Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: ՀՀ Նախագահի այցը ԱՄԷ և արդյունավետ հանդիպումները երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ, ըստ Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչների, վկայում են երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին` ակտիվացնելու հայ-էմիրաթական հարաբերությունները նաև առևտրատնտեսական ոլորտում: Նրանք վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները: Հանրապետության Նախագահը հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ:

Հայաստանի հանրային ռադիո