Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Մինչև 2020 թ. Արցախը ղեկավարելու է գործող նախագահը

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Մինչև 2020 թ. Արցախի Հանրապետությունը ղեկավարելու է գործող նախագահ Բակո Սահակյանը:  Չնայած ընտրությունները դեռ չեն կայացել, բայց այսպիսի եզրահանգման է դրդում Ազգային ժողովում ներկայացված խոշոր քաղաքական ուժերի որոշումը: Օրերս տեղի են ունեցել խորհրդարանում մեծամասնություն ունեցող Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական կուսակցությունների համագումարները, նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշում է ընդունել նաեւ ՀՅԴ Արցախի կառույցը: Այդ կուսակցությունների ներկայացուցիչները «Ռադիոլուրին» ներկայացրել են իրենց որոշումների դրդապատճառները։   2017 թվականի փետրվարի 20-ի ընդունված Սահմանադրության համաձայն երկրի նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները պետք է կայանան միաժամանակ: Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի  լիազորությունները լրանում են այս տարի, իսկ խորհրդարանին՝ 2020 թվականին: Այս երեք տարվա  տարբերությունը լրացնելու համար Սահմանադրության անցումային դրույթներում ամրագրվեց, որ  գործող նախագահի լիազորությունների ավարտին նոր նախագահ ընտրելու է Ազգային ժողովը։ Թեկնածուներին առաջադրելու են Աժ-ում ներկայացված խմբակցությունները: Ընտրություններին ընդառաջ՝ երեք քաղաքական ուժերը՝ «Ազատ հայրենիքը», ԱԺԿ-ն եւ ՀՅԴ-ն քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել եւ որոշել առաջադրել ու սատարել գործող նախագահի թեկնածությունը: Այլ թեկնածու առաջադրելը խորհրդարանում խառնաշփոթ կառաջացներ, քանի որ քաղաքական ուժերից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չունի, իսկ նախագահի թեկնածուն առնվազն քսաներկու ձայն պիտի ստանա՝ բացատրում է «Ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Վարդգես Բաղրյանը: Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած ժողովրդավարական կուսակցության համագումարը հուլիսի մեկին էր։ Նույն օրը տեղի ունեցավ վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի նիստը:  Որոշումները միանշանակ էին՝ առաջադրել ու պաշտպանել Բակո Սահակյանի թեկնածությունը: Այս երկու կուսակցությունների հետ Բակո Սահակյանի թեկնածությանը կողմ են նաեւ խորհրդարանում թվով երկրորդը հանդիսացող դաշնակցականները: Նրանք Բակո Սահակյանին սատարել են նաեւ 2007 եւ 2012 թվականների ընտրությունների ժամանակ: Անցումային շրջանը պետք է ղեկավարի այն իշխանությունը, որ պատասխանատվություն է ստանձնել Սահմանադրական բարեփոխումների համար։ Սա է Դաշնակցության տեսակետը: Թե՛ ժողովրդավարները, թե՛ «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչը  կարծում են, որ  ինչպես 2006-ի, այնպես էլ նոր Սահմանադրությունը  գործող նախագահների ընտրվելու իրավունքը չի սահմանափակում: Հիշեցնեմ, որ 2006 թվականին ԼՂՀ առաջին Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց իր երրորդ ժամկետով չառաջադրվելու մասին եւ հորդորեց Սահմանադրության ընդունումը չկապել իր հավակնությունների հետ: Արցախի հանրապետության նախագահի ընտրությանը նվիրված հատուկ նիստը հավանաբար տեղի կունենա հուլիսին 19-ին եւ խորհրդարանի 33 պատգամավորներից առնվազն 28-ը՝այդքան են երեք խոշոր ուժերի ներկայացուցիչները, առաջադրելու եւ  կողմ են քվեարկելու Բակո Սահակյանի թեկնածությանը:

Հայաստանի հանրային ռադիո