Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Միխայիլ Վրուբելի գողացված կտավի հետքերով

«Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի՝ Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի»,-դեռ մարտին,  Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի նախագահը  խոստումն իրականացրեց երեկ՝ Սերժ Սարգսյանին հանձնելով  22 տարի առաջ Երևանի Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը  Թամարի հոգու հետ» կտավը: 1890-ականներին ստեղծված  գծանկարը Միխայիլ Լերմոնտովի  «Դևը» պոեմի նկարազարդումներից է: Նկարը եղել է բալետի ռուս պարուհի  Եկատերինա Գելցերի հավաքածուում: Հետագայում այն գնել է մասնագիտությամբ բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանը, ում նախաձեռնությամբ և անձնական հավաքածուի հենքի վրա ստեղծվել է Երևանի Ռուսական արվեստի թանգարանը: 22 տարվա վաղեմությամբ քրեական պատմության հետքերով այսօր երևանյան Կասկադի Իսահակյան 38 հասցեում գտնվող Ռուսական արվեստի թանգարանում էինք: Գլխավոր ֆոնդահապ Վերա Սեմյոնի Կալչուրինան փոխանցում է դեպքի մանրամասները. «1995-ի հովհարաձև անջատումների ծանր շրջանն էր: Թանգարանի գիշերային հսկողությունն իրականացնում էին մասնագիտացված ծառայության աշխատակիցները՝ շների հետ միասին: Չարաբաստիկ օրը աշխատակիցը  բացակայել էր՝ հսկողությունը թողնելով միայն կապած շանը, որը հաչելուց բացի ոչինչ չէր կարող անել: Գողն այս մասին հավանաբար իմացել էր, նրան ոչինչ չէր խանգարել: Պատուհանը կոտրել, ներս էր մտել ու, կարծես թիրախավորված, գողացել Վրուբելի կտավը»: Ըստ ֆոնդապահի, հարուցված քրեական գործն էլ նման «լուռ» հանգուցալուծում ստացավ. անփութության համար դատապարտվեց ու  դատարանի դահլիճից ազատ արձակվեց ոստիկանության աշխատակիցը: Կտավից լուր չկար մինչև 2017-ի մարտը: Վրուբելի՝ գողացված ստեղծագործության  վերապտած տարբերակը տնօրեն Մարինե Մկրտչյանի աշխատասենյակում է: Կորստի մասին երբեք չեն մոռացել, այցելուներին էլ ցավով հաճախ  պատմում են այդ մասին: «Հիմա, իհարկե, ավելի հանգիստ ենք և սրտի տրոփով սպասում ենք Վրուբելի կտավի վերադարձին: Մինչև տեղ չհասնի, չտեսնենք, մեր ձեռքով չշոշափենք, հավանաբար չենք հավատա մեր երջանկությանը»: «Դևի» վերոնշյալ գրաֆիկական նկարազարդումից բացի, Միխայիլ Վրուբելից  երեք աշխատանք կա  թանգարանում: Դրանց թվում՝ 1880-ականներին ստեղծված «Սաֆո» -ն է,  «Իսպանական պարուհին» էտյուդը, ինչպես նաև «Ծովի արքայադուստրը» ջնարակապատ խեցեղեն քանդակը: Թանգարանը Կասկադի հիշյալ հասցեում գործում է  1984 թվականի նոյեմբերից: Վերա Կալչուրինան ասում է, որ պրոֆեսոր Աբրահամյանին երևանյան մի քանի հասցե են առաջարկել, բայց նա ընտրել է հենց այս տարածքը, որովհետև հավոզված էր՝  այս բացառիկ հավաքածուն պետք է ներկայացնել Երևանի սրտում, մարդաշատ  վայրում և ամենակարևորը՝ առանձին, ամբողջական թանգարանի տեսքով: «Այստեղ իսկապես ռուսական արվեստի բացառիկ նմուշներ կան: Նման արժեքավոր հավաքածու ունեցող թանգարան չունի նախկին  խորհրդային հանրապետություններից և որևէ մեկը»,-վստահեցնում է Կալչուրինան: Երևանի ռուսական արվեստի թանգարանի տնօերն Մարինե Մկրտչյանն ասում է, որ վերջին տարիներին այցելուների թիվը կտրուկ աճել է: Մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես դպրոցականներն ու ռուս զբոսաշրջիկները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելուների թիվն այս տարի աճել է շուրջ  30 տոկոսով: Թանգարանը վերջերս համալրվել է հայտնի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի նվիրաբերած երեք ստեղծագործություններով՝ Արա Աբրահամյանի և նրա տիկնոջ դիմանկարներով և թանգարանի հիմնադրի կիսանդրիով:

Հայաստանի հանրային ռադիո