Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ներքաղաքական ակտիվ վերադասավորումները շարունակվում են

Իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հստակեցման գործընթացը մոտենում է եզրագծին: Օրենքով սահմանված առաջադրումների ժամկետի մեկնարկին մնացել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ: Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, որ մենք արդեն ունենք ձեւավորված որոշակի քաղաքական պատկեր: Ներքաղաքական քննարկումների առանցքային թեմաներից մեկը ՀՀԿ-ից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն ու իր հետ մի խումբ կողմնակիցների տանելն է:  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ վերադասավորումներ են տեղի ունենում ոչ միայն իշխանական դաշտում, այլ նաեւ ընդդիմադիր եւ այս պահին ունեցած պատկերն այն է, որ գրեթե բոլոր լուրջ քաղաքական ուժերը հնարավոր դաշինքների առումով արդեն ձեւավորել են առաջնահերթություններ եւ մոտեցումներ: Ներքաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են: Վերադասավորումներ ակնհայտորեն կատարվում են ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլ նաեւ իշխող կուսակցության տարբեր թեւերի ներսում՝ նկատում է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Իշխանական եւ ընդդիմադիր դաշտի վերադասավորումներից առանցքային խոսակցության թեմաներից մեկը վերջին շրջանում դարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու փաստը: «Դրա վառ օրինակը նախկին վարչապետի հետ կապված պատմությունն է: Կարծում եմ, այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք կունենանք մի իրավիճակ, երբ այս ընտրություններն ավելի աղմկոտ կլինեն: Ես ասեմ նաեւ, որ ավելի կեղտոտ ինչ-որ PR եւ ինֆորմացիոն դաշտ մենք կունենանք առաջիկա երկու ամսվա ընթացքում»: Իշխող հանրապետական կուսակցության երեկվա ԳՄ նիստում կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրածների մասով որոշում է կայացվել: Այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի անձով պայմնավաորված, ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացրել նաեւ Արարատի մի քանի գյուղապետեր: Իշխող հանրապետականում այս ամենը համարում են բնականոն գործընթաց: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ սպասվող ընտրություններն առաջինն են սահմանադրական փոփոխություններից հետո եւ վճռորոշ  նշանակություն ունեն: Դրանք նաեւ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում: Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ ընտրությունները կանցնեն միջազգային հանրության բավականին ակտիվ ուշադրության պայմաններում: Ընտրություններում, միաժամանակ, տեխնիկական միջոցների զգալի ներգրավվածություն է լինելու: «Տեսականորեն, երեւի թե, դժվարացնելու են, այսպես կոչված, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը»: Ընտրական քարոզարշավում այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք իրենց քաղաքական ապագան տեսնում են ընդդիմադիր դաշտում, փորձելու են ամենակոշտ հայտարարություններն անել: Այս կարծիքը քաղաքագետ Սերգեյ Մինասյանն արտահայտեց՝ արձագանքելով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանն առնչվող հարցին, թե՝  յուրաքանչյուր բհկական ընտրատեղամասում աշխատելու է որպես մահապարտ՝ ձայները պահելու համար: Նման վճռականության ցուցադրումն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, պայմանավորված է մեկ հանգամանքով.«Այս պահին ոչ միայն Նաիրա Զոհրաբյանի, այլ նաեւ Ծառուկյանի դաշինքին միացող քաղաքական ուժերի գլխավոր խնդիրներից մեկը նաեւ այդ վճռականության ցուցադրումն է, որովհետեւ հասարակության մեջ եւ փորձագիտական դաշտում որոշ կարծիքներ, որոնք որ շատ դժվար է լինելու ինչ-որ ձեւով հերքելը, որ՝ ԲՀԿ-ն կամ Ծառուկյանի դաշինքը գտնվում է ինչ-որ իշխանական ազդեցության տակ»: Այն հանգամանքը, որ 15 թ-ի իրադարձություններից հետո Գագիկ Ծառուկյանը վերադարձել է, դա արդեն իսկ նման մտահոգությունների կամ կասկածների առիթ ստեղծում է: Հետեւաբար, քաղաքագետի ձեւակերպմամբ, այս դաշտում ԲՀԿ-ի ներկայացուցիչները պիտի փորձեն ցույց տալ, որ իրենք ավելի ընդդիմադիր են, քան, այսպես ասած, ավանդական ընդդիմադիր դաշտը: Նրանք աշխատելու են գրեթե նույն ընտրազանգվածի համար պայքարում՝ նկատեց վերլուծաբանը: Արդյոք նույն մտահոգությունները կամ կասկածները կան Սեյրան Օհանյանի դաշինքի պարագայում. Սերգեյ Մինասյանի փոխանցմամբ՝ տվյալ դեպքում նկատում ենք, որ այն հետխորհրդային երկրներին բնորոշ մի քաղաքական ուժ է, որն իր մեջ ներառում է նախկի իշխանավորների, պետական կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրածների, տարբեր պատճառներով հեռացել են իշխանությունից: Այսինքն, նկատելի է, որ այս պարագայում կա նաձնական վճռականություն՝ այդ դաշտում ավելի ակտիվ աշխատելու: Իշխող հանրապետական կուսակցությունում վստահեցնում են, որ իրենք անձերի դեմ չեն պայքարելու, այլ՝ հանուն իրենց գաղափարների եւ նորմալ են վերաբերում, որ կլինեն քաղաքացիներ, նաեւ ազդեցիկ քաղաքացիներ, ովքեր չեն լինի հանրապետականի աջակիցները: Դա նորմալ է, սակայն, այն, որ այդ ամենով հանդերձ Հանրապետականը շարունակում է մնալ խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ ֆավորիտը, դա կասկածից վեր է՝ ասաց կուսակցության մամուլի խոսնակը՝ վստահեցնելով, թե իրենց համամասնական համապետական ցուցակն ու ռեյտինգային ցուցակը լինելու է շատ ներկայանալին եւ  լավ իմաստով ամենաամբիցիոզը:

Հայաստանի հանրային ռադիո