Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Միջանձնայի՞ն հարաբերություններ ռեյտինգային ընտրատարածքներում

Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ երեկ դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում: Որոշ լրատվամիջոցներ փոխանցել են, որ նախնական տեղեկություններով դանակահարվածը ԲՀԿ‐ի մարզային կառույցի ներկայացուցիչ է, իսկ դանակահարողը ՀՀԿ‐ի շտաբից: Դեպքի հետ կապված այսօր հայտարարություն է տարածել Ոստիկանությունը՝ շեշտելով, որ մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվել է զանգվածային լրատվամիջոցներում, ինչի արդյունքում կատարվածը հանրային հնչողություն է ստացել որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում: Անձնակա՞ն, թե՞ միջկուսակցական խնդիրներ-հարցերին այսօր արձագանքել են նաեւ քաղաքական գործիչները:   Երեկ Մասիսում կատարվածի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ Ոստիկանությունը հաստատում է, որ ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից այն մասին, որ որովայնի շրջանում վնասվածք ստացած քաղաքացի է իրենց մոտ տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն այժմ պարզում է տվյալ անձի վնասվածք ստանալու հանգամանքները: Պարզվել է, որ դանակահարվածը 23 տարեկան Ադամյան Աբրահամն է: Հաղորդագրության մեջ Ոստիկանությունը նաեւ տեղեկացնում է, որ կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով: Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում: Կատարվածին այսօր անդրադարձան նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովն ու ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Մասիսում տեղի ունեցած դանակահարության եւ ցանկացած իրավախախտման գործով պիտի իրավապահները զբաղվեն: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, անդրադառնալով կատարվածին պնդեց, թե տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի. ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, սակայն, ճիշտ չի համարում Նաիրա Զոհրաբյանի կողմից արվող նման պնդումները: Հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանն արդեն հերքել է, որ տվյալ միջադեպն իր հետ որեւէ կապ ունի: Ասվածը նաեւ վերաբերում է բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապատեղեկատվություն տարածել՝ հավելեց Էդուարդ Շարմազանովը՝ վստահեցնելով, որ որպես իշխանություն հանրապետականն անելու ամեն հնարավորը, որ այս ընտրությունները լինեն օրինականության սահմաններում: Որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ վիրավորում ստացած քաղաքացուն Մասիսի ԲԿ‐ում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Էրեբունի ԲԿ‐ից էլ տեղեկացանք, որ Աբրահամ Ադամյանը վիրահատվել է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին: Ծառուկյան դաշինքն ասել է եւ շարունակելու է անել ամեն հնարավորը՝ ընտրությունները բացառապես քաղաքական դաշտում պահելու համար՝ հավելեց Նաիրա Զոհրաբյանը: Նա շեշտեց, թե ցանկացած քայլ ունի բումերանգի էֆեկտ: Նախընտրական պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ արդեն նման մի քանի միջադեպեր են գրանցվել, որոնց գլխավոր դերում հանրապետականներն են՝ մեկ այս, մեկ այն ուժի ներկայացուցչի ու նաեւ իրար դեմ: Այս դիտարկմանն ի պատասխան Էդուրդ Շարմազանովը շեշտեց, թե 98-ից ի վեր գլխավոր դերում հանրապետականն է, քանի որ իշխանություն է: Արհեստականորեն կրքերը բորբոքելուց զերծ մնալու կոչ է հղել նաեւ Ոստիկանությունը: Ոստիկանությունը քաղաքական ուժերի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ է անում զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից՝ եզրափակվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

Հայաստանի հանրային ռադիո