Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նախընտրական առաջին դաշինքը

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017-ի  խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն  դաշինքով: Ընդդիմադիր երեք ուժերն այսօր հուշագիր են ստորագրել, որով ամրագրել են, որ համատեղ գործունեության  վերաբերյալ բոլոր՝ այդ թվում այլ ուժերի ներգրավման մասին  որոշումներն այսուհետ կկայացնեն կոնսենսուսով, նաև բանակցություններ կսկսեն նոր կուսակցություն ստեղծելու հարցի շուրջ:   Նոր դաշինքն առայժմ անվանում չունի, բայց առաջինն է, որ ստեղծվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Հայտը ընդդիմադիր երեք քաղաքական ուժերինն է՝  «Լուսավոր Հայաստան» , «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր»: Այս կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը  այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագիրն ամրագրում է համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին երեք ուժերի համաձայնությունը:  «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և  «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում են, որ  2017 թվականի խորհրդարանական և Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով, համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: Եվ վերջապես՝ համատեղ գործունեության ընթացքում կքննարկեն նաև միասնական կուսակցություն ստեղծելու հարցը: «Հանրապետություն» կուսակցության համար սա, ի դեպ, երրորդ դաշինքն է: Առաջինն «Արդարությունն» էր, հետո ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, հիմա արդեն դաշինքը «Լուսավոր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագրի» հետ:  Արամ Սարգսյանն ասում է՝ նոր   դաշինքը տարբերվում է նախորդներից: «Եռյակը ձևավորվել է  գաղափարական հենքի վրա»: Մեկ տարուց փոքր-ինչ ավելի քաղաքական կենսագրություն ունեցող «Լուսավոր Հայաստանի» անունից  Էդմոն Մարուքյանը նոր գործընկերներին վստահեցրեց. «Հավաստիացնում եմ, որ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ձեռք եք բերել անքննելի, անառարկելի և անսակարկելի գործընկերոջ»: Լրագրողներն անմիջապես հիշեցրին ՝ առնվազն երկու ամիս առաջ ՝ Վանաձորի ընտրությունների ժամանակ, «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» փոխադարձ մեղադրանքներով  քննարկում էին, թե ով է որպես ընդդիմադիր ավելի անքննելի ու անսակարկելի: Արդյո՞ք վերջնականապես պարզել են։ Հարցին անդրադարձան բանավեճի երկու կողմերն էլ ՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: Փաշինյան. Եթե մենք դիտարկենք վերջին ամիսների, և նույնիսկ ավելի երկարաժամկետ պատմությունը, կարող ենք ասել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, դրա հիմքում և խորքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը : Մարուքյան. Մեզ ոչ միայն քննադատում էին նրա համար, որ անհաշտ էինք, այլ նաև քննադատում էին, որ չենք միանում: Եվ մենք, վեր կանգնելով այդ ամենից, բնականաբար քննարկելով այդ ամենը միասին, սկսում ենք մի նոր՝ շատ կարևոր ճանապարհ: Նոր ուժերի ներգրավումը դաշինքում չեն բացառում, ասում են՝ համաձայնություն ունեն կոնսենսուսով բոլոր որոշումները կայացնելու: Ճիշտ չեն համարում ընդդիմադիր այլ ուժերին  նոր դաշինքը հակադրելը՝ հավաստիացնելով, որ  թիրախը միայն իշխանություններն են: Թե ո՞վ կգլխավոր ընտրական ցուցակը և ո՞վ կլինի դաշինքի վարչապետի թեկնածուն, դեռ չգիտեն:  Համենայն դեպս՝ վստահեցնում են, որ  նախկինում կայացված որոշումներն արդեն  իրավական ուժ չունեն:

Հայաստանի հանրային ռադիո