ի մայիսից Երեւանում գործող միասնական վիզաների կենտրոնի աշխատանքից: Կենտրոնը թեեւ պետական չէ եւ ենթարկվում է եվրոպական կողմին, բայց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իրավունք ունի որոշակի միջամտությունների՝ տեղեկացնում է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Իսկ ինչից են դժգոհում քաղաքացիները՝ սպասարկման որակ, ժամանակի վատնում, լրացուցիչ քաշքշուկներ՝ չէ՞ որ միայն կենտրոն այցելությամբ երբեմն գործը չի սահմանափակվում: Հարկ եղած դեպքում քաղաքացին կրկին ստիպված է ընդունելության գնալ համապատասխան դեսպանատուն, բայց պատասխանը ստանալու համար կրկին գնալ միասնական կենտրոն: Եւ այդպես շարունակ գնալ ու գալ: Տարիներ առաջ միասնական կենտրոնի աշխատանքը հայտնվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Սակայն դա չօգնեց: Կառույցի աշխատանքից ՀՀ քաղաքացիների  դժգոհություններն արդեն հասել են նաեւ ԱԺ՝ տեղեկացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Խնդրին տեղյակ են, այն լուծելու վճռականություն կա, բայց պարզապես դժգոհություններով առաջնորդվել չեն կարող: ԱԳՆ-ին անհրաժեշտ են փաստեր՝ ասում է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Տուրիստական կազմակերպությունների աշխատակիցները փորձում են արդարացի լինել եւ մեզ հետ զրույցներում պարզաբանում են՝ կենտրոնում անհրաժեշտ ծառայությունների կողքին մատուցվում է, ասենք՝ փաստաթղթերի լրացման ծառայություն: Դա մեծապես ավելացնում է հերթերի կուտակման հավանականությունը՝ յուրաքանչյուր փաստաթուղթը լրացնելու վրա զգալի ժամանակ է ծախսվում: Ինչ վերաբերում է Շենգեն վիզայի ընթացակարգերի դյուրացմանը, ապա տուրօպերատորները փաստում են՝ մինչ այս պահը ոչ մի դյուրացում էլ չի եղել: Եղել է ժամանակ, երբ ԵԱՏՄ-ին միանալուց հետո զգացել են անգամ որոշ խստացումներ, բայց վերջին օրերի նոր իրողություններն ու ԵՄ հետ ստորագրված փաստաթուղթը հնարավոր է նոր փոփոխություններ բերեն դիտարկվող դաշտում:

Հայաստանի հանրային ռադիո